Բաժիններ՝

Վահան Շիրխանյանի նկատմամբ փորձաքննություն նշանակվեց նրա բացակայությամբ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վահան Շիրխանյանի բացակայությամբ որոշում կայացրեց նրա նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Դատարանի որոշմամբ՝ փորձագետներին առաջադրվեցին հետևյալ հարցերը՝ Վահան Շիրխանյանը ներկայումս արդյոք տառապո՞ւմ է դատական քննությանը վերջինիս մասնակցությունը խոչընդոտող որևէ հիվանդությամբ, ի՞նչ հիվանդությամբ, և ինչպիսի՞ն է դրա ընթացքը, եթե առկա հիվանդությունը խոչընդոտում է ամբաստանյալի մասնակցությանը դատական քննությանը, ապա այն ենթակա՞ է բուժման, որքա՞ն ժամանակում և ի՞նչ միջոցառումների արդյունքում է հնարավոր ապահովել Վահան Շիրխանյանի առողջական վիճակի բարելավումը և դատական քննությանը նրա մասնակցելու հնարավորությունը։

Վահան Շիրխանյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունն այսօր ներկայացրեց դատախազ Գևորգ Սարգսյանը։ Միջնորդությունը քննարկվեց այս գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բացակայությամբ։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ դատախազն ասաց, որ, թեև մի քանի նիստ շարունակ քրեակատարողական հիմնարկից համապատասխան տեղեկանքներ, փաստաթղթեր ներկայացվեցին Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ, որոնք իրենց կարծիքով՝ կասկածի տակ դնելու հիմքեր չկան, սակայն Վահան Շիրխանյանը, այնուամենայնիվ, չի ներկայանում դատական նիստերին, և ոտնահարվում են մյուս ամբաստանյալների իրավունքները։

Նա նշեց, որ նիստերն անընդմեջ հետաձգվում են, և այս իրավիճակին վերջնական հանգուցալուծում տալու համար որոշել են միջնորդություն ներկայացնել՝ Վահան Շիրխանյանի ներկայիս առողջական վիճակը պարզելու նպատակով։ Ի դեպ, դատախազը նշեց, որ իր միջնորդությունը թվագրված է մարտի 10-ով, քանի որ այն ցանկացել է ներկայացնել դեռ նախորդ դատական նիստի ընթացքում, որը, սակայն, տեղի չի ունեցել։ Մեղադրողն ասաց, որ Վահան Շիրխանյանն առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ չի ներկայացել արդեն 6-րդ դատական նիստին.

«Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի ներկայիս առողջական վիճակը և դատական նիստերին վերջինիս կողմից մասնակցելու հնարավորությունը պարզելու միջնորդություն է առաջացել, ուստի միջնորդում եմ՝ նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»։

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ միջնորդությունն ակնհայտ անհիմն է՝ թե նկարագրական, թե՛ եզրափակիչ մասում։ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատախազը հայտարարում է, թե Վահան Շիրխանյանը, 6-րդ դատական նիստն է՝ չի ներկայանում նիստի, սակայն, ինչպես նա նշեց՝ կալանքի տակ գտնվող ոչ մի մարդ դատական նիստին չի կարող ներկայանալ կամ չներկայանալ։

«Իրեն կարող են ներկայացնել կամ չներկայացնել։ Եթե այդտեղից սկսած մեղադրողը գրեր իրականությունը, ամեն ինչ կգար իր տեղը։ Եթե գրեր, որ 6-րդ դատական նիստն է՝ պարոն Շիրխանյանին դատարան չեն ներկայացնում, կերևար, որ ակնհայտ անհիմն է այն ամենը, ինչն ինքը հետո միջնորդում է։ Իմ պաշտպանյալը ոչ թե չի կարող դատական նիստին ներկա գտնվել և մասնակցել դատավարությանը, այլ ինքը չի կարողանում գալ այստեղ։ Ապահովեք, որ նրան այստեղ բերեն։ Եթե նա ներկայացվի այստեղ, նա կմասնակցի դատական նիստին։ Ո՞վ ասաց, որ պարոն Շիրխանյանը չի կարող մասնակցել դատական նիստին։ Մեր ո՞ր արտահայտությունից մեղադրողն այդպիսի ենթադրություն արեց ընդհանրապես։ Մենք ասում ենք՝ իրեն այստեղ բերեք, հասցրեք գոնե մինչև դահլիճի դուռը (եթե չեք ուզում, որ այստեղ պատգարակով մարդ լինի, ու հանկարծ տգեղ թվա), այնտեղից ինքը այս 20 մետրը կգա, կնստի»։

Հայկ Ալումյանն ասաց, որ այս միջնորդությունն իր համար անհայտ նպատակներ է հետապնդում, փաստ է միայն, որ, եթե այս միջնորդությունը բավարարվի, դատական նիստը մեկ ամիս չի կարող կայանալ, քանի որ բոլորն էլ գիտեն՝ որքան են տևում հանձնաժողովային փորձաքննությունները. «Մեղադրողն ասում է, որ դատական նիստերն անհարկի ձգձգվում են, ու անում է մի միջնորդություն, որը միտված է այս դատավարությունն էլ ավելի ձգձգելուն»։

Ըստ Հայկ Ալումյանի՝ միջնորդության մեջ առաջադրվում է հարց, որն ընդհանրապես օրակարգում չկա։ Հայկ Ալումյանը հայտարարեց նաև, որ դեռևս պարզ էլ չէ, թե մեղադրողն ինչ լիազորություններով է դատարանում. «Ես գիտեմ, որ կա դատախազ, ես չգիտեմ՝ ինչ լիազորություններով է նա այստեղ, և մեղադրո՞ղն է այս գործով, թե՞ ոչ»։

Փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ներկա փուլում որևէ մեկի կողմից որևէ միջնորդություն չպետք է ներկայացվի այն պատճառով, որ ճշտված չէ որևէ մեկի անձը, դեռ պետք է որոշակի փուլ անցնել, որոշել դատավորի ինքնաբացարկի հարցը, մեղադրողների բացարկի հարցը, պետք է ճշտվի ամբաստանյալների անձը, արդյո՞ք ամբաստանյալների պաշտպաններին վարույթից հեռացնելու հիմքեր կան, թե՞ ոչ, ինչից հետո միայն կարող են անցնել միջնորդության քննարկմանը։

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը պետք է ապահովի, որ դատական քննություն իրականացվի, Վահան Շիրխանյանի ներկայությունը չի ապահովվում, առաջարկվել է նաև առանձնացնել նրա մասը, որպեսզի մյուս ամբաստանյալների իրավունքները չխախտվեն, բայց ոչ ապահովվում է Վահան Շիրխանյանի ներկայությունը, ոչ էլ դատաքննություն է իրականացվում։ «Եթե կալանավորում եք, խափանման միջոցը նպատակին չի ծառայում, փոխեք խափանման միջոցը, մարդն իր միջոցներով՝ մի քանի հոգու կխնդրի, կվարձատրի, ինչ կանի, պատգարակով կբերեն, դատաքննությունը կշարունակվի»,- ասաց նա։

Մեղադրողն էլ նշեց, որ միջնորդության մեջ շատ ճիշտ է նշված, որ Վահան Շիրխանյանը չի ներկայանում։ «Մի մոռացեք, որ արդեն 3.5 ամիս հենց Ձեր պաշտպանյալի պատճառով չեն կայանում դատական նիստերը»,- ասաց նա՝ նշելով, որ 10-ից ավելի մարդիկ անազատության մեջ են գտնվում։

Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ խոստովանեց. «Ասացի՝ այսօր չխոսեմ, բայց չի ստացվում… Այդպես վրդովված խոսում եք, հարգելի՛ մեղադրող, բա այն երրորդ անգամ միջնորդեիք, է՛լի։ Այսօր հանձնարարել են, որ այդ միջնորդությունն անեք… այն ժամանակ անեիք, որ երեք անգամ հետաձգվում էր, կամ ես ներկայացրել էի միջնորդությունը»:

Հայկ Ալումյանն էլ հակադարձեց դատախազին. «Փորձ չանեք՝ ուրիշ ամբաստանյալներին տրամադրել իմ պաշտպանյալի դեմ, փորձ չանեք՝ մեկին մյուսի դեմ տրամադրելով՝ ինչ-որ օգուտներ քաղել մեղադրանքի առումով, ու փորձ չանեք՝ այստեղ հանդես գալ՝ իբրև կալանավորված մեղադրյալների շահերից խոսող սուբյեկտ։ Դուք այն սուբյեկտներից մեկն եք, ում միջնորդության հիման վրա այս մարդկանց հեռախոսազանգերը և տեսակցություններն ակնհայտ անհիմն արգելվել են։ Դուք այն սուբյեկտն եք, ով իրավունք ուներ, այստեղ գտնվողներից շատերի առողջական վիճակից ելնելով կամ մյուս պայմաններից ելնելով, փոխել խափանման միջոցը։ Դուք դա չեք արել։ Եվ հիմա մի փորձեք հանդես գալ՝ իբրև թե մեղադրյալների շահերից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս