
«Մենք բոլորին փորձում ենք ապացուցել, որ արևային ջրատաքացուցիչներ, պանելներ չտեղադրելը տրամաբանական չէ»

Հայաստանում ֆոտովոլտային պանելների արտադրությունն արդեն իրականություն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն ասաց, որ արդեն ապրիլին կլինի արտադրության բացումը: «Կառավարությունը հաստատել է ներդրումային ծրագիրը»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Հայաստանում արեւային էներգիայի ոլորտում ներդրումներ տեսնում ենք ամեն օր:
Հարությունյանի խոսքով` արեւային էներգիայի ոլորտում ռեալ հեռանկարներ կան: «Մենք բոլորին փորձում ենք ապացուցել, որ արեւային ջրատաքացուցիչներ, պանելներ չտեղադրելը տրամաբանական չէ»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը նշեց, որ շուկայում մրցակցության ավելացման հետ մեկտեղ արեւային տեխնոլոգիաների արտադրություն կիրականացվի նաեւ Հանրապետությունում: «Մենք պետական քաղաքականությամբ, օրենսդրական դաշտով ամեն ինչ անում ենք, ոլորտը հնարավորինս ընդլայնելու համար»,-հավելեց Հարությունյանը: