Բաժիններ՝

Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո­-2017» միջազգային փառատոնը

Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո-­2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:  Այդ մասին ՏԱՍՍ-­ին պատմել են ամենամյա կինոստուգատեսի կազմակերպիչները:

Փառատոնի ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ մարտի 26-­ը, ներառում է ավելի քան 30 ֆիլմ: Իրենց աշխատանքները կներկայացնեն աշխարհին դեռեւս անհայտ ռեժիսորներ ԱՄՆ-­ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Թունիսից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բրազիլիայից, Արգենտինայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Հնդկաստանից, Նեպալից եւ Կամբոջայից:

«Նոր ռեժիսորներ» կինոփառատոնը մարտի 15­-ին մեկնարկել է ամերիկացի ռեժիսոր Ջերեմի Ջասփերի «Patti Cake$» ֆիլմով:

Փառատոնն անցկացվում է արդեն 46-­րդ անգամ: Իր հարուստ, գրեթե կեսդարյա պատմության ընթացքում այն մշտապես լայն լսարանին ծանոթացրել է ավելի վաղ քիչ հայտնի տաղանդների հետ, ինչպիսիք են, օրինակ, Պեդրո Ալմոդովարը, Շանտալ Աքերմանը, Քրիսթոֆեր Նոլանը, Լաուրա Պոյտրասը, Սփայք Լին եւ Քելլի Ռայհարդտը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը, ինչպես կարծում են կազմակերպիչները,
«ներկայացնում են համաշխարհային կինոյի ներկան եւ ապագան. նրանք համարձակ ռեժիսորներ են, որոնց աշխատանքները դուրս են գալիս ընդունված շրջանակներից եւ հակասության մեջ մտնում հանդիսատեսների սպասելիքների հետ»:

«Նոր ռեժիսորներ» փառատոնն անցկացվում է Արդի արվեստի թանգարանի եւ Նյու Յորքի Լինկոլն­կենտրոնի կինոհանրակցության աջակցությամբ: Այն արտամրցութային բնույթ է կրում: Ցուցադրության են ներկայացված ֆիլմեր, որոնց վրա աշխատանքն ավարտվել է այս կամ անցյալ տարի, ինչպես նաեւ ոչ մի անգամ չեն ցուցադրվել Նյու Յորքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս