«Հայաստանն իրավունք չունի Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ». Վերլուծաբան

Այսօրվա ասուլիսում Ռազմինֆո լրատվական կայքի վերլուծաբաններ Տարոն Հովհաննիսյանը և Գարիկ Հարությունյանն անդրադարձան Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման վերաբերյալ զեկույցին:

Խոսելով այն մասին, թե ո՞րն է SIPRI-ի նպատակը՝ վերլուծաբան Գարիկ Հարությունյանը նշեց. «SIPRI-ն հետազոտական ինստիտուտ է: Այն հետազոտում և հրապարակում է իր զեկույցները, մեր խնդիրը հետևյալն է. մենք չպիտի հալած յուղի տեղ ընդունենք դա, պիտի քննադատորեն վերաբերվենք, որովհետև SIPRI-ն հեռվից է հետևում, ու մենք SIPRI-ի համար առաջնահերթություն չենք»:

Իսկ վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն անդրադառնալով զեկույցին՝ ասաց. «Մեր գնած զինտեխնիկայի մի մասը չի երևում այդ զեկույցում: Պետք է փաստենք, որ Ադրբեջանն ավելի շատ զենք է գնում, քան մենք, բայց դա այն հարաբերակցությամբ չէ, ինչքան ներկայացված է այդ զեկույցում: Ադրբեջանը երբեմն գնում է այն զինտեխնիկան, որն արդեն ունի. իրենք ունեն նույն նշանակության ռուսաստանյան արտադրության Սմերչ համակարգեր, ունեն նույն նշանակության իսրայելաղազախստանյան արտադրության զենքեր, ու ձեռք են բերել նաև նույն նշանակության թուրքական արտադրության ռեակտիվ համակարգեր: Նույն զենքից ունեն մի քանի հատ, որը ռազմավարական տեսանկյունից այդքան էլ կարևորություն չունի, փոխարենը՝ ունի  քարոզչական կարևորություն, իսկ իրենք քարոզչականին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Երկրորդ կարևոր փաստն այն է, որ նա գնում է հարձակվողական զինտեխնիկա, որը շատ ավելի թանկ է արժենում»:

Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը թվային տվյալներով ներկայացրեց ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման քանակը՝ ըստ SIPRI-ի զեկույցի.

«2016թ. նրանց տրամադրած տվյալներով՝ մոտավորապես 250 մլն դոլարի զենք գնել է Ադրբեջանը, իսկ 80 մլն դոլարի զենք գնել է Հայաստանը: Սակայն Հայաստանի դեպքում այդ 80 մլն դոլարի մեջ հաշվում են միայն «Իսկանդերը», իսկ Ադրբեջանի պարագայում 250 մլն դոլարի մեջ հաշվում են նաև «Երկաթե Գմբեթները»: Այսինքն՝ այս տվյալների վրա հենվելն այդքան էլ ճիշտ չէ»:

«Հայաստանն իրավունք չունի Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ և գնել զանազան զինտեխնիկա, քանի որ ռեսուրսներով մենք զիջում ենք Ադրբեջանին: Եթե ներգրավվենք ռեսուրսների պատերազմի մեջ՝ խաղալով իրենց թելադրած կանոններով, ապա մենք կարող ենք պարտվողի դերում լինել: Պետք է գնանք խելացի սպառազինման ուղով, ինչն էլ արվում է. մենք գնում ենք պաշտպանական նշանակության զինտեխնիկա, որը արժողությամբ էլ ավելի էժան է»,- հավելեց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս