ՄԱԿ-ում Սիրիայի պատերազմի տարելիցը նշել են լռության րոպեով
ՄԱԿ-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում նշել են Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը՝ անցկացնելով լռության րոպե ի նշան համերաշխության բոլոր նրանց հետ, ում զրկանքներ է պատճառել մերձավորարեւելյան երկրի արյունահեղ դիմակայությունը։
Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի անձնակազմը, չնայած մինուսային ջերմաստիճանին, կեսօրին հավաքվել է Գլխավոր ասամբլեայի շենքի առջեւ՝ հանգույցով կապված ատրճանակի՝ հռչակավոր քանդակի մոտ: ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերը ձեռքներին բռնել էին սիրիացի երեխաների լուսանկարներ: Նրանց հեռակա միացել են գործընկերներն ամբողջ աշխարհում, որոնք անցկացրել
են խորհրդանշական լռության րոպե:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մարտի 15-ին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում Սիրիայի պատերազմը որակել է «մեր ժամանակի վատթարագույն հակամարտություններից մեկը»: Նա հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաեւ Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ՝ Ժնեւում ընթացող բանակցությունները հաջող ավարտելու կոչ է արել:
Ինչպես հայտարարել է ՄԱԿի գլխավոր քարտուղարը, Սիրիայում հաշտության ձեռքբերումը «ոչ մայն սիրիացի ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի բարոյական եւ քաղաքական պարտավորությունն է»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: