«Ռուսաստանի հատուկ ծառայությունները վճարել են հանցագործներին». ԱՄՆ-ի դատախազ
Հիշո՞ւմ եք, երբ 2014 թվականին անհայտ հաքերներ Yahoo-ի ավելի քան 500 միլիոն էլէկտրոնային փոստարկղի պարունակությունն էին գողացել: Մի գուցե ձեր փոստը նույնպես գողացված է եղել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները բացահայտել են, որ հանցագործները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու ռուս հաքերներն էին, լրագրողներին պատմել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Մերի ՄքՔորդը.
«Մեղադրյալների թվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու սպա՝ Դմիտրի Դոկուչաեւն ու Իգոր Սեչինը, եւ երկու հանցագործ հաքերներ՝ Ալեքսեյ Բելանն ու Կարիմ Բարատովը»:
Ի դեպ, հաքերներից մեկը՝ Կարիմ Բարատովը, արդեն ձերբակալվել է Կանադայում եւ շուտով Միացյալ Նահանգներ կտեղափոխվի: ՄքՔորդի խոսքով, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար անսպասելի էր բացահայտել, որ ռուսաստանի իրենց իսկ գործընկերները, որոնց հետ ամերիկյան կողմն անմիջական շփման մեջ էր, մասնակցել են այդ հանցանքներին.
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության բաժինը, որի համար աշխատել են մեղադրյալները, նրանք անվանում են տեղեկատվական անվտանգության կենտրոն, կամ՝ կենտրոն-18: Այդ կենտրոնը ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի գործընկերն է հանդիսանում կիբերհանցագործությունների դեմ պայքարում: Այդ բաժնի սպաների մասնակցությունը նշված հանցագործություններում այս հանցանքներն էլ ավելի արտասովոր է դարձնում»:
Ռուսական հատուկ ծառայությունների սպաների մասնակցությունն ամենրիկայն կողմի մոտ կասկած չի հարուցում.
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սպաները պաշտպանել, կառավարել, օգնել եւ վճարել են հանցագործ հաքերներին, որպեսզի նրանք համակարգչային հանցավոր ներխուժումների միջոցով Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից ապօրինի տեղեկություններ հավաքեն»:
Ռուս սպաների եւ իրենց մոտ աշխատող հաքերների կողմից կոտրվել եւ գողացվել է առնվազն 500 միլիոն Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղերի ամբողջ պարունակությունը.
«Մեղադրյալները կոտրել էին Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղեր, որոնք պատկանում էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պետպաշտոնյաներին, զինվորականներին, դիվանագետներին: Նրանց գործողություններն ուղղված էին նաեւ լրագրողների, ֆինանսական ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աշխատակիցների դեմ»:
Մերի ՄքՔորդը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների դեմ գործած հանցագործությունները երբեք անպատասխան չեն մնա: