Ինչի հաշվին է աճել Հայաստանից Ռուսաստան արտահանումը

2016 թվականին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում տխուր էին։ Քիչ թե շատ ուրախալի էին միայն արտաքին առևտրաշրջանառության տվյալները։ 2016 թվականին արտահանումն աճել է 20%-ով և կազմել 1 մլրդ 782.9 մլն դոլար։ Այդ թվում` զգալիորեն աճել է արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ։

Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` 2016 թվականին Հայաստանից ԵԱՏՄ միության երկրներ արտահանման ծավալը 2015-ի համեմատ աճել է 53%-ով և կազմել 392.1 մլն դոլար։

Արտահանման մեծ մասը` 371 մլն դոլարը, բաժին է ընկնում Ռուսաստանին (արտահանումը դեպի այս երկիր աճել է 51.5%-ով)։ Դեպի Բելառուս արտահանումն աճել է 2.1 անգամ և կազմել 14.1 մլն դոլար, դեպի Ղազախստան աճի տեմպը 42.9% է, արտահանման ծավալը` 5.9 մլն դոլար, իսկ դեպի Ղրղըզստան արտահանումն աճել է 2.8 անգամ, սակայն ծավալը դեռ շատ քիչ է` 1 մլն դոլար։

Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է` ցույց տալու համար, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սկսել է «աշխատել», և հայաստանյան արտադրողները սկսել են նվաճել Եվրասիական շուկան։ Այդպե՞ս է արդյոք։ Հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է նայել` ինչ կառուցվածք ունի Հայաստանից ՌԴ արտահանումը, և ինչի հաշվին է այն աճել։ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է մեծ քանակությամբ տրիկոտաժեղեն և հագուստ։ Օրինակ` կանացի տեքստիլ հագուստի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 2.2 անգամ և կազմել մոտ 6 մլն դոլար։ Տղամարդու վերնաշապիկների արտահանումն աճել է 2.7 անգամ, ծավալը` 1.6 մլն դոլար։

Սվիտերների արտահանումն աճել է 83%-ով և կազմել մոտ 5.8 մլն դոլար։ Կան նաև արտադրատեսակներ, որոնց գծով նվազում կա, սակայն 2015 թվականի նկատմամբ արտահանման ծավալների որոշակի աճ է գրանցվել` ապահովելով մոտ 50 մլն դոլարի ծավալ։ Բացի հագուստեղենից և կոշկեղենից` Հայաստանից Ռուսաստան արտահանվում են հուշարձանների համար մշակված քարեր (մոտ 6.5 մլն դոլար), պատվաստանյութեր (մոտ 4 մլն դոլար) և այլն։ Սակայն հիմնական ապրանքախումբը սննդամթերքն է, խմիչքը և ծխախոտը, աճն էլ ապահովվել է հենց այդ ապրանքների շնորհիվ։

Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի չեմպիոնը` թե արտահանման ծավալների, թե բացարձակ աճի առումով, թունդ ալկոհոլային խմիչքներն են, կամ, ավելի պարզ ասած` կոնյակը։ 2016 թվականին արտահանվել է 10.6 մլն լիտր 100% սպիրտի պարունակությամբ ալկոհոլային խմիչք` 51%-ով շատ, քան անցած տարի։ Արժեքային արտահայտությամբ` 2016-ին արտահանվել է 125.4 մլն դոլարի ալկոհոլային խմիչք, որը Հայաստանից ՌԴ արտահանման 1/3-ն է։ Նախորդ տարվա համեմատ կոնյակի արտահանումը 56.9%-ով աճել է։ Արտահանման գծով մյուս չեմպիոնը լոլիկն է։ 2016 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 35842 տոննա լոլիկ` 22.6 մլն դոլար մաքսային արժեքով։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին արտահանվել էր 1129 տոննա լոլիկ` 1.5 մլն դոլար մաքսային արժեքով։ Լոլիկի թռիչքային աճի պատճառների մասին շատ է գրվել, և այս մասին շատ չենք խոսի։

Արտահանման գծով տպավորիչ ցուցանիշ է գրանցել նաև խաղողը։ 2016-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 31737 տոննա խաղող` շուրջ 17 մլն դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ խաղողի արտահանման ծավալն աճել է մոտ 6 անգամ, արժեքային` մոտ 10 անգամ։ Արտահանման ծավալներով սննդամթերքի TOP-10-ի մեջ մտնող ապրանքներից 50%-ով աճել է նաև գինու արտահանումը և կազմել մոտ 4.5 մլն դոլար։ Մնացած ապրանքատեսակների գծով, ինչպես տեսնում եք աղյուսակում, գրանցվել է արտահանման ծավալների նվազում։ Կարճ ասած, եթե ամփոփենք, Հայաստանից Ռուսաստան արտահանման կտրուկ աճը պայմանավորված է կոնյակի ծավալների արտահանմամբ։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված կոնյակի արտահանումը։

Այս հարցը, ի դեպ, հայաստանյան մամուլում շատ է հնչել։ Այն կտրվածքով, որ կոնյակի արտահանման կտրուկ աճը պետք է արտացոլվեր նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հարկային ցուցանիշներում։ Նրանց վճարած հարկերը պետք է համամասնորեն աճած լինեին, սակայն նման դինամիկա չի գրանցվել։

Բացատրությունը պետք է փնտրել 2014 և 2015 թվականների մեջ։ Բանն այն է, որ 2014 թվականի վերջին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազեցին։ Այսպես, 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 308.4 մլն դոլար, իսկ 2015-ին` 245.2 մլն դոլար։ Այդ թվում` շեշտակի նվազել էր նաև ալկոհոլային խմիչքների արտահանումը. 2014 թվականին արտահանվել է 132.2 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին այդ թիվը նվազել էր մոտ 40%-ով` հասնելով 79.9 մլն։ Այսինքն, 2016 թվականին ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալն ավելի քիչ է եղել, քան 2014 թվականին։

Մեր ունեցած տեղեկություններով` ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտադրողների մի մասը պարզապես հրաժարվել է ապրանքն արտահանել Ռուսաստան, փոխարենը` գերադասել է պահեստավորել և սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Ինչպես երևում է, այդ բարենպաստ ժամանակը եղել է 2016 թվականը. ռուբլու փոխարժեքի որոշակի ամրապնդումից հետո տեղական արտադրողները սկսեցին արտահանել ոչ միայն նույն տարում արտադրած, այլ նաև` 2015-ից պահուստավորած ապրանքը։ Ասվածն ապացուցում է նաև ալկոհոլային խմիչքների արտադրության տվյալները։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թվականին կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27%-ով` 17 հազար լիտրից հասնելով 21.5 հազար լիտրի։ Այսինքն, կոնյակի արտադրության աճի տեմպը 2 անգամ քիչ է արտահանման աճի տեմպից։ Իսկ օղու արտադրության բնեղեն ծավալները նվազել են 13.7%-ով և հասել 8214 հազար լիտրի։

Այս ամենն ամփոփելով` կարելի է փաստել, որ չի կարելի ոգևորվել 2016թ. Հայաստանից Ռուսաստան արտահանման աճով և ասել, որ Հայաստանը գրավում է Եվրասիական տնտեսական միության շուկան։ 2016-ի աճը պայմանավորված է 2015-ի անկմամբ, ինչը նշանակում է, որ 2017 թվականին նման աճ դժվար թե գրանցվի։ Եթե, իհարկե, արտահանման խթանման ուղղությամբ լուրջ քայլեր չկատարվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728