Բաժիններ՝

Թիրախավորել ենք Ռուսաստանի Դաշնությունը. թեթև արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումներ են սպասվում

Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման միտումների, առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Արդյունաբերության  զարգացման  վարչության պետ  Արմեն  Եգանյանի հետ:

-Պարոն Եգանյան, ինչպիսի՞ ցուցանիշներ են գրանցվել թեթև արդյունաբերության ոլորտում և որքա՞ն է գործող ընկերությունների թիվը:

-2017 թվականի հունվարին Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել, մասնավորապես հագուստի արտադրության ոլորտում արձանագրվել է 60 տոկոս, իսկ  մանածագործության մասով աճը կազմել է 3.1 անգամ: Ցուցանիշները դրական են, կարծում եմ` տարվա կտրվածքով դինամիկ աճ կունենանք: Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա մոտավոր 80-ից ավելի ընկերություն զբաղվում է հագուստի արտադրությամբ, 20-ից ավելին` մանածագործությամբ, իսկ 30-ից ավելին` կոշիկի արտադրությամբ: Այս տվյալները վեց ամիսը մեկը ճշգրտվում են:

-Վերջին շրջանում կառավարությանը ներկայացվում են զարգացման տարբեր ծրագրեր, ի՞նչ աշխատանքներ են նախատեսված թեթև արդյունաբերության ոլորտում:

-Նախ նշեմ, որ թեթև արդյունաբերությունն արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության գերակա ոլորտ է: Վերջին տնտեսական զարգացումներով պայմանավորված, այո, տարբեր ոլորտների ծրագրեր ներկայացվում են վարչապետին, քննարկվում են նախարարի մոտ: Ի ուրախություն բոլորի, պետք է ասեմ, որ այս տարի թեթև արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումներ են ենթադրվում: Մի շարք ծրագրեր կան նախատեսված, դրանք ենթադրում են ինչպես թելի, կտորի, այնպես էլ վերջնական հագուստի արտադրություն:

Բացի այն, որ կստեղծվեն նոր ընկերություններ, կվերագործակվեն  նախկինում դադարի մեջ գտնվող ընկերությունները: Մի շարք գործող ընկերություններ էլ կընդլայնվեն: Տնտեսական զարգացման ներդրումների նախարարը վերջերս այցելել էր մի ձեռնարկություն, որի պաշտոնական բացումը կլինի առաջիկայում: Այդ ընկերությունը նախատեսում է ստեղծել 300-ից ավելի նոր աշխատատեղեր: Մի խոսքով, այս ոլորտում զարգացումները հուսադրող են:

-Իսկ թվային տեսքով կարո՞ղ եք ներկայացնել, այս ոլորտում, մոտավոր որքա՞ն ներդրումներ են ակնկալվում:

-Այն ներդրումային նախագծերը, որոնք մեր տրամադրության տակ կան, դրանց մասին կարող ենք թվեր նշել, խոսքը գնում է մոտ 40-50 մլն դոլարի ներդրումների մասին: Իհարկե, դա միայն այս տարվա մասին չէ: Օրինակ, կա ընկերություն, որը նախատեսում է 12 մլն դոլարի ներդրում, բայց առաջիկա 2-3 տարիների ընթացքում` կախված, թե ինչ արագությամբ  կարող է նրա բիզնեսը զարգանալ: Բայց առաջիկայում ևս սպասվում են նոր նախագծեր, նոր ներդրումներ:

-Սպասվող ներդրումների բաշխվածությունն ինչպիսի՞ն է, մարզերը որքանո՞վ են ներառված:

-Ներդրումները հիմնականում մարզերում են, իհարկե, Երևանը նույնպես առկա է: Այսինքն՝ կենտրոնացած չենք մեկ տարածքի վրա: Այն ընկերության մասին, որ նշեցի, բացումը սահմանամերձ հատվածում է լինելու: Ընկերությունն արտադրելու է հագուստի տարրեր:

-Ոլորտի ընկերությունների հետ հանդիպումներում ի՞նչ հարցեր են բարձրացվում, խոսվում է այն մասին, որ շուկան փոքր է, արտաքին շուկա դուրս գալու համար էլ ճանապարհների խնդիր կա:

-Ճիշտն ասած, ես կոնկրետ չեմ գնահատում, որ թեթև արդյունաբերության առումով շուկան փոքր է: Համեմատության մեջ միգուցե, բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտի համար կա զարգանալու պոտենցիալ: Այստեղ թեթև արդյունաբերական բավական արտադարանք է ներկրվում, եթե մեր ընկերությունները կարողանան մրցունակ ապրանք արտադրել, ապա կարող են տեղական շուկան գրավել, և դա լուրջ խթան կլինի ընկերությունների զարգացման համար: Նման քաղաքականություն փորձում ենք իրականացնել` նպաստելով, որ ընկերություններն իրենց արտադրանքը դարձնեն ավելի մրցունակ:

Դրանից բացի, քանի որ ավելի մեծ զարգացում հնարավոր է արտահանմամբ, ապա մենք այդ համատեքստում գերակա ոլորտ ընտրել ենք հենց թեթև արդյունաբերությունը: Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, վառ օրինակ է ՅՈՒՆԻԴՕ-ի ծրագիրը, որի հիմքում կարողությունների զարգացումն է, միազգային շուկա դուրս գալը: Այս ծրագրի առաջին փուլը հաջող է անցել, այժմ երկրորդ փուլն է:

-Ոլորտի գործարարները նշում են, որ տեղական արտադրության զարգացման գործում խնդիր է հումքը սահմանային հատվածում նույն մաքսային արժեքով դիտարկելը, ինչը արվում է պատրաստի ապրանքի ներկրման դեպքում:

-Ես համաձայն եմ ձեզ հետ, նման խնդիրներ կան հսկիչ գների կիրառման մեխանիզմների հետ կապված: Ներկայումս կառավարությունը քննարկում է այդ հարցը, նոր մոտեցումներ կկիրառվեն, բայց ասեմ, որ դա ավելի շատ փոքր խմբաքանակով ներկրվող հումքատեսակների համար է: Օրենսդրությամբ ունենք մոտեցումներ ներկրվող սարքավորումների, որոշ հումքատեսակների հետ կապված: Օրինակ, սարքավորումների համար հնարավորություն ունենք 3 տարի հետաձգելու ԱԱՀ-ը, որը նույնպես բավական լուրջ օժանդակություն է: Որոշ հումքատեսակի դեպքում սահմանին ԱԱՀ չի գանձվում, այլ գանձվում է մեկ տա րի հետո: Ինչպես տեսնում եք տարբեր մեխանիզմներ կիրառվում են, կառավարության կողմից վարվող քաղաքականությունը միտված է էլ ավելի գործընթացը պարզեցնելուն, բիզնեսի համար էլ ավելի նաստավոր պայմաններ ստեղծելուն:

-Դուք նշեցիք, որ տեղական շուկայում պոտենցիալ կա: Ի՞նչ ծրագեր կան թեթև արդյունաբերության ոլորտի տեղական արտադրանքը գովազդելու համար: Կարծես թե, քիչ է գովազդվում:

-Թերևս համաձայն եմ ձեզ հետ, որ քիչ է արվում, բայց կառավարության կողմից հաստատված ծրագրերում հենց թեթև արդյունաբերության ոլորտում ունենք նախատեսած միջոցառումներ` ուղղված տեղական արտադրության գովազդին: Միգուցե պետք է ակտիվ լինել, բայց, գիտեք, ակտիվությունը պետք է բացառապես կառավարության միոցառումներով չլինի, մասնավորը նույնպես պետք է աշխատի, փորձի էլ ավելի ագրեսիվ մուտք գործել տեղական շուկա: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել` ամենակարևորը մրցունակ ապրանք ունենալն է: Ի դեպ, մենք ունենք հաջողված ըկերություններ, որոնք իրենց տեղն ունեն տեղական շուկայում, և տեղական արտադրությամբ ինչ-որ չափով դուրս են մղել ներկված ապրանքներին: Եթե նայենք գուլպեղենի դինամիկան, ապա կտեսնենք, որ այն արդեն քիչ քանակով է ներկրվում, տեղական արտադրանքն է գրավում շուկան:

-Նշեցիք, որ արտահանման քաղաքականությունը թիրախային եք համարում, ո՞ր երկրներն եք թիրախավորել:

– Թիրախավորել ենք Ռուսաստանի Դաշնությունը: Դեռ խորհրդային տարիներին ռուսական շուկայում մեր թեթև արդյունաբերության արտադարանքը բավական ճանաչված է եղել, մենք ներկայում փորձում ենք վերականգնել դա, այնտեղ դեռ կա մեծ սեգմենտ, որը կարող ենք զբաղեցնել: Իհարկե չենք մոռանում նաև այլ ուղղությունների մասին: Նպատակ ունենք մեր արտադանքը տարբեր երկրներ արտահանել, արտահանման գործընթացը դիվերսֆիկացնելը կարևոր է:

Այդ ուղղությամբ դիվանագիտական կառույցները նույնպես աշխատում են: Դանիայում մեր դեսպանի ջանքերով առաջիկայում նախատեսում ենք այնտեղից հրավիրել գործարարների խմբի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս