Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. Ոստիկանության հայցն անհիմն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը: 2017 թ. մարտի 16-ին կայացած նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները և կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կատարելու վերաբերյալ Ս. Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը և հարակից այլ փաստաթղթեր:
Կարծիք հայտնեց, որ որոշման մեջ հաստատված փաստերը հակասում են գործով ձեռք բերված փաստերին և որ որոշման բովանդակությունից պարզ չէ, թե ինչ ապացույցների հիման վրա են համապատասխան հետևություններ կատարվել: Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց նաև ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը 172.3-րդ հոդվածով լրացնելու մասին օրենքի նախագիծը և դրա հիմնավորումը, որն ստացել էր ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից: Ապացույցների հետազոտման փուլից հետո դատարանն անցավ ամփոփիչ ճառերի ներկայացմանը:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը ՀՀ Ոստիկանության հայցը հիմնավոր համարեց, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժման ենթակա: Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում պնդեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ գոնե այն առումով, որ դրանում խտրական մոտեցում կա, որ վարչական իրավախախտում է համարվում միայն ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին`որպես պետական իշխանության ներկայացուցչին, հասցված վիրավորանքը:
Ոստիկանության հայցի առնչությամբ նշեց, որ թքելը, որի համար պահանջվում է պատասխանատվության ենթարկել Ս. Սիմոնյանին, վիրավորական արտահայտություն չի պարունակում, իսկ եթե նույնիսկ դատարանը գտնի, որ Ս. Սիմոնյանի արարքը զանցանք է, ապա այդ դեպքում պետք է քննարկման առարկա դառնա նրա արարքում մեղքի առկայության հարցը, որի համար կարող են պահանջվել հատուկ գիտելիքներ:
Հիմնավորումներ ներկայացրեց նաև հակընդդեմ հայցը բավարարելու վերաբերյալ՝ նշելով, որ օրինական պահանջը չկատարելու՝ վարչական իրավախախտման հիմքի բացակայության պայմաններում Ս. Սիմոնյանը չէր կարող ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության բաժին, ուստի՝ խախտվել են նրա անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի ու հավաքների ազատության իրավունքները:
Ազատությունը սահմանափակելիս ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացել, չեն ներկայացրել ազատությունը սահմանափակելու հիմքերը և պատճառները, Ս. Սիմոնյանի իրավունքները և ազատությունները: Տ. Սիրադեղյանն անդրադարձավ նաև Ս. Սիմոնյանի նկատմամբ ոչ համաչափ և անհիմն ֆիզիկական ուժի գործադրմանը, նրա նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումներին: Ամփոփիչ խոսքով վերլուծվեցին նաև գործով ձեռք բերված ապացույցները և կարծիք հայտնվեց դրանց արժանահավատության վերաբերյալ: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց մերժել ՀՀ Ոստիկանության հայցը և բավարարել Ս. Սիմոնյանի հակընդդեմ հայցը:
Ս. Սիմոնյանն ամփոփիչ խոսքով նշեց, որ կատարված արարքի արդյունքում իրեն պատճառվել է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ բարոյական և նյութական վնաս: Նա հույս հայտնեց, որ դատավարության արդյունքում կվերականգնվեն իր իրավունքները և իրեն պատճառված վնասները: Դատական ակտը կհրապարակվի 2017 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 17:30-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ