«Վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով վարկային տույժերի ամբողջությամբ համաներումն իրատեսական է». Մեսրոպ Առաքելյան
«Մեր ծրագրերը չափելի են և առարկայական»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով դաշինքի տնտեսական դրույթները։
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ներկայիս տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ-ում ձևավորվել է վստահության ճգնաժամ, ինչի արդյունքում առկա է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացում, բնակչության զգալի մասն ունի բարեկեցության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ, մեկ միլիոնից ավելի աղքատ բնակչություն։
«Դաշինքի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ հաշվի առնելով նշածս խնդիրները։ Առաջարկում ենք 15 առաջնահերթ կետերի իրականացում, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ առաջարկում ենք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում, էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազում, փոքր բիզնեսի համար 3 տարի հարկային արտոնությունների տրամադրում՝ բոլոր հարկատեսակների գծով, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով վարկային տույժերի ամբողջությամբ համաներում։
Նշված ծրագրերը չափելի են, առարկայական և կարճ ժամկետում իրականացվող։ Այս տարվա ընթացքում արդեն հնարավոր է որոշակի բարեկեցության ապահովում, որը հնարավորություն կտա տնտեսությունում որոշակի աշխուժություն նկատել։ Իսկ ընդհանուր տնտեսական ծրագրի շրջանակում մենք վստահ ենք, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ձևավորվելիք քաղաքական թիմը կունենա քաղաքական այնպիսի կամք, որը աշխատանքի արդյունքում կձևավորի վստահության այնպիսի մթնոլորտ, որ սկսկած հասարակ սպառողից, որն այսօր հետաձգում է իր ծախսերը, քանի որ ամբողջ երկրում տիրում է բացասական սպասումների մթնոլորտ, ինչպես նաև խոշոր ներդրողներ, Հայաստանում կունենան հնարավորություն ակտիվորեն զբաղվել բիզնես գործունեությամբ։
Մենք ակնկալում ենք տարեկան նվազագույնը 6 % ՀՆԱ աճ, նաև մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում հարկային համակարգի և օրենսդրության բարեփոխումներ, որոնք նույնպես կնպաստեն ներդրումների աճին, բարեկեցության բարձրացմանը»,- մանրամասնեց Մեսրոպ Առաքելյանը։
Վերջինիս խոսքով՝ ծրագրերում ունեն ոլորտային ուղղվածությամբ գյուղատնտեսության հետ կապված՝ գյուղատնտեսության վարկերի համաներման առաջարկ, որում պետք է նաև պետությունն ունենա իր մասնակցությունը՝ հնարավորություն տալով բանկերին որոշակի փոփոխությունների արդյունքում նույնպես ընդառաջ գնալ այդ խնդրահարույց վարկերի կարգավորմանը, և նաև սոցիալական ոլորտում նվազագույն աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակների բարձրացում։ Մաքսային ոլորտում, բանախոսի փոխանցմամբ, առաջարկում են հսկիչ գների կիրառման վերացում։