
Ժնևում բացված Միջազգային ավտոսալոնում շուրջ 150 նորույթ է ներկայացվել

Ժնեւը 11 օր կլինի համաշխարհային ավտոմոբիլաշինության մայրաքաղաքը. այստեղ բացվել է 87-րդ Միջազգային ավտոսալոնը: «Պալէքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեխնիկական եւ դիզայներական նվաճումների այս հեղինակավոր ամենամյա ստուգատեսում ներկայացված են շուրջ 900 ավտոմոբիլներ եւ դրանց աքսեսուարներ, 148 համաշխարհային եւ եվրոպական նորույթներ:
Իրենց արտադրանքը Շվեյցարիա են բերել շուրջ 180 խոշորագույն ավտոմոբիլային ընկերություններ: Կազմակերպիչները վերստին, ինչպես եւ անցյալ տարի, «ՊալԷքսպո»-ում սպասում են շուրջ 700 հազար այցելուների: Ժնեւի սալոնը մտնում է աշխարհում խոշորագույնների հնգյակը. այն անցկացվում է գարնանը՝ լինելով շուկայի վիճակի կարեւոր ցուցիչը եւ սահմանելով միտումները մինչեւ տարեվերջ:
Այցելուների հիմնական ուշադրությունը կենտրոնացված է 126 ավտոմոբիլների վրա, որոնք հայտարարված են որպես եվրոպական եւ համաշխարհային պրեմիերաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: