«Մեր լեռնադահուկորդները հնարավորություն ունեն օլիմպիական վարկանիշ ձեռք բերել սեփական հարկի տակ». Արթուր Հարությունյան
Օրեր առաջ հայ լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը եւ Վազգեն Առաքելյանը Շվեյցարիայում մասնակցեցին աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայ մարզիկներին եզրափակիչ անցնել չհաջողվեց:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ լեռնադահուկային սպորտում այժմ սերնդափոխություն է կատարվում: Պատանիները նոր սկսում են միջազգային ասպարեզ դուրս գալ.
«Աշխարհի առաջնությունում 137 մասնակցի մեջ մեր տղաները գրավեցին 51-րդ եւ 57-րդ հորիզոնականները: Նրանք նոր սկսում են իրենց միջազգային կարիերան: Մեծերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են: Մեր մյուս պատանին` Հարություն Հարությունյանն այդ ընթացքում մասնակցում էր Էրզրումի փառատոնին: Այս ցուցանիշը, իհարկե, մեզ չի բավարարում: Մենք լավ արդյունքներ գրանցել ենք: Հուսանք, որ օլիմպիական խաղերին կունենանք մասնակիցներ»:
Փետրվարի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար, որն օլիմպիական վարկանիշային է: Միաժամանակ կընթանա նաեւ Հայաստանի բաց առաջնությունը.
«Մեր լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է` սեփական հարկի տակ օլիմպիական միավորներ վաստակելու համար: Հրավիրել ենք աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Հիմնականում մեր հարեւան երկրներն են մասնակցում: Հնարավոր է` մարզիկներ ժամանեն նաեւ Ավստրիայից եւ Ֆրանսիայից: Հայաստանի առաջնությունից հետո մեր լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա:
Այնտեղ կմարզվեն եւ կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի: Եթե կարողանան միավորներ հավաքել` իրավունք կստանան մասնակցել նաեւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Դահուկավազորդները մի փոքր ավելի ուշ կսկսեն իրենց մարզումները, քանի որ այժմ մասնակցում են աշխարհի առաջնությանը: Լեռնադահուկային սպորտում շեշտը դրված է Հարություն Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի եւ Վազգեն Առաքելյանի վրա:
Սակայն չենք անտեսում նաեւ մեր ավագ մարզիկներին: Դահուկավազքում նույնպես հիմնական շեշտը տղաների վրա է դրված: Կանանցից տեսնենք, թե Կատյա Գալստյանն ինչ արդյունք կունենա աշխարհի առաջնությունում: Դահուկավազքում մի փոքր ֆինանսական խնդիրներ կան, բայց գոնե մեկ-երկու մարզիկ կմասնակցի միջազգային մրցաշարերին»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Հարությունյանը հայտնել է նաեւ, որ դահուկային սպորտի ֆեդերացիաում մի քանի նոր մարզաձեւեր են ընդգրկվել` սնոուբորդ, ֆրիսթայլ եւ արագընթաց վայրէջք: Նպատակը` Հայաստանում ձմեռային մարզաձեւերի մասսայականացումն է: