«Արտերկրում աշխատելու առաջարկներ եղել են, բայց մենք ուզում ենք երաժշտական հեքիաթները մեր երկրում ստեղծել»
«Ռոք ասոցիացիայի», Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ մարտի 24-26-ը Երևանում կանցկացվի «Music Drive» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան 20-ից ավելի խմբեր: Փառատոնի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց «Ռոք ասոցիացիայի» նախագահ, «DOGMA» ռոք խմբի բաս-կիթառահար, պրոդյուսեր Վարդան Գրիգորյանի հետ:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում «Music Drive» միջազգային փառատոնը:
-Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքում հետաքրքիր տողեր կան, երբ Ռոբինզոնը ափին նավ է սարքում, որ հետո ծով իջեցնի, բայց չի հաջողվում, նա ասում է. «Ծովը կբերեմ դեպի նավը»: Երաժիշտ եմ և իմ գործունեության ընթացքում միշտ փորձել եմ Հայաստանում համապատասխան միջավայր ստեղծել երաժշտության զարգացման համար: «Dogma» խմբի հետ հաճախ էինք փառատոններ և համերգային ծրագրեր կազմակերպում: Սկզբնական շրջանում ընդգրկում էինք տեղի տարբեր խմբերի, այնուհետև՝ արտերկրում ստեղծագործողներին, սակայն միշտ հակված էինք միջազգային փառատոն կազմակերպելուն, որը մեկ հարթակում կմիավորեր հայաստանյան և արտասահմանյան խմբերի, որ երաժշտական դաշտն ավելի ակտիվ շնչեր: Այդ նպատակով դիմեցի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Հաճելի է, երբ դիմացինդ առաջին հերթին մարդ է, նոր պաշտոնյա:
Հայաստանում գործող երաժիշտներս շատ ենք ոգևորվում, երբ համագործակցում ենք աշխարհի տարբեր բեմերում ելույթներ ունեցած և մեծ փորձ ձեռք բերած խմբերի, անհատ կատարողների հետ: Նրանց հետ առնչվելիս ստեղծագործելու, առաջ շարժվելու ազդակներ ենք ստանում: Հայերս եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն ենք, և երբ բարձրաձայնում ենք, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել, պետք է հստակ հասկանանք, որ մենք էլ աշխարհին ասելիք ունենք:
-Մասնակիցները քանի՞սն են և ո՞ր երկրներից:
– Արտերկրից Հայաստան է ժամանելու ութը խումբ: ԱՄՆ-ից մասնակցելու է «Human Element»-ը, որում նվագում է Գարի Նովակը, ով համագործակցել է Ջորջ Բենսոնի, Ալանիս Մորիսեթի և այլ նշանավոր կատարողների հետ: Այդ խմբում է նաև հայազգի Արտո Թունջբոյաջյանը: Շվեդիայից գալու է «Anekdoten» ռոք խումբը. նրանք պրոգրեսիվ ռոք են նվագում, Իսլանդիայից՝ «Agent Fresco»-ն, Ֆրանսիայից՝ «Corpo-Mente»-ն, Դանիայից ՝«Saturnus»-ը, «Antimatter»-ը՝ Անգլիայից, «Authentic light orchestra»-ն՝ Շվեյցարիայից և «Theodor Bastard»-ը՝ Ռուսաստանից: Փառատոնին մասնակցող խմբերը ներկայացնել ու են միայն իրենց հեղինակային երգերը. դա բոլոր հեղինակավոր փառատոնների պահանջն է:
Մարտի 24-ին և 26-ին ելույթ կունենան հայաստանյան այն խմբերը, որոնք երկար ստեղծագործական ճանապարհ են անցել, ունեն ձայնասկավառակներ, հեղինակային երգեր: Դրանք են «Time report»-ը, «DOGMA»-ն, «Artsruni progressive music art»-ը, «The beautified project»-ը, «Empyray»-ը, «Ոստան հայոց»-ը: Բեմում աշխատելու են 7-8 տեխնիկական մասնագետներ, լինելու է կենդանի հնչողություն և հնչյունի բարձր որակ: Մարտի 25-ին ակումբներում, բացօթյա բեմերում հանդես կգան բազմաթիվ այլ խմբեր: Կարծում եմ՝ գեղեցիկ տոն կլինի բոլորի համար, և երաժիշտների հետ զրուցելու, հաղորդակցվելու հնարա վորություն կստեղծվի:
-Տարբերություններ կա՞ն Հայաստանում և արտերկրում գործող խմբերի միջև:
-Գերմանիայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում գործող խմբերը և անհատ կատարողները չափազանց շատ են շրջագայում հենց իրենց երկրներում ու հսկայական փորձ են ձեռք բերում: Մեզ մոտ անգամ Երևանում մեկ համերգ կազմակերպելն է դժվար. բախվում ենք ֆինանսական, տեխնիկական և այլ խնդիրների, իսկ եթե որոշում ենք Ղափանում կամ այլ քաղաքներում հանդես գալ, խնդիրն ավելի է բարդանում:
-Բազմաթիվ ռոք երաժիշտներ նշում են, որ ռոքը պայքար է, ապրելու կերպ: Իսկ ձեզ համա՞ր…
-Երաժշտական բոլոր ոճերում էլ կարող է պայքար լինել: Ռոքն առաջին հերթին երաժշտություն է, ժամանակային արվեստ, մշակույթ: Այն գոյություն ունի ավելի քան հիսուն տարի: Որպես քաղաքացի ես ունեմ իմ դժգոհությունները, սոցիալական խնդիրները, բայց պարտադիր չէ այդ ամենն արտահայտել երգերում: Ռոք երաժշտությամբ նույնպես կարելի է երգել սիրո, լեռների, գեղեցկության և այլ արժեքների մասին: Եթե սահմանափակում ես քեզ, լավ գործ ստեղծել չես կարող. պարզապես 60-ականներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ, առաջ եկավ հիպիների շարժումը, որը ռոքի միջոցով պայքարում էր պատերազմ ի և մարդու ազատությունը կաշկանդող երևույթների դեմ:
-Ներկայումս ինչո՞վ է զբաղվում «DOGMA» խումբը:
-Խումբը ներկայումս անում է ամեն բան փառատոնին հավուր պատշաճի ներկայանալու համար: Այս փառատոնի ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել: Երբ դու ասելիք ունես, շատ բան ես տեսել, շատ բանի միջով ես անցել, չես կարող վերադառնալ նկուղային հարկ և նույն ոգով շարունակել աշխատել: Մարդն աճել է ցանկանում:
Արտերկրում աշխատելու առաջարկներ եղել են, բայց մենք ուզում ենք երաժշտական հեքիաթները մեր երկրում ստեղծել: Մի բան հաստատ գիտեմ, որ ցանկանում ենք Հայաստանում մնալ ու ստեղծագործել:
-Ձեր շնորհիվ Հայաստան են եկել այնպիսի հայտնի երգիչներ և երաժիշտներ, ինչպիսիք են Ջո Քոքերը, Յաննին, Յան Գիլանը, «System of a Down»-ը, «Deep purple»-ը և այլն: Հետագայում կարո՞ղ ենք այլ հանրաճանաչ կատարողների սպասել:
-Նման կատարողներ ու խմբեր հրավիրելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Հեռանկարում կոնկրետ ծրագրեր չկան: Կրկին անդրադառնամ կայանալիք փառատոնին և նշեմ, որ մենք կհյուրընկալենք խմբերի, որոնք վերը թվարկվածների հռչակը չունեն, սակայն որակյալ երաժշտություն են ներկայացնում: Վստահ եմ, որ այս փառատոնի հաջողությամբ մեր հարևան վրացիները կուրախանան: 2010-2011 թվականներին վրացի երաժիշտները հաճախ էին գալիս Հայաստան, համերգներ տալիս: Նրանք մեզ հյուր գալու նոր հնարավորություն կստանան:
Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի