Լեռնային Ղարաբաղի «սև խոռոչը». Խոջալուից 25 տարի անց

«Խոջալու, 25 տարի անց. քանի մարդ գիտի՝ ինչի մասին է խոսքը։ Քչերը, թերևս շատ քչերը». նման դիտարկմամբ է իր հոդվածն սկսում իտալական «Պանորաման»՝ Խոջալուի դեպքերն անվանելով սարսափելի ջարդեր, որոնցով գրվեց Լեռնային Ղարաբաղի մոռացված պատերազմի սև էջերից մեկը։ «1992-ի փետրվարի 25-26-ը, մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Բալկան յան տարածաշրջանի վրա, զոհվեց Խոջալուի 161 բնակիչ։ Դա ղարաբաղյան պատերազմի մի դրվագ է միայն: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած տարածք է, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր պայքար է մղում անկախության պահանջով։

Հակամարտությունը ցածր լարվածությամբ շարունակվում է և 1992-ից մինչ օրս չի ավարտվել։ Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի իշխանությունները ռազմական միջամտության դիմեցին Ղարաբաղում՝ փաստացիորեն հօդս ցնդեցնելով բանակցային գործընթացում մինչ այդ պահը կառուցված նուրբ կամուրջները։ Ղարաբաղում պատերազմը երբեք չի դադարել և բնակչությունը մինչ այժմ էլ ապրում է պատերազմական մթնոլորտում՝ մշտապես պատրաստ կրկին զենք վերցնել և պայքարել իրենց հայրենիքի համար։

Խոջալուի ջարդից անցել է մեկ քառորդ դար, սակայն զոհերի մասին առայժմ հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանական կողմը բարձրաձայնում է «ցեղասպանության» մասին։ Սակայն ցեղասպանություն չի եղել։ Խոջալուն Լեռնային Ղարաբաղի պատերազմի սարսափելի էջերից է, բայց այն «ցեղասպանություն» չէ։

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները լիովին վերահսկում են ադրբեջանական ԶԼՄ-ների ամբողջ դաշտը։ Ինչպես նշվում է միջազգային հեղինակավոր աղբյուրների կողմից, Բաքվի գործող ռեժիմը աշխարհում ամենաբռնակալ և ավտորիտար իշխանություններից է, իսկ նախագահ Իլհամ Ալիևը, հոր իշխանությունը ժառանգություն ստանալուց հետո հասել է նախագահական պաշտոնավարման հերթական երրորդ շրջանին՝ ձայների 85% մեծամասնությամբ:

Խոսենք փաստերից։ Իննսունականների վերջին, ոգևորված Խորհրդային միության Гласность-ի և Перестройка-ի (հոդվածի հեղինակը մեջբերել է հենց ռուսերեն ձևակերպումները-խմբ.) ներմուծած խոսքի հարաբերական ազատությունից, Լեռնային Ղարաբաղի հայերը վերահաստատեցին ինքնորոշման իրենց իրավունքը՝ անկախության հանրաքվեի միջոցով, որն ըստ կարգի տեղի ունեցավ 1991-ի դեկտեմբերի 10-ին՝ գործող օրենքների և ԽՍՀՄ սահմանադրության համաձայն։ Հանրաքվեին հաջորդեց Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ։

Ավելի քան մեկ տարի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը գրադ հրթիռների կրակի և ադրբեջանական ավիացիայի ռմբակոծման տակ էր։ Հայաստանի դերը հակամարտության ռազմական փուլում միջազգային ուժերի միջամտության բացակայության պայմաններում, կայանում էր քաղաքացիների պաշտպանության և հումանիտար, տնտեսական և դիվանագիտական աջակցության մեջ։ Մինչդեռ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված էին ԼՂ հայկական ինքնապաշտպանական ուժերը։ 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ստորագրվեց Բիշքեկյան համաձայնագիրը։

Ինչ վերաբերում է Խոջալուի փաստերին, տարբեր ՀԿ-ներից և միջազգային կառույցներից, որոնք դեպքերի ժամանակ տեղում ներկա չեն եղել, կարծիքներ են ստացվել, թե «ջարդերն իրականացվել են հայկական զինված ուժերի կողմից»։ Ադրբեջանական շատ աղբյուրներ և Կովկասում այդ տարիներին ակտիվորեն գործող արևմտյան լրագրողներ խոսում են տարբեր փաստերի մասին, ինչից օգտվել է նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդված տեղեկատվությունը։

Այս ամենի ֆոնին, Խոջալուի դեպքերից քսանհինգ տարի անց, մնում է հուսալ, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը կկարողանա հասնել խղճի այն մակարդակին, որ վերջապես կիսի Անդրեյ Սախարովի 1975 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ելույթում հնչած հետևյալ միտքը՝ «Խաղաղությունը, առաջընթացը, մարդու իրավունքները անքակտելիորեն փոխկապակցված են․անհնար է հաջողել դրանցից մեկում, եթե մյուսներն անտեսված են»»,գրում է հոդվածի հեղինակը։

Տեսանյութեր

Լրահոս