
«Ռոնալդուն միակն է ակումբում, ով պարտավոր չէ վազել». Ռամոս

Իսպանական Marca-ն նշում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները և ղեկավարությունն անհանգստացած են թիմի՝ վերջին շրջանի ոչ կայուն խաղով: Այդ իսկ պատճառով թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են հետագա անելիքները:
Հանդիպման ժամանակ ելույթով հանդես է եկել մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Ռամոսը խնդրել է թիմակիցներին ավելի զգոն և ավելի ուշադիր լինել, քանի որ Լա լիգայում միավորների տարբերությունը հասել է նվազագույնի: Ռամոսը նշել է, որ թիմակիցները պետք է շատ աշխատեն:
«Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է դրսևորի իր լավագույն որակները: Ռոնալդուն միակն է ակումբում, ով պարտավոր չէ վազել: Նա միակն է, ով մեկ մրցաշրջանում 60 գոլ է խփում»,- նշել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան