
Իրանը լայնամասշտաբ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հնդկական օվկիանոսում

Իրանի ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ «Վելայաթ-95» անվանումով ռազմածովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովկալ Հաբիբուլա Սայարիի հրամանատարությամբ: Հաղորդվում է, որ մանևրների գոտին ընդգրկում է մոտավորապես 2 միլիոն քառակուսի կիլոմետր:
Ինչպես ավելի վաղ հաղորդում է Սայարին, «Վելայաթ-95» զորավարժությունները ենթադրում են տակտիկական մանևրներ, հետախուզական օպերացիաներ, հրթիռների ու տորպեդների գործարկում, ինչպես նաև փրկարարական գործողություններ:
Զորավարժությունների ընթացքում պաշտպանական օպերացիայի շրջանակում օգտագործվում է ռազմական տեխնիկա, ներառյալ՝ ստորջրյա նավեր ու իրանական արտադրության ուղղաթիռներ:
Իրանի ռազմածովային հրամանատարությունը չի հրապարակել ռազմական միավորների թվի մասին տվյալներ: