Բաժիններ՝

Հոլանդական տուր-­օպերատորը դադարեցրել է համագործակցությունը թուրքական ավիաընկերության հետ

Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման հետևանքով հոլանդական «Go Explore» տուր­օպերատորը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հետ: Այս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը:

«Go Explore»-­ի տնօրինության որոշման համաձայն` տուր-­օպերատորի կողմից Հյուսիսային Աֆրիկա կատարվելիք թռիչքների ժամանակ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներն այլևս չեն օգտագործվելու:

Ընկերության սեփականատեր Դենի վան Գելդրոփն այս որոշման առնչությամբ ասել է.

«Կարծում եմ պետք է մի բան ձեռնարկել, երբ մեզ ներկայացնող վարչապետին մեղադրում են նացիստ և ֆաշիստ լինելու մեջ: Մտածեցի` ի՞նչ կարող եմ անել: Նախ և առաջ կարող եմ չգնալ Թուրքիա որպես զբոսաշրջիկ: Իսկ որպես կազմակերպություն՝ որոշեցի չօգտագործել «Թուրքական ավիաուղիներ»-­ը»:

Նա նշել է, որ «Go Explore»­-ի 20-­ամյա պատմության մեջ նման որոշում ընդունվում է առաջին անգամ:

«Մենք տուր­օպերատոր ենք, քաղաքական կազմակերպություն չենք: Սակայն հարցն ինձ դիպավ, դա ազդեց ողջ Նիդերլանդների վրա»,­-նշել է Դենի վան Գելդրոփը:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:

Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:

Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս