
«Երեկ իմ երազանքը մահացավ». Կլաուդիո Ռանիերի

«Երեկ իմ երազանքը մահացավ: Նախորդ մրցաշրջանի և չեմպիոնության էյֆորիայից հետո այն ամենը, ինչի մասին ես երազում էի՝ «Լեսթերում» մնալն էր. ակումբ, որը ես կսիրեմ ամբողջ կյանքում: Ցավոք սրտի, դա չիրականացավ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լեսթերին»: Այդ արկածը հիասքանչ էր և ընդմիշտ կմնա ինձ հետ: Շնորհակալություն բոլոր լրագրողներին և մեդիային:
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում ակումբի բոլոր անդամներին, ֆուտբոլիստներին և աշխատակազմին, բոլորին, ովքեր դարձան մեր ձեռքբերման մի մասը: Բայց ամենից շատ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Դուք հենց առաջին օրվանից ինձ ընդունեցիք Ձեր սրտերում և սիրեցիք ինձ: Իսկ ես սիրեցի Ձեզ:
Ոչ ոք երբեք չի խլի մեզանից այն, ինչ մենք արեցինք: Հուսով եմ, որ դուք դա հիշում եք ամեն օր և ժպտում եք այնպես, ինչպես և ես: Դա հրաշքների և երջանկության ժամանակ էր, որը ես երբեք չեմ մոռանա:
Ինձ համար պատիվ էր և հաճույք դառնալ չեմպիոն Ձեզ հետ»,- ասել է Ռանիերին իր հայտարարության մեջ:
Անգլիայի չեմպիոն դառնալուց 9 ամիս անց Կլաուդիո Ռանիերին հեռացվեց «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը