«Ադրբեջանում դրան չեն գնա, քանի որ վախ կա…». Արտյոմ Տոնոյան
Ռուսական մամուլում վերջին օրերին քննարկվում է Ադրբեջանի կրոնական ուղղության խնդիրը: Մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը վերադառնում է իսլամի սուննիական ուղղությանը, որպեսզի հեռանա Իրանից և էլ ավելի մերձենա Թուրքիայի ու Ղազախստանի հետ:
168.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նկատեց, որ Ադրբեջանի բնակչության մոտ 85%-ը շիայադավան է, ու թեև ալիևյան վարչակարգը վախենում է շիայական հոգևորականների ազդեցությունից, բայց Ադրբեջանի կողմից՝ իսլամի սուննիական ուղղությանն անցնելը, ըստ նրա՝ չափազանցված է.
«Իրականում, իհարկե, Իրանի հետ կապված խնդիրներ կան, և այդ խնդիրների փաթեթի մի մասը կապված է հենց կրոնական հանգամանքների հետ: Ադրբեջանի բնակչությունը շիայադավան է, իսկ Իրանի պետական կրոնը շիայական ուղղության իսլամն է, ավելին՝ այնտեղ աստվածապետական համակարգ է: Եվ այս համատեքստում, իհարկե, Ադրբեջանում վախենում են իրանական ազդեցությունից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 200 տարի առաջ Ադրբեջանի տարածքը գտնվում էր Իրանի հսկողության ներքո, և տարածքի բնակչությունն աչքի էր ընկնում իրանական ինքնությամբ: Եվ միայն ցարական կայսրության նվաճումից՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, տարածքը հայտնվում է ռուսական ազդեցության գոտում:
Եվ Իրանից, այսպես կոչված՝ պատմական հայրենիքից, անջատելու համար, տարվում է նաև իսլամի շիայական ուղղության հիմքերը թուլացնելու քաղաքականություն, և դա շարունակվում է մինչ օրս»:
Իրանագետի խոսքով՝ ալիևյան վարչակարգն իրապես վախենում է շիայական հոգևորականների ազդեցության ուժեղացումից, որովհետև այսօր միակ ուժը, որ առկա է Ադրբեջանում և կարող է կազմակերպել ցույցեր ու փողոց դուրս բերել մարդկանց, նրա խոսքով՝ շիայադավան հոգևորականներն են. «Այսօր Ադրբեջանի տոտալ բռնատիրության պայմաններում չկա որևէ այլ ուժ, որ ի վիճակի լինի, օրինակ՝ կազմակերպել զանգվածային ժողովրդական ցույցեր: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ադրբեջանում ձգտում են երկիրը փոխել դեպի իսլամի սուննիական ուղղությունը, մի փոքր չափազանցված է:
Իհարկե, Ադրբեջանի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ հյուսիսային հատվածներում՝ Ռուսաստանի սահմանակից գոտիներում, առկա է սուննիադավան բնակչություն, սակայն ինչ-որ հատուկ շեշտադրում ադրբեջանական իշխանությունների կողմից՝ սուննիադավանության ուժեղացման, չի կարելի արձանագրել:
Իհարկե, ցանկացած միջոց, որը կարող է թուլացնել, մեղմել շիայադավան հոգևորականության կամ բնակչության ունեցած ազդեցությունը, կարող է օգտագործվել, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանում դրան չեն գնա, քանի որ վախ կա, որ ամեն դեպքում սալաֆիական և վահաբիական ուղղությունները կարող են գլուխ բարձրացնել, իսկ դրանք աչքի են ընկնում ծայրահեղ հայացքներով, ինչը, իհարկե, ցանկալի չի լինի Ադրբեջանի համար»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանի համար, այսպես ասած՝ ամենաօպտիմալ տարբերակն այս դեպքում թյուրքական ինքնության վրա շեշտադրումներ կատարելը կլինի. ««Թյուրքախոս պետությունների միավորում» անվանումով կազմակերպություն կա, որին անդամակցում են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Ղազախստանը, և այս առումով՝ Ադրբեջանում ավելի շատ կցանկանան շեշտը դնել ազգային ինքնության ուժեղացման վրա: Այսինքն՝ թուլացնելով կրոնական ինքնության խնդիրը՝ ուժեղացնել ազգային ինքնության գործիքը»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում իրանաադրբեջանական հարաբերություններին, ապա, Ա. Տոնոյանի խոսքով՝ Իրանի հոգևորականների կողմից Ադրբեջանի հասցեին ուղղված քննադատություններ են հնչում, ինչը պայմանավորված է Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններով. «Իսրայելի վարչապետի այցով Ադրբեջան՝ նոր հարաբերությունների փուլ սկսվեց երկու երկրների միջև: Մինչև այդ բավական ջերմ խոսում էին եռակողմ-քառակողմ համագործակցության մոդելներից: Բայց այդ ամենն ի չիք է դառնում, քանի որ տեսնում ենք, որ խնդիրներ կան Իրան-Թուրքիա հարաբերություններում, մյուս կողմից նաև՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, մասնավորապես՝ Իսրայելի հետ հարաբերությունների սերտացման պարագայում:
Մյուս կողմից՝ Ադրբեջանն է դժգոհ Իրանից՝ նախագահի մակարդակով Հայաստան այց կատարելու համար: Այս համատեքստում արձանագրված որոշակի դրական ֆոնն ի չիք է դառնում, եթե դիտարկենք այն զարգացումները, որ տեղի ունեցան առնվազն վերջին երկու-երեք ամիսների ընթացքում»: