Հունվարյան աճի մանրամասները

10 օր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվարի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել էր 6.5%։

Ինչպես նշել ենք, մեկ ամսվա, առավել ևս` հունվարի (որի առաջին 10 օրերը ոչ աշխատանքային են եղել) ցուցանիշների հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ անելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն 6.5%-անոց աճը շատերին լավատեսություն է ներշնչել, որ այս տարի կարող է տնտեսական աճի նորմալ ցուցանիշ գրանցվել։

Խնդիրն այն էր, որ 10 օր առաջվա տվյալներն ամբողջական չէին, կամ, ինչպես ԱՎԾ-ն է նշում` նախնական էին (շտապ հավաքագրված)։ Դրանցից երևում էր, որ տնտեսական ակտիվությունն աճել է հիմնականում երկու ճյուղերի` արդյունաբերության և ծառայությունների աճի հաշվին։ Սակայն, թե ինչով է պայմանավորված այդ ճյուղերի աճը (ինչը կարևոր հանգամանք է), չէր մանրամասնվում։

3 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց նաև մանրամասն ցուցանիշները։ Դրանցից երևում է, որ արդյունաբերության ոլորտի 12.2%-անոց աճը գրանցվել է հիմնականում մշակող արդյունաբերության տպավորիչ` 19.4%-անոց աճի հաշվին։

Ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի հունվարին կազմել է 108.1 մլրդ դրամ, այդ թվում` մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը` 53.6 մլրդ դրամ։

Իսկ մշակող արդյունաբերության մեջ ամենազգալի աճը գրանցվել է խմիչքների արտադրության ուղղությամբ. այս տարվա հունվարին արտադրվել է 7.3 մլրդ դրամի խմիչք, որը 70%-ով գերազանցում է 2015-ի հունվարի ցուցանիշը։ Սննդամթերքի արտադրության ծավալն աճել է 8.2%-ով և կազմել 16.8 մլրդ դրամ։ Հիմնային մետաղների արտադրության ծավալներն աճել են 24.5%-ով և հասել 13.2 մլրդ դրամի։ Կան մշակող արդյունաբերության այլ ուղղություններ, որտեղ աճն ավելի զգալի է եղել, օրինակ, մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 3.1 անգամ, էլեկտրական սարքավորանքի արտադրությունը` 2.5 անգամ։ Սակայն դրանց արտադրության ծավալը փոքր է և ընդհանուր աճի վրա մեծ ազդեցություն չի թողել։

Այսինքն, մշակող արդյունաբերության աճին նպաստել են հիմնական 3 ճյուղեր` խմիչքների, սննդամթերքի և հիմնային մետաղների արտադրությունը։

Սակայն ընդհանուր արդյունաբերության ոլորտի աճին նպաստել է նաև մեկ այլ ուղղություն` էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը։ Հունվարին գրանցվել է 11.3% աճ, ծավալը` շուրջ 30 մլրդ դրամ։ Այդ թվում` հունվարին մատակարարվել է 7.7 մլրդ դրամի բնական գազ, որը 27.6%-ով շատ է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից։ Այս աճը պայմանավորված է ցուրտ եղանակով։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, ապա այստեղ անկում ունենք։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքը հունվարին նվազել է 2.8%-ով և կազմել 22.6 մլրդ դրամ։ Այդ թվում` մետաղական հանքաքարի արդյունահանումը նվազել է 3.1%-ով և կազմել 22.5 մլրդ դրամ։

Արդյունաբերության մասն այսքանով ամփոփելով` կարող ենք փաստել, որ ոլորտի աճը հանքարդյունաբերության հաշվին չի գրանցվել, ինչը դրական միտում է։

Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել ծառայությունների 12.1%-անոց աճը (ծառայությունների ծավալը հունվարին կազմել է 96.2 մլրդ դրամ)։ Տնտեսական անցուդարձին հետևող ընթերցողները կհիշեն, որ նախորդ տարիներին ոլորտի աճը գրանցվում էր հիմնականում խաղատների հաշվին, որոնք վիճակագրության մեջ ներկայացվում են «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» հոդվածով։

Այս ուղղությամբ 2017 թվականի հունվարին գրանցվել է 14.2% աճ, սակայն ծառայությունների ոլորտի ընդհանուր աճին նպաստող միակ գործոնը դա չէ։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ծավալը հունվարին աճել է 25.5%-ով և կազմել 5.2 մլրդ դրամ։ Տրանսպորտային ծառայություններն աճել են 24.3%-ով (ծավալը` 11.8 մլրդ դրամ), տեղեկատվությունն ու կապը` 8.8%-ով (ծավալը` 17.5 մլրդ դրամ), ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 11.1%-ով (ծավալը` 21.7 մլրդ դրամ)։ Ծառայությունների 11 խոշորացված խմբերից միայն երկուսն անկում ունեն` կրթությունը (2.3% անկում) և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (6.8% անկում)։ Ընդհանրացնելով` կարող ենք ասել, որ ծառայությունների ոլորտի աճն «անորակ» չէ և տեղի չի ունեցել միայն մեկ ուղղության անհասկանալի ակտիվության արդյունքում։

Ներքին առևտրաշրջանառությունն անկումային որոշակի շրջանից հետո հունվարին դրական միտումներ է ցույց տվել։ Գրանցվել է 9.4% աճ (առևտրաշրջանառության ծավալը` 128.8 մլրդ դրամ)։ Այդ թվում՝ մանրածախ առևտրաշրջանառությունն աճել է 3.6%-ով և կազմել 74.2 մլրդ դրամ, մեծածախ առևտուրը` 14.8%-ով։ Ավտոմեքենաների առևտուրը (որը ներառում է ինչպես` մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ` դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) աճել է 64%-ով և կազմել 5.6 մլրդ դրամ։

Այս ամենն ի մի բերելով` կարող ենք ասել, որ հունվարյան 6.5% տնտեսական ակտիվության աճն անառողջ չէ, լավ մեկնարկ է և որոշակի լավատեսության հիմք կարող է դառնալ։ Սակայն այլ հարց է` առաջիկա ամիսներին այդ աճի տեմպը կպահպանվի՞, թե՞ կթուլանա։

Հիշեցնենք, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է 3.2% տնտեսական աճի ցուցանիշը։ Օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներով` 2017 թվականին ակնկալվում է 2.2-3.2% տնտեսական աճ, իսկ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ` գտնվելով 3.2-4.4% միջակայքում։ Այսինքն, պետբյուջեով նախատեսված 3.2% աճը, ըստ ԿԲ-ի, առավելագույն շեմն է, որը կարող է գրանցվել այս տարի (ԿԲ գնաճի հաշվետվության մեջ նշվում է, որ տարվող հարկաբյուջետային քաղաքականությունը` ծախսերի կրճատումը, համախառն պահանջարկի վրա զսպող ազդեցություն կունենա)։

Կառավարությունն ընդունում է, որ բյուջեի ծախսերի կրճատումն արգելակում է տնտեսական աճը, սակայն համոզված է, որ հնարավոր է և՛ օպտիմալացվել, և՛ աճ ապահովել։ Իսկ աճի հիմնական երաշխիքն ակնկալվող ներդրումներն են։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 840 մլն դոլարի ներդրումների մասին, որոնք արդեն հստակեցված են, ֆինանսավորումը կա, և ծրագրերը մեկնարկելու են այս տարի։ Սրան զուգահեռ` քննարկվում են նաև մարզային ներդրումային ծրագրերը, որոնք նույնպես կարող են որոշակի աշխուժություն մտցնել տնտեսության մեջ։

Անգամ մոտավոր կարելի է հասկանալ, թե որքան։ Օրինակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել էր, որ յուրաքանչյուր 100 մլն դոլար ներդրումը բերում է 1% տնտեսական աճ։ Հիշեցնենք, այս պահին արդեն խոսվում է ավելի քան 800 մլն դոլար «երաշխավորված» ներդրումների մասին։

Սակայն չափից շատ ոգևորվել պետք չէ, որովհետև փոխնախարարը պարզաբանել էր` խոսքը վերաբերում է զուտ ներդրումներին (այսինքն` կապիտալի արտահոսքը, մարումները հանած)։

Այսինքն, նորմալ տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է լինելու երկու բան. նախ` ամբողջությամբ կյանքի կոչել խոստացված ներդրումները (որպեսզի վերջին պահին որևէ բան չխանգարի), և երկրորդ` կանխել կապիտալի արտահոսքը։ Ոչ թե վարչական լծակներով կամ պարտադրանքով, այլ այնպիսի դաշտ ձևավորելով, որ ներդրողները չցանկանան հեռանալ Հայաստանից։ Իրականում, սա այնքան էլ հեշտ գործ չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031