Բաժիններ՝

Գևորգ Կոստանյանը՝ ՄԻԵԴ վճիռների և դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին

«Հայաստանը միակ երկիրը չէ, որի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացնում՝ ճանաչելով իրավունքի խախտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ավելացել է Հայաստանի դեմ կայացված վճիռների թիվը։

Գևորգ Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կողմից վճիռներ են կայացվում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների դեմ, ինչպես հին, այնպես էլ նոր ժողովրդավարության երկրների դեմ։ «Այն հանգամանքը, որ ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվում և խախտումներ են ճանաչվում, դեռևս առանձնահատուկ մոտեցում չէ։ Այլ հարց է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է ձեռնարկեն և ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք պետք է նվազագույնի հասցնեն դրանք»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ միջոցներ պետք է ձեռնարկեն բոլոր պետական մարմինները, բայց ամենամեծ դերակատարումը դատական համակարգինն է. «Կապ չունի, թե որ ոլորտում է խախտվում անձի իրավունքը կամ իրացվում։ Բոլոր դեպքերում այդ հարցը քննարկման առարկա է դառնում մեր ներպետական դատարանում։ Մեր ներպետական դատարանն այնպիսին պետք է լինի, որ եթե անգամ որևէ ոլորտում մարդու իրավունքը խախտվել է, դատական պրոցեսի ընթացքում, արդարադատության արդյունքում շտկի այս սխալը։ Պատասխանատվության մեծ բեռը, իհարկե, ընկնում է դատարանների վրա։ Եթե մարզպետարանը, կադաստրը կամ որևէ այլ պետական մարմին այնուամենայնիվ խախտել է մարդու իրավունքը, դատարանը հենց նրա համար է, որ վերականգնի մարդու իրավունքը։ Երբ դատարանը չի վերականգնում, ունենում ենք Եվրոպական դատարանի վճիռներ, որով ճանաչվել է խախտման փաստը»։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների դեպքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Գևորգ Կոստանյանն ասաց, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով ճանաչվում է խախտման փաստը, կարող է հիմք ծառայել կարգապական գործընթաց սկսելու համար, բայց պարտադիր չէ, որ դրա հիման վրա դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվի։ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կարող է կայացվել երկու դեպքում՝ դատավորը թույլ է տվել չարամիտ խախտում, չարամիտ անգործություն, անփութություն։

Խոսելով «Վարդանյանը և Նանուշյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի մասին, որում ՄԻԵԴ-ն անդրադարձել էր ներկայումս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, այն ժամանակ՝ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանի վարքագծին, Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրենք բողոքարկել են որոշումը, սակայն չանդրադարձավ, թե ինչ հիմքով է այն բողոքարկվել։ Բողոքը մերժվել է, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, մինչև հունիս ամիսը կառավարությունը պետք է ներկայացնի վերջնական դիրքորոշում՝ փոխհատուցման ենթակա գումարի հետ կապված։

Գևորգ Կոստանյանը հիշեցեց, որ արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նախարարին միջնորդել է, կարգապահական վարույթ է հարուցվել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ, ով ենթարկվել է պատասխանատվության՝ խիստ նկատողություն, ընդ որում, որոշակի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսի պահումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս