«Հասունանում է նաև ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը». Սերգեյ Մինասյան

«Այս համաձայնագիրն ասոցացման պայմանագրի լայթ տարբերակն է: Մենք ունենք անհամեմատ ավելի լուրջ իրավական, քաղաքական, տնտեսական շրջանակներ, եթե համեմատենք 1999 թվականից գործող իրավական դաշտի հետ: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ քանի որ ՀՀ-ն դարձել է ԵՏՄ անդամ, պայմանագրի այն մասը, որը փաթեթային գնում էր 2013 թվականին, հանվել է:

Տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական կոնտեքստը փոխվել է: Եվ այն փաստաթուղթը, որն այս պահին ունենք, առավելագույնն է, որ մենք կարող էինք ստանալ և՛ մեր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, և՛ հաշվի առնելով  բավականին դժվար և շարունակվող հակասությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև»,- այսօր կազմակերպված «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Նախագահը նաև նշել էր, որ նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Սերգեյ Մինասյանի խոսքով՝ այս փաստաթուղթը միայն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա. «Նաև կարևոր նշանակություն ունի ՀՀ-ԵՄ հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար, որովհետև, ընդհանրապես, ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարևորը գործընթացն է, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ ձեռք բերված արդյունքները կամ անվանումները: Նույն ասոցիացման առումով՝ ԵՄ-ն ունի ասոցիացման տարբեր մակարդակներ, օրինակ՝ ունի ասոցիացման պայմանագիր Չիլիի հետ, որն իր մակարդակով և իր հնարավորություններով ավելի նվազ է, քան այն համապարփակ պայմանագիրը, որն այս պահին պատրաստվում ենք ստորագրել ԵՄ-ի հետ»:

Քաղաքագետի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը. «Արդեն իսկ մենք տեսնում ենք, որ Բրյուսելի կողմից կան դրական մեսիջներ, բավականին լուրջ աշխատանք ունենք արված այս ոլորտում, և ես կարծում եմ, որ, եթե մոտակա ժամանակահատվածում պայմանագրի հետ կապված այս գործընթացը դրական լուծում ստանա, մենք մինչև նոյեմբերին նշանակված՝ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովը, կունենանք նաև լուրջ առաջխաղացում վիզային ռեժիմի ազատականացման հարցում»:

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանին, ի վերջո, հաջողվեց ավարտել բանակցություններն այս փաստաթղթի շուրջ, և Ռուսաստանի կողմից չեղան ճնշումներ, նա այսպես պատասխանեց. «Դա հասկանալու համար պետք է հակիրճ հիշել, թե ինչ էր եղել 2013 թվականին: Մենք գիտենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մինչ այդ ունեցել էր կոնսուլտացիաներ, և թվում էր, թե ամեն ինչ նորմալ է:

Ինչպես Ուկրաինայի գործընթացը որևէ լուրջ արձագանք չէր ստացել Մոսկվայից, ՀՀ իշխանություններն ու հասարակությունն էլ սպասում էին, որ խնդիր չպետք է լինի: Բայց փոխվեց քաղաքական իրականությունը, և այդ պայմաններում որոշում էր ընդունվել հրաժարվել այդ փաստաթղթի ստորագրման այն տարբերակից, որը պատրաստվում էր Վիլնյուսի գագաթաժողովի տեսանկյունից: Այս պահին իրավիճակն այլ է. ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ինչ-որ նոր շրջան է ստեղծվում, որտեղ դեռ պարզ չէ, թե ինչ հեռանկարներ կարող են լինել: Կարող է նույնիսկ ՌԴ-ն շահագրգռված լինել այս հարաբերությունների ստեղծման համար»:

Տեսանյութեր

Լրահոս