«Մեր նպատակը շատ ավելի բարձր է, քան նախընտրական պայքարը, առաքելություն է». Արամ Մանուկյանը՝ խաղաղության ծրագրի մասին
Այսօր Երևանի Արաբկիր համայնքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ տարածքային թեկնածուները շրջում էին փողոցներով ու բաժանում դաշինքի ծրագիրը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիների արձագանքը նորմալ է, գրեթե չկա դեպք, որ մարդիկ չվերցնեն խաղաղության ծրագիրը կամ վատ արձագանքեն։ Ա.Մանուկյանին մի քանի հարց ուղղեցինք
– Պարոն Մանուկյան, ինչի՞ մասին է խոսում քաղաքացիների այս ակտիվությունը։
– Իհարկե, չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց Արաբկիրն ամենաքաղաքականացված, ամենամտավորական թաղամասերից է։ Այստեղ միշտ է այդպես եղել, ամեն ընտրության ժամանակ ես 1000-3000 տուն եմ մտել, նախ՝ ճանաչում են, տեսել են իմ 5 տարվա աշխատանքը, շատ դրական արձագանքներ եմ միշտ ստացել, բացի այդ, որևէ մեկի նկատմամբ, ինչ կուսակցության անդամ էլ նա լինի, դրական է մեր մոտեցումը, քաղաքավարի ու հարգանքով։ Այդ առումով Արաբկիրում հեշտ է աշխատելը։
– Եվ ի՞նչ հույսեր ունեք։
– Բարձր տոկոսի, մանավանդ մեր տակտիկան, ես կարծում եմ, ճիշտ է։ Մենք բոլոր թեկնածուներով՝ ուս ուսի տված, ցույց ենք տալիս, որ մենք թիմ ենք, որ մեր նպատակը շատ ավելի բարձր է, քան՝ նախընտրական պայքարը, առաքելություն է։ Երբ դու բարձր ես կանգնում ու քաղաքացուն չես համոզում, թե՝ ինձ ձայն տուր, ես լավն եմ, այլ ասում ես՝ խնդրում եմ, գնա խաղաղության համար աշխատի, ընկալելի և ընդունելի ես դառնում, և դու իրեն չես ճնշում քո անձով, ինքը կամ կգա, կամ չի գա, ինքն այս դեպքում ավելի ազատ է։ Իսկ երբ ասում ես՝ ես լավ տղա եմ, ինձ քվեարկիր, արդեն իրեն դնում ես կապանքի մեջ։ Հիմա ընդամենը տալիս ես մտածելու առիթ։ Այդ տակտիկայի առումով, մենք, կարծում եմ՝ ճիշտ ենք վարվել։ Արդեն 10 օր է՝ մենք պտտվում ենք հանրապետությունում, չի եղել մի դեպք, մի տեղ, որ մեզանից որևէ մեկը խոստում տա, այն նախընտրական մեծ, սիրուն խոստումներից, որ տալիս են։
Ոչ, այս անգամ գտել ենք, որ կա մարտահրավեր, ու դա Հայաստանի առջև կանգնած մարտահրավերն է, և այդ խնդիրը պետք է լուծվի։ Ժողովուրդը դա լավ ընկալում է, որ մեծ խնդիր է դրված, ոչ թե փոքր։
– Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ չափազանց մեծ համախմբում եղավ, և բոլորի մտքում միայն Արցախն էր։ Այս օրերին դա դեռ պահպանվո՞ւմ է, և այդ համատեքստում խաղաղության ծրագիրն ինչպե՞ս է ընդունվում։
– Այո, անշուշտ, դա բոլորի վրա ազդեց, ինչպես նաև մեր վրա ազդեց։ Դա պատահական բան չէր, էպիզոդ չէր այդ 4 օրը, դա վերջին 20 տարվա զարգացումների տրամաբանական օղակն էր, որը շարունակվելու է։ Եվ դա է մեզ խիստ մտահոգում, դրա համար է, որ նախընտրեցինք այս ծրագրով գնալ ընտրությունների, խոստովանեմ, և դրա համար է, որ նույնիսկ կարող է քննադատելի լինի, բոլորի համար ընկալելի ծրագիր չլինի, մարդիկ կան, որ ակնհայտ հակառակ կարծիք ունեն, բայց մենք ռիսկով գնացինք դրան, որովհետև, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, եթե մենք ճշմարտությունը չասենք, էլ ո՞վ կասի։ Եվ դու պատասխանատվություն ես զգում, որովհետև գիտես, որ դժվար բան ես ասում ժողովրդին, տալիս ես թեմա, հնարավորինս բացատրում, որոշումն ինքը կկայացնի։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ եռանախագահները, ասում են՝ ձեր ժողովրդին տարեք խաղաղության, երկու ժողովուրդների զարգացման ճանապարհը խաղաղությունն է։
Ես կուզեի, որ Հայաստանը սպիտակով քայլ անի և նախաձեռնողը լինի։ Հայաստանը շահելու է հենց դրա համար, որ ինքը նախաձեռնողն է, քանի որ ակնհայտ երևում է, որ եռանախագահներն օղակն ավելի են նեղացնելու, և խնդիրը պետք է լուծվի տեղում։ Եվ ով նախաձեռնեց, նա շահող է դուրս գալու։ Այսինքն՝ Ադրբեջանն այս առումով կընկնի ավելի անհարմար վիճակի մեջ։ Ասում են՝ ինքն ագրեսիվ է, չի պատասխանի, կհարձակվի, վստահելի չէ…
Ճիշտ է սա, բայց սրանով դու զսպում ես նրան, որովհետև, եթե եռանախագահությունն ասում է՝ գնա այս ծրագրին, ու դու համաձայնում ես, գնում ես ընդառաջ, իսկ ինքը չի գնում, դու ձեռք ես բերում համախոհներ։
– Արդյոք ընտրական գործընթացում այդ գաղափարն արդյունավե՞տ է։
– Այո, համենայն դեպս, ես ձեզ ասեմ, որ դեկտեմբերի 17-ից հետո ակնհայտ փոփոխություն է եղել և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների, և՛ եվրոպացիների մոտ՝ դեպի այս ծրագիրը։ Իրենք սկսեցին ավելի համարձակ խոսել այս ծրագրի անհրաժեշտության մասին։ Մինչ այդ մի քիչ ավելի զգուշավոր էին։ Այսինքն՝ փոփոխություն կա նաև Հայաստանից դուրս։