Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն. Ի՞նչ կտա Հայաստանի անդամակցությունն ԱՃԹՆ-ին

2015 թվականի հուլիսի 28-ին Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է միանալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ)։ ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը պատվիրակվեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։

Գործընթացն իր հունով ընթացավ, ձևավորվեց բազմաշահառու խումբ, մշակվեց աշխատանքային պլան, և արդեն այս տարվա մարտին քննարկվելու է Հայաստանի թեկնածու անդամ դառնալու հայտը։

Միջազգային այս նախաձեռնությունն իրականում շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, որտեղ հանքարդյունաբերությունը տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանում քչերն են լսել ԱՃԹՆ-ի մասին, մարդիկ չգիտեն` ինչ է այն, ինչով է կարևոր դրան անդամակցելը, և ինչ օգուտ է դա տալու մեր երկրին։

Այս հարցերի շուրջ «168 Ժամը» զրուցել է ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի հետ։

Կարդացեք նաև

– Պրն Ստեփանյան, եթե հնարավորինս հակիրճ ձևակերպենք` ի՞նչ է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը։

– Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են արդեն 51 երկրներ։ Կազմակերպության քարտուղարությունը տեղակայված է Նորվեգիայում։ ԱՃԹՆ-ի նպատակն է` բարձրացնել ոլորտի թափանցիկությունը, ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկումը։ Հիմնական շեշտը ֆինանսական թափանցիկության վրա է, սակայն կարող են ներառվել նաև ոլորտի այլ խնդիրներ, օրինակ` իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, և այլն։

– Դուք ներկայացնում եք մասնավոր հատվածը ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբում։ Ովքե՞ր են ձեզնից բացի այդտեղ ներկայացված և բազմաշահառու խմբի կազմում։

– Խմբում ընդգրկված է կառավարությունը, հասարակական կազմակերպությունները և հանքարդյունաբերական ընկերությունները։ Կոնկրետ Հայաստանում ԲՇԽ-ի անդամների ընդհանուր թիվը 15-ն է, որից` 6 պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ են, 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և 1 գիտության ոլորտի ներկայացուցիչ, 4 հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից մեկը «Լիդիան Արմենիան» է։

– Ի՞նչ սկզբունքով են ընդգրկվել հենց այդ 4 ընկերությունները։

– Դա ընտրության միջոցով է որոշվել։ Ի սկզբանե որոշվել էր, որ ԲՇԽ-ում պետք է ներկայացված լինեն 4 հանքարդյունաբերական ընկերություններ։ Ընտրությունների նախնական պայմանների քննարկումը տեղի ունեցավ Համաշխարհային բանկի գրասենյակում։ Այնուհետև հանքարդյունաբերական ընկերություններն անցկացրեցին ռեյտինգային ընտրություններ։ Թեկնածուներ էին ներկայացել գրեթե բոլոր մետաղական հանքավայրերի ներկայացուցիչները։ Ընտրվեցին 4-ը։

– Ինչո՞վ է զբաղվել բազմաշահառու խումբը մինչև այսօր։

– Խմբի ձևավորումից հետո տեղի են ունեցել բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ, որոնց հիմնական նպատակն այն էր, որ 2016 թվականի վերջին անպայման մեր հայտը ներկայացնենք ԱՃԹՆ-ի միջազգային գրասենյակ։

Մարտի 8-9-ին Կոլումբիայում տեղի է ունենալու ԱՃԹՆ-ի տարեկան հավաքներից մեկը, որտեղ քննարկվելու է Հայաստանի թեկնածու անդամ դառնալու հարցը։ Դրա հիմքում ընկած են այդ բոլոր փաստաթղթերը, որոնց վրա մենք աշխատում էինք այսքան ժամանակ։ Այս ընթացքում մշակվել է հայցադիմումը, մշակվեց աշխատաքային պլանը, և այլն։ Կարճ ասած` բազմաշահառու խումբը նախապատրաստել է Հայաստանի թեկնածու- անդամ դառնալու հայտը։

– Ասենք` հայտը հաստատվեց, և Հայաստանը դարձավ այդ նախաձեռնության թեկնածու անդամ։ Ի՞նչ է դա նշանակում, կոնկրետ ի՞նչ արդյունք է ունենալու Հայաստանի համար։

– Նախաձեռնության հիմնական նպատակը ոլորտի թափանցիկությունը մեծացնելն է։ Իրականացնող երկրների համար ԱՃԹՆ-ի ներդրումը նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը` ներդրողներին և միջազգային ֆինանսական հաստատություններին հստակ ազդանշան հաղորդելով կառավարության կողմից ավելի բարձր աստիճանի թափանցիկության ապահովման պարտավորություն ստանձնելու մասին։ Նախաձեռնությունը խթանում է նաև հաշվետվողական և բաց կառավարումը։

Կոնկրետ մեր աշխատանքային պլանի դեպքում` մեր երեք խմբակցություններն էլ (կառավարություն, հ/կ-ներ և հանքարդյունաբերական ընկերություններ) շատ մեծ կարևորություն տվեցին այն գործողություններին, որոնք պետք է նպաստեն պատասխանատու հանքարդյունաբերության ներդրմանը Հայաստանում` ցանկալի արդյունքներ ապահովելու համար։

– Ձեր ընկերության` «Լիդիան Արմենիայի» գործունեության վրա ԱՃԹՆ-ին անդամակցությունն ինչպե՞ս կազդի։

– Կոնկրետ մեր ընկերության աշխատաոճը դա առանձնապես չի փոխելու, որովհետև «Լիդիան Արմենիան» հանդիսանալով Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված «Լիդիան Ինթերնեյշնլի» դուստր ընկերություն` ֆինանսական ամենաբարձր թափանցիկության պայմաններում է աշխատում։ Ամուլսարի ծրագրում էլ մեր ընկերությունը կիրառում է միջազգային լավագույն փորձը։ Այսինքն` շարունակելու ենք աշխատել նույն ձևով` թե՛ թափանցիկության, թե՛ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում։ Բայց ընդհանուր առմամբ ոլորտի վրա վստահ եմ, որ այս գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ։

Բազմաշահառու խմբում մեր առայժմ կարճատև աշխատանքը ցույց տվեց, որ Հայաստանում կան շատ գործիքներ, որ արդեն իսկ նպաստում են ոլորտի թափանցիկությանը։ Սակայն այդ տեղեկատվությունը մի տեղում կենտրոնացած չի։ Սա է պատճառը, որ շատերը դժվարանում են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և հայտարարում են, որ տեղեկատվության պակաս կա։ Իրականում տեղեկատվության կա, սակայն ցրված է տարբեր աղբյուրներում, և ԱՃԹՆ-ն կնպաստի, օրինակ, ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացմանը։

– Խոսքը հիմնականում ֆինանսական թափանցիկությանն է վերաբերում։ Սակայն հանքարդյունաբերության նկատմամբ դժգոհությունները վերաբերում են հիմնականում բնապահպանական թեմաներին։ Այս առումով, ԱՃԹՆ-ն կնպաստի՞ գոնե այդ երկխոսության մշակույթի ձևավորմանը` բնապահպանների և հանքարդյունաբերողների միջև։

– Միանշանակ ԱՃԹՆ-ն բազմաշահառու խումբը լրացուցիչ հարթակ է երեք կարևոր խմբերի մեջ երկխոսության համար` պետություն, հասարակական սեկտոր, մասնավոր ընկերություններ։ Շատ հանդիպումների ժամանակ պարզ է դառնում, որ իրականում շատ հարցերում բոլորիս ցանկությունները նույնն են, պարզապես դրանք տարբեր կերպ են արտահայտվում, մեկն ավելի էմոցիոնալ է խոսում, մյուսը` ավելի պրագմատիկ։

Այսպիսի հարթակներում դա ի հայտ է գալիս։ Նաև տարաձայնությունները վեր հանելու, քննարկելու և լուծումներ գտնելու հարթակ է, որովհետև ԱՃԹՆ-ն արդեն ապացուցել է, որ շատ բարդ թվացող հարցերում կարելի է գալ փոխզիջման։ Ընդհանրապես, քաղաքացիական հասարակության համար ԱՃԹՆ-ի ներդրումը կապահովի կառավարության կողմից հանրային հարստության օգտագործումից առաջացած եկամուտների տնօրինման թափանցիկություն և հաշվետվողականություն։

– ԱՃԹՆ-ն, ինչպես անվանումն է հուշում, պետք է նպաստի ոլորտի թափանցիկությանը։ Իսկ կա՞ն արտասահմանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով, սակայն այդ թափանցիկության ոչ բավարար մակարդակի պատճառով Հայաստան չեն գալիս։

– Հստակ վիճակագրության չեմ տիրապետում, սակայն համոզված եմ, որ ԱՃԹՆ-ն լրացուցիչ ազդակ և չափորոշիչ կլինի լուրջ ընկերությունների ներգրավման համար։ Օրինակ, անցած տարվա հոկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էինք բազմաշահառու խմբի մի քանի անդամներով։ Հանդիպումներն ու քննարկումները ցույց տվեցին, որ այնտեղ ԱՃԹՆ-ի ներդրումն իրոք ունեցել է դրական ազդեցություն` ներդրումային միջավայրի բարելավման առումով։ Արդյունահանող ճյուղերում, որտեղ ներդրումներն առավել կապիտալատար են, և շահութաբերությունը կախված է երկարաժամկետ կայունությունից, ոլորտում թափանիցկությունը և կանխատեսելիությունը շահավետ է գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից։ Այսինքն, ԱԹՃՆ-ն կարող է լրացուցիչ գործիք լինել նպաստելու ներդրումների ներգրավմանը։

– ԱՃԹՆ-ն ենթադրում է ավելի խիստ չափանիշներ։ Պարզ է, որ դա լրացուցիչ գլխացավանք կարող է դառնալ շատ ընկերությունների համար։ Դիմադրություն չկա՞ր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից։

– Գիտեք, միանշանակ չէ, որ ընկերությունների համար սա գլխացավանք է։ Այո, ոլորտում որոշակի չափանիշեր կարող են ներմուծվել, այդ թվում` հաշվետվողականության խստացում, սակայն դա, կարծում եմ, ձեռնտու է նաև հենց իրենց` ընկերություններին։

Մեր խորին համոզմամբ` ինչքան ավելի հստակ լինի օրենսդրությունը, չափանիշերը, ինչքան ավելի մատչելի լինի տեղեկատվությունը, բարձր որակի լինի փորձաքննությունը, այնքան ավելի պաշտպանված կլինեն այդ նույն ընկերությունները։

Օրինակ, եթե փորձաքննության մակարդակը ցածր է, կամ օրենսդրության մեջ բացեր կան, հետևանքների համար վերջում քարկոծվում են ընկերությունները։ Այսինքն, հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների և ներդրողների համար ԱՃԹՆ-ի ներդրումը կարող է նպաստել ռիսկերի կրճատմանը և հավասար խաղի կանոնների սահմանմանը։

– Քանի՞ տոկոսն է կիսում Ձեր այս մոտեցումը։

– Վստահ եմ` շատերը։ Միանշանակ` հայաստանյան ընկերությունների կեսից ավելին։ Կոնկրետ մեր ընկերության` «Լիդիան Արմենիայի» մասով կարող եմ ասել, որ ի սկզբանե շահագրգռված ենք եղել ԱՃԹՆ-ի ներդրմամբ, ինչը հենց սկզբից ցույց ենք տվել, շատ ակտիվ ենք եղել, ներկայացված ենք բազմաշահառու խմբում և վստահ ենք, որ Հայաստանի անդամակցությունը դրական կազդի մեր ընկերության և Ամուլսարի ծրագրի վրա։

Տեսանյութեր

Լրահոս