
Գյուղացիները շուկայականից ցածր գներով կստանան պարարտանյութ եւ սերմացու

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին, կազմակերպված եւ առանց խոչընդոտների սկսելու, ինչպես նաեւ հողագործներին օգնելու, նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով այս տարի գյուղացիներին դարձյալ շուկայականից ցածր գներով կհատկացվեն պարարտանյութեր, սերմացու:
Արարատի մարզպետարանի ներկայացրած հայտով ՀՀ կառավարության «Օգնություն հողագործին» շարունակական ծրագրով, մարզին արդեն տրամադրվել են 3260 տ ազոտական, 170 տ կալիումական, 179 տ ֆոսֆորական պարարտանյութեր: Միաժամանակ ներկրվել են 22,4 տ գարնանացան գարու, 9 տ ցորենի, 500 կգ եգիպտացորենի եւ 1 տ առվույտի սերմեր:
Ազոտական պարարտանյութի մեկ պարկը (50 կգ) արժե 6000 դրամ, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութի մեկ պարկը (50 կգ)` 7000-ական դրամ, առվույտի սերմի 1 կգ-ն` 150 դրամ, գարու սերմի 1 կգ-ն` 130 դրամ, ցորենի 1 կգ-ն` 150 դրամ, իսկ եգիպտացորենի սերմի 1 կգ-ն՝ 350 դրամ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ պարարտանյութն ու սերմացուն կբաժանվեն գյուղացիներին` համայնքապետերի կողմից նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա: «Վերջին մի քանի տարիներին հողագործին օգնելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած այս ծրագիրն, իմ կարծիքով, ծառայեց մի կարևոր նպատակի. շուկայում պարարտանյութերի գները կտրուկ իջան:
Եթե նախկինում գարնանն ու աշնանը գներն անհամեմ ատ աճում էին՝ նույնիսկ հասնելով կրկնակի արժեքի, ապա այսօր արդեն ծրագիրը հնարավորություն տվեց շուկայում հստակեցնել գնային քաղաքականությունը»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ հողագործը եթե անգամ պարարտանյութ է գնում խանութից կամ շուկայից, միեւնույն է, դրա գինը քիչ է տարբերվում ծրագրով ներկրվածի գնից:
Հաշվի առնելով, որ այս տարի մկնանման կրծողները բազմացել եւ վնասում են նորատունկ ծառերի արմատներն ու տերեւները, անարգել սողոսկում են դաշտերին մոտ գտնվող բնակարանները, ՀՀ կառավարությունը մարզին տրամադրել է նաեւ 379 կգ «ռոդիֆակում-Ս» թույն, որն անվճար կբաժանվի այն 34 համայնքներին, որտեղ զարգացել են մկնանման կրծողները:
Գյուղացիները մարզի գրեթե բոլոր համայնքներում արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները, խաղողի էտը, ինչին կհետեւեն պտղատու ծառերի մշակման և այգեէտի աշխատանքները:
Լիլիթ Մաճկալյան