![](/banners/BeFunky-design.jpg)
«ԵՄ-ի հետ բանակցություններով որևէ մեկին չենք վնասում». Սերժ Սարգսյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Serj-Sargsyan12.jpg)
«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը Հայաստանին շատ բան կտա»,- աԱյս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախ՝ բարեկամական, դաշնակցային հարաբերություններ: Երկրորդ հերթին՝ բարենպաստ առևտրային ռեժիմ. միայն մեկ օրինակ բերեմ` Հայաստանից ալյումինի փայլաթիթեղի արտահանման համար զրոյական մաքսատուրք է գործում, իսկ Ռուսաստանից այդ մաքսատուրքը 7 տոկոս է»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հիմա մասնակցում է ԵՄ-ի մի քանի ծրագրերում, մասնավորապես «Հորիզոն 2020», ինչպես նաև տարբեր ծրագրեր փոքր ու միջին բիզնեսի, գիտության զարգացման ուղղությամբ և այլն:
«Մենք առաջիկայում ԵՄ-ի հետ կսկսենք առանց վիզային ռեժիմի հաստատման ուղղությամբ բանակցությունները: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ կերպ որևէ մեկին չենք վնասում: Դրանից որևէ մեկին որևէ վատ բան չի լինի: ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը: