«Մեր խնդիրն ընտրակաշառքի մեջ չէ, մեր խնդիրը շատ ավելի վտանգավոր է». Հարություն Մեսրոբյան
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պայքար սկսեց մենաշնորհների դեմ, որի արդյունքում որոշ ապրանքների` բենզինի, շաքարավազի և այլնի, գներ նվազեցին, սակայն հիմա այդ նույն ապրանքները կրկին թանկացել են։ Պատճառաբանվում է, որ դա տեղի է ունեցել միջազգային շուկայում ապրանքների գների բարձրացման հետևանքով։ Սակայն տեսակետ կա նաև, որ դա նախընտրական գործընթացների հետ կապ ունի։ Ձեր կարծիքով` այս թանկացումներն ինչո՞վ են պայմանավորված։
– Ես չգիտեմ` ընտրություններին դա վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե տնտեսությունն օլիգարխիկ է, ցանկացած օլիգարխ աշխատում է առավելագույն շահույթ ստանալ։ Հիմա ինչպես են հարակից այլ պայմանները, այդ թվում` նաև ընտրությունները, ազդում, կարելի է խոսել ու խոսել, բայց դա բնեղեն ապացույց չէ։ Իրական խնդիրը ոչ այնքան այն է, ինչ դուք նշում եք, այլ այն, որ օլիգարխիկ համակարգը պետք է ոչնչացնել։ Այլապես ստացվում է, որ մենք պահպանում ենք օիգարխիկ համակարգը և գների վայրիվերումները սկսում ենք կապել տարբեր գործոնների հետ։ Եթե ժամանակը շատ է, կարելի է նաև դրանով զբաղվել։
– Ընտրություններից առաջ այդ նույն օլիգարխները, որ ձգտում են հայտնվել Աժ-ում, ընտրակաշառք են բաժանում։ Արդեն տեղեկություններ կան, որ այս տարի առնվազն 10 հազար դրամից է սկսվում ընտրակաշառքի չափը։ Ոմանք կոչ են անում` վերցնել և ընտրել ըստ խղճի, ոմանք էլ ընդհանրապես անընդունելի են համարում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ընտրակաշառքին։
– Ընդհանրապես, ցանկացած կաշառք զզվելի է, ընտրակաշառքը ո՛չ պակաս զզվելի է։ Բայց Հայաստանում 25 տարի, որպես կանոն, գնում է ընտրություն վատի և շատ վատի միջև։ Դասական իմաստով` վատի և շատ վատի միջև ընտրությունն ընտրություն չէ։ Սովորական մարդը, որ ունի հազար ու մի հոգս, գիտի, որ, եթե կաշառք վերցնի ու X մարդուն չքվեարկի, կընտրվի Y անարժանը, չընտրի այդ մարդուն` մյուս անարժանը կընտրվի։ Քանի որ մենք փոքր երկիր ենք, և բոլորս իրար գիտենք, այդ մարդը տեսնում է, որ վերցնի թե չվերցնի, լինելու է անարժանը` որևէ ազգանունով։ Դրա համար ես ընդհանրապես գտնում եմ, որ ընտրություն, ըստ էության, մենք չունենք։ Իսկ եթե ընտրություն չունենք, ուրեմն ընտրակաշառք էլ չունենք։
Մի կարևոր միտք ասեմ. եթե լիներ արժանիի ու ոչ արժանիի միջև ընտրություն, և մարդը ստանար ընտրակաշառք ու ընտրեր ոչ արժանիին, ցանկացած Ձեր որակավորման տակ ես կստորագրեմ։ Բայց քանի նման բան չկա, ես ընդհանրապես դրան լուրջ չեմ վերաբերվում։
Մեր խնդիրն ընտրակաշառքի մեջ չէ, մեր խնդիրը շատ ավելի վտանգավոր է, որ մենք բոլորս, որպես կանոն, թքած ունենք արժանիների վրա, 10-րդ անգամ կգնանք անարժանների հետևից։ Դրա մասին է պետք մտածել։ Մեր փակուղին այդտեղ է։ Մենք կակոկրատական հոգեբանություն ունենք։ Kakos հունարեն նշանակում է` անարժան, kratos` իշխանություն։ Կակոկրատական նշանակում է` անարժանների իշխանություն։
Մենք հոգեբանորեն բոլորս կակոկրատական ենք։ Այն պահից, երբ մեր հոգեբանությունը կշրջվի դեպի մերիտոկրատականը, այսինքն` meritus` արժանի, kratos` իշխանություն, այն ժամանակ կարելի է ընտրություն անել։ Քանի արժանիները գրեթե չկան, ընտրություն էլ չկա։ Երբ անարժանների միջև սկսվում է պայքար, արժանին ընդհանրապես կողքի է քաշվում, որովհետև ամեն մի անարժան, չգիտես ինչու, Հայաստանում ունի հետևորդներ, և ընդհանուր ուժերով մի այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացնում, որ ոչ մի իրեն հարգող արժանի չի մոտենա այդ պրոցեսին։ Եվ վատն այն է, որ եթե գնում է անարժանների մրցավազք, կապ չունի` ընտրություններն ազնի՞վ են, թե՞ անազնիվ են։
Կլինեն ազնիվ, մի անարժանը կընտրվի, կլինեն անազնիվ` մյուս անարժանը կընտրվի։ Դրա համար, երբ ես իմացա, որ սփյուռքահայերի մի խումբ մտահոգված գալիս են Հայաստան, որ պայքարեն, որ ընտրությունները լինեն թափանցիկ և ազնիվ, ես իրենց 100%-ով երաշխավորում եմ` մի անարժանների տեղը կգան մյուս անարժանները։ Եթե դրա համար արժի անգամ Ատլանտյան օվկիանոսը կտրել, գալ նման միջոցառման մասնակցել, խնդրեմ։
– Փաստորեն, գտնում եք, որ առաջադրված ուժերի մեջ արժանիները չկա՞ն։
– Ցանկացած ուժ մի դեպքում իրավունք ունի հավակնել երկրի կառավարմանը, այն էլ` նման օրհասական, կիսաշրջափակված, պատերազմի մեջ գտնվող երկրի։ Նրանք պետք է ապահովեն 2 պահանջի կատարում, առաջինը` ունենան երկիրը կառավարելու ունակ և պատրաստ կառավարման պրոֆեսիոնալների խումբ, անգլոսաքսոնական տերմիններով ասած` ստվերային կառավարություն, երկրորդը` ունենան երկիրը փոսից հանելու և զարգացնելու ծրագիր, ոչ թե թամադաների բաժակաճառերի ձեռնարկ։
Ծրագիրը կոչվում է ծրագիր այն դեպքում, երբ բաղկացած է մի քանի պարտադիր մասերից։ Առաջին մասը` երկրի նպատակային տեսլականն է, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ, հաջորդը պետք է լինի` ըստ ռազմավարական ոլորտների միջոցառումների համակարգ, որ բաժանված պետք է լինեն եռամսյակային կտրվածքով։ Ամեն եռամսյակի վերջում ամեն ոլորտի համար պետք է լինեն նպատակային չափորոշիչներ` թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով։
Օրինակ` 3 ամիս անց գնաճը չպետք է գերազանցի այսինչ թիվը, պետական պարտքը` այսինչ։ Հաջորդ փուլը` պետք է լինեն ամեն ոլորտի և՛ սեփական գլխով, անուն-ազգանունով, և՛ ի պաշտոնե պատասխան տվողներ։ Հաջորդը` պատասխանատվության ձևն ու չափն է, եթե տվյալ ոլորտի պատասխանատուն չկատարեց ծրագիրը։ Եվ վերջում պետք է լինի մարտավարական քայլերի ծրագիր։ Ցույց տվեք այս 25 տարվա մեջ այս 2 պայմանների գոյություն։ Ես 25 տարի բազմաթիվ ծրագրեր եմ նայել, ըստ էության, ծրագիր չկա, դրանք լավագույն դեպքում թամադաների ձեռնարկ են։ Նաև շատ լավ գիտենք, որ պրոֆեսիոնալ պատրաստված թիմ չկա։ Հետևապես` այս ընտրությունները, քանի դեռ ապահովված չեն այս երկու պայմանները, խեղկատակություն են։ Եվ սա փորձագիտական դիրքորոշում է, ոչ թե քաղաքական որևէ կողմի։