Հեղափոխական փոփոխություններ պետական գնումների համակարգում. Պրիմիտիվ գողությունները կսահմանափակվեն

Մեր զրուցակիցն է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և  պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, «Գնումների մասին» օրենքում ինչպիսի՞ փոփոխություններ են իրականացվել, արդյոք դրանք իսկապես հեղափոխակա՞ն են, ինչպես որոշ պաշտոնյաներ են բնորոշում, և արդյոք դրանով վերջ կտրվի՞ այն պրիմիտիվ գողություններին, որոնց մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է անցած տարվա սեպտեմբերին։

– Օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում այս տարվա ապրիլի 25-ից։ Նոր խմբագրության մեջ մի քանի կարևորագույն խնդիրներ կան, որոնք նաև կառավարության գործունեության ծրագրով են արձանագրվել և կոչված են պրիմիտիվ, նման կարգի դրսևորումների դեմ սահմանափակումներ դնելու։ Առաջին կարևոր խնդիրը վերաբերում է միմյանց փոխկապակցված բիզնես հատվածի մասնակիցների միաժամանակյա մասնակցությունը գնման գործընթացին կանխելուն, այսինքն` երբ մրցույթում միմյանց փոխկապակցված ընկերություններ արհեստական էին մրցում։

Նոր օրենքով դա սահմանափակվել է, նշվել է, թե որ դեպքերում են կազմակերպությունները համարվում միմյանց հետ փոխկապակցված, և սահմանվել է, որ նմանատիպ կազմակերպություններն իրավունք չունեն միաժամանակ մասնակցել գնման գործընթացներին։ Այսինքն` արհեստական մրցակցություն այլևս չենք ունենա։ Երկրորդ կարևորագույն խնդիրը գնման գործընթացների մասնակիցների իրական սեփականատերերի տվյալների բացահայտումն է։

Այսինքն` երբ որևէ կազմակերպություն մասնակցում է գնման գործընթացին, նա պետք է իր հայտում ներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն։ Դրա բացակայության դեպքում հայտը մերժվում է։ Եթե ներկայացնում է, ու տվյալ կազմակերպությունը դառնում է հաղթող, ապա իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է, և ցանկացած անձ հնարավորություն է ունենում տեսնել, թե ովքեր են մրցույթում հաղթած ընկերության իրական սեփականատերերը։

Հաջորդ նորամուծությունը` գնման գործընթացում որոշումներ կայացնող պաշտոնատար անձինք, այսինքն` գնահատող հանձնաժողովների անդամները և քարտուղարը, որոնք բավարարում են մրցութային հայտերը և որոշում են հաղթողին, պետք է ինքնաբացարկ հայտնեն, եթե գնման գործընթացում մասնակցում է նրանց հետ փոխկապակցված ընկերություն։

Եթե արձանագրում են, որ մրցույթին չեն մասնակցում իրենց հետ մինչև 2-րդ արյունակցական կապ փոխկապակցված անձինք` ամուսին, ծնող, զավակ, եղբայր, քույր և ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր), ապա ստորագրում են այդ մասին հայտարարություն, որը նույնպես ենթակա է հրապարակման։

Հաջորդը` պատասխանատվության ինստիտուտն է խստացվում, այսինքն` եթե որևէ մրցույթի մասնակից խաբել է, օրինակ, իր իրական սեփականատերերի տվյալները կեղծ է ներկայացրել, ենթարկվում է պատասխանատվության` ընկերությունը ներառվում է «սև ցուցակում» և 2 տարի ժամկետով զրկվում գնման գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, իսկ եթե այդ գործողության մեջ կան քրեական տարրեր, ապա դրան ևս տրվելու է համապատասխան ընթացք։

Հաջորդը` ներդրվում է էլեկտրոնային աճուրդների համակարգ, այսինքն` նոր օրենքով գործողություններն ուղղված են էլեկտրոնային համակարգն ընդլայնելուն, քանի որ, որքան էլեկտրոնային համակարգն ընդլայնվում է, այնքան չարաշահումների հավանականության աստիճանը նվազում է։

Էլեկտրոնային համակարգերն այլևս հնարավորություն չեն տալիս կառավարել մրցույթը, փոխել որևէ փաստաթուղթ։ Օրինակ` թղթային ընթացակարգի դեպքում պատվիրատուն տեսնում էր, թե ովքեր են մասնակցում, և հնարավորություն ուներ ազդելու այդ ընկերությունների վրա, օրինակ` վարչական կամ այլ մեթոդներով ստիպելու, որ նախքան ծրարները բացելը` այդ ընկերությունը հետ վերցնի իր հայտը, կամ մրցույթին մասնակից ընկերություններից մեկը կարող էր ազդել մյուս ընկերության վրա, և այլն։

Էլեկտրոնային գնումների համակարգն այդ խնդիրները լուծել է, հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո նոր հայտեր չեն ընդունվում, իսկ մինչև վերջնաժամկետի ավարտը պատվիրատուն չի տեսնում, թե ովքեր են հայտեր ներկայացրել։ Ժամկետը լրանալուց հետո հայտերը բացվում են և տեսանելի են բոլորին։ Եթե այդ ժամանակ որևէ հայտատու հրաժարվի մասնակցությունից, ապա պետք է վճարի իր գնային առաջարկի 5%-ի չափով տուգանք և ներառվում է «սև ցուցակում»։

Սրա նպատակը հակամրցակցային համաձայնությունները զսպելն է։ Այսինքն` փորձել ենք հնարավորինս բալանսավորել գործընթացը։ Հաջորդ կարևոր նորամուծությամբ գործընթացի մասնակից ընկերությանը հնարավորություն է տրվում տեխնիկական բացթողումները շտկել հայտում, որը ներառում է 5-6 փաստաթուղթ` գին, հայտի ապահովում, իրական սեփականատերեր, և այլն։

Եթե գինը, հայտի ապահովումը և իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարությունը չկա կամ սխալ է, մենք չենք թույլատրում ուղղել դա, որովհետև կարող են չարաշահումների տեղիք տվող գործողություններ իրականացվել։ Բացի այդ 3 փաստաթղթից` մնացածում կարող են շտկումներ անել կամ լրացնել։ Հաջորդը` սկզբնական շրջանում մրցույթի մասնակիցը զուտ հայտարարությունների մակարդակում է աշխատում, այսինքն` հայտարարում է, որ հարկային պարտք չունի, սնանկ չի, և այլն, բայց երբ նա դառնում է հաղթելու թեկնածու, ապա պետք է իր փորձը հիմնավորող թղթեր և մյուս բաղադրիչները ներկայացնի։

Այսինքն` կառուցվում է այնպիսի համակարգ, որ մասնակցին ազատում է լրացուցիչ քաշքշուկներից։ Հաջորդը` պահանջվող փաստաթղթերից նրանք, որոնք կարող ենք ինքներս ճշտել` ժամկետանց հարկային պարտավորություն, և այլն, մասնակցից չի պահանջվում դրանք ներկայացնել, մենք ենք դիմում հարկային մարմնին և խնդրում ճշտել։ Հաջորդ նորամուծությունը, որ կսկսի գործել ապրիլի 1-ից, դա պայմանագրի արդյունքների ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրումն է։ Այսօր ապրանքի հետ թղթային հաշիվ-ապրանքագիր է ներկայացվում, իսկ թղթայինը կրկին կարող է տեղիք տալ չարաշահումների, որը նույնպես սահմանափակվում է։

– Եթե մրցույթի մասնակիցը հայտարարագրում ցույց է տալիս փոխկապակցվածություն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ և հաղթում է, դա իմանալով` ի՞նչ է փոխվում սովորական քաղաքացու համար։

– Գնման գործընթացը բազմափոխկապակցված է։ Օրինակ` ես կամ նախարարը Ֆինանսների նախարարության կարիքների համար գնման գործընթացներում որևէ որոշում չենք կայացնում։ Չենք կարող սահմանափակել, որ, եթե որևէ ընկերության ղեկավարի որևէ ազգական աշխատում է որևէ պետական կառույցում, ապա այդ ընկերությունը չմասնակցի տվյալ կառույցի հայտարարած մրցույթին։ Դա գործնականում անհնար է, որովհետև, նախ` երկիրն ինքնին փոքր է, և, մեծ հաշվով, կարող է բոլորն իրար փոխկապակցված լինեն, երկրորդը` եթե փոխկապակցված անձն ինքը որոշում չի կայացնում գնման գործընթացում, անտրամաբանական է նման սահմանափակում դնելը։

– Հնարավո՞ր է, որ հաղթի որևէ բարձրաստիճան անձի փոխկապակցված ընկերություն, եթե նրանից ավելի էժան գնային առաջարկ ներկայացնող կա, և ի՞նչ նշանակություն կունենա գին-որակ հարաբերակցությունը։

– Ոչ, հնարավոր չէ։ Մենք փորձել ենք հավասարության դաշտ ապահովել բոլորի համար, այսինքն` եթե նախարարի եղբայրն էլ մասնակցի, հաղթելու համար պետք է ամենալավ պայմանն առաջարկի։ Իսկ գին-որակ հարաբերակցությունը գնումների պրակտիկայում այդքան էլ չի աշխատում։ Իհարկե, այդտեղ սուբյեկտիվ գործոնը շատ է և իր մեջ ռիսկ է պարունակում։ Բայց հազվադեպ է պատահում, որ գին-որակ հարաբերակցությունն աշխատի։

– Մեր իրականությունում շատ են դեպքերը, երբ որևէ գերատեսչության ղեկավարի հետ փոխկապակցված ըներությունն է հաղթում այդ գերատեսչության գնման մրցույթները։ Նոր օրենքը բացառո՞ւմ է դա։

– Կարծում եմ` էլեկտրոնային համակարգը դա կբացառի։ Նախ` մինչև այս տարբեր փոխկապակցվածությունների մասին տեղեկությունները որևէ կերպ չէին հիմնավորվում, այս դեպքում իրական սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան բացում է դաշտը, և հասկանում ենք` արդյոք իրական սեփականատերն այդ մարմնի ղեկավարի հետ փոխկապակցվա՞ծ էր, թե՞ ոչ։ Նաև զուգահեռ աշխատում է էլեկտրոնային գնումների համակարգը, որը կառավարելիության աստիճանը գցում է։

Օրինակ` եթե ղեկավարն իր աշխատողների առջև խնդիր դնի, որ միայն իր եղբայրը կարող է հայտ ներկայացնել, ապա էլեկտրոնային գնումների համակարգը դա արդեն թույլ չի տալիս, քանի որ թղթայինի դեպքում կարող էին արհեստական խոչընդոտներ ստեղծել, և այդ փաթեթն ուղղակի տեղ չհասներ, բայց էլեկտրոնայինի դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից և դրանց բացվելուց հետո ես միայն տեսնում մասնակիցներին, իսկ այդ ժամանակ որևէ մեկին ստիպողաբար դուրս շպրտելու դեպքում` այդ դուրս շպրտվողը ստիպված է իր շահերը պահել, որովհետև գրպանին է հարված ստանում։

– Համակարգի այս փոփոխություններն ինչի՞ կհանգեցնեն։

– Գնումների համակարգերի կատարելագործումը բերում է նրան, որ աճում է մրցակցությունը։ Եթե նախկինում գնման գործընթացներին մասնակցության գործակիցը եղել է 2.8, այսինքն` 1 մրցույթին մասնակցել է միջինում 2.8 մասնակից, ապա 2016 թ. 9 ամսվա կտրվածքով մրցակցությունը դարձել է 3.6 (տարին դեռ չենք ամփոփել)։

Իսկ դա շատ կարևոր ցուցանիշ է համակարգի լավ ու վատ լինելը գնահատելու համար։ Այժմ մեր նպատակն այդ գործակիցը գոնե 5-ի հասցնելն է։ Եթե մեկ մրցույթին 5 մասնակից ունենանք, ապա պայմանավորվածությունները գործնականում կվերանան։ Ազատ, արդար և թափանցիկ գործընթացի արդյունքում մրցակցությունը կբարձրանա, և դա ավտոմատ կբերի համակարգի լավ աշխատանքին։

Տեսանյութեր

Լրահոս