
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է գտնվի ողջ իսլամական աշխարհի օրակարգում». Էրդողանի գլխավոր խորհրդական

Ադրբեջանի ցավը ողբերգություն է Թուրքիայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն Անկարայի համաժողովի ընթացքում, որը կրել է «Խոջալուի ցեղասպանությունը» խորագիրը, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թոփչուն նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը արդիական է ողջ իսլամական աշխարհի՝ 1 մլրդ 700 մլն մուսուլմանների համար:
«Լեռնային Ղարաբաղի օկուպացիան խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին: Դա արդիական հարց է նաև Էր-Ռիադի, Կահիրեի, Կոսովոյի և բազմաթիվ այլ մայրաքաղաքների համար»,- հայտարարել է Թոփչուն:
Վերջինս վճռականորեն դատապարտել է Հայաստանի տարածքային հավակնությունները, «անհեթեթություն» անվանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պնդումները Թուրքիայի, այդ թվում՝ Աղրը (Արարատ) լեռան նկատմամբ, հայտնում է գործակալությունը: