«Միանշանակ հայ ուսանողներն ամենաուժեղներից են, պատրաստվածությունը բավականին բարձր է». Քրիստինա Կուշնիրովա
«London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը, արդեն 4-րդ տարին անընդմեջ, իրականացնում է «Համաշխարհային կրթության բաց դռների օր» խորագրով միջոցառում: Կենտրոնի հրավերով Հայաստան են ժամանում աշխարհի վարկանշային համալսարանների ներկայացուցիչներ, որոնք տալիս են մանրամասն տեղեկություններ բակալավրի, մագիստրոսի, դոկտորական ծրագրերի, կրթաթոշակների մասին:
«Մեր նպատակն է՝ ստեղծել հարթակ ուսանողների և գործընկեր հաստատությունների միջև: Մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն, ուղղորդում ենք՝ որտե՞ղ սովորել, ի՞նչ սովորել, ի՞նչ փաստաթղթեր հանձնել, ու նաև, քանի որ մեր գործընկեր համալսարանները շատ լավ կրթաթոշակներ են հատկացնում ուսանողներին, ներկայացնում ենք նաև կրթաթոշակային ֆոնդերը»,- ասաց «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր, գործադիր-տնօրեն Գայանե Եղիազարյանը:
Միջոցառման ժամանակ կլինեն վարկանշային համալսարանների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մալթայից, Անգլիայից, Չեխիայից, Չինաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից: Իսկ մնացած գործընկեր հաստատությունները կներկայացնի Գայանե Եղիազարյանը:
Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերով համակարգող Անտոն Կոտովն ասաց. «Ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ոչ թե սովորական կրթություն, այլ բարձրակարգ կրթություն, որը հետագայում շատ դռներ կբացի միջազգային կարիերայի համար: Մեր ճամբարը Շվեյցարիայում է, թեպետ ունենք նաև ճամբարներ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր: Սա հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական և ամերիկյան մշակույթներին»:
Խոսելով գործընկեր երկրների հաստատությունների ցանկն ընդլայնելու մասին՝ Գայանե Եղիազարյանը նշեց. «Համագործակցությունը միշտ զարգանում է և աճում: Դեկտեմբերին դարձանք Պեկինի համալսարանի գործընկեր, որը վաղվա ցուցահանդեսին ես կներկայացնեմ: Այսօր կարողանում ենք ներկայացնել նաև Glion և Les Roches համալսարանները, որ նախկինում դեռ չէինք ներկայացնում: Ինչպես նաև արդեն ներկայացնում ենք Պորտուգալիայի ամառային ճամբարները: Սկզբնական շրջանում շեշտը հիմնականում դնում էինք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համալսարանների վրա, որովհետև հետաքրքրությունն այդ երկրների նկատմամբ էր, սակայն ուրախությամբ կարող ենք փաստել, որ հիմա ավելի շատ նախընտրում են գնալ Չինաստան, Չեխիա, Շվեյցարիա»:
INTO համալսարանների ցանցի համակարգող Քրիստինա Կուշնիրովան անդրադաձավ արտերկրում կրթություն ստացած հայ ուսանողներին. «Ես շատ եմ շփվել հայ ուսանողների հետ ու կարող եմ փաստել, որ միանշանակ հայ ուսանողներն ամենաուժեղներից են, պատրաստվածությունը բավականին բարձր է, անգլերենի իմացությունը՝ գերազանց: Ինձ համար կարևորն այն է, որ հայ ուսանողները ցանկանում են իրավիճակը փոխել Հայաստանի ներսում՝ իրենց կրթության որակը բարձրացնելու միջոցով: Սա շատ գովելի է, որ նրանք ուզում են արտերկրում իրենց ձեռք բերած գիտելիքները ներդնել երկիրը բարելավելու գործում: Ինչով կարող ենք, կօգնենք այս ուսանողներին»:
Իսկ «Քանի՞ ուսանող է տարեկան սովորում արտերկրում» հարցին Գայանե Եղիազարյանը պատասխանեց. «Որպես այդպիսին՝ մենք ստատիստիկային այդքան էլ չենք հետևում, բայց ամառային ճամբարներում տարեկան մոտ 100 ուսանող է սովորում, իսկ ակադեմիական ծրագրերով մեկնող ուսանողների թիվը մոտ 20 է»:
Տեղեկացնենք, որ հանդիպում-խորհրդատվությունը լինելու է փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 19:30, «Երևան Մոլում»: Մուտքն ազատ է. ուսանողներն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են կրթությամբ, հնարավորություն կունենան իրենց նախընտրած համալսարանի մասին մանրամասն տեղեկություն ստանալ:
Անի Թորոսյան