
Հարավային Կորեայի դատախազությունը հարցաքննության կկանչի նախկին նախագահ Պակ Կըն Հեին

Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ: Այդ մասին Սեուլում լրագրողներին հայտնել են հսկիչ գերատեսչության ներկայացուցիչները:
«Նախկին նախագահ Պակ Կըն Հեին հարցաքննության կանչելու որոշումը կընդունվի մարտի 15-ին, իսկ նա պատշաճ կերպով իրազեկված է այդ մասին»,-պատմել է հետաքննության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի նախկին ղեկավարին կասկածում են այն բանում, որ նա հանցավոր համաձայնության մեջ է մտել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ՝ մի շարք ընկերություններից խոշոր դրամական գումարներ շորթելու նպատակով:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին:
Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին:
Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:
Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: