Վրաստանի կառավարության հատկացրած 3,5 միլիոն լարիի շրջանակներում կհիմնանորոգվի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան, որի շրջանակներում, քաղաքական և տնտեսական հարցերի քննարկումներից զատ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման համար։ Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։

Այցի ավարտին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եղել են նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, ծանոթացել առկա վիճակին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ու Վրաստանի Մշակույթի նախարարների միջև առկա պայմանավորվածության համաձայն՝ կվերականգնվեն և կակտիվացվեն միջմշակութային շփումները, այդ թվում՝ Վրաստանի կառավարության հատկացրած 3,5 միլիոն լարի շրջանակներում հիմնանորոգման կենթարկվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը:

Տեղեկացնենք նաև, որ Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել հայազգի անվանի զորավարների և Սայաթ Նովայի շիրիմներին: ՀՀ վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, շրջայց կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Տեսանյութեր

Լրահոս