«Սա ընտրությունների ամենաայլանդակ նախափուլն է, որ մենք երբևէ ունեցել ենք». Արամ Մանուկյան
«Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, բնականաբար, միայն իրավական դաշտը չէ, որ պետք է ապահովի դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ կուսակցության անդամ Արտակ Սարգսյանը:
Ըստ նրա՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար նախևառաջ պետք են սոցիալ-տնտեսական հիմքեր. «Դա կապված է նաև քաղաքական մշակույթի հետ, որ ձևավորվել է տվյալ պետությունում տարբեր տարիների ընթացքում, և, բնականաբար, կախված է նրանից, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինչպիսի քաղաքական կամք կդրսևորեն՝ ընտրություններն անցկացնելու ազատ, անկախ և հանրության վստահությանն արժանի»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ իրեն վերին աստիճանի մտահոգում է Ընտրական օրենսգրքի բարդությունը՝ և՛ լեզվական, և՛ իրավաբանական ձևակերպումների առումով: «Բարդությունը խոչընդոտ է, որովհետև քաղաքացին ի վիճակի չէ հասկանալ դա, և իրավագետներն արդեն ասել են, որ այն իրավական որոշակիության սկզբունքների խախտում է: Երկրորդ կարևորագույն հանգամանքն իշխանության քաղաքական կամքն է: ՀՀ ընտրությունները կազմակերպողն իշխանություններն ու ՀՀԿ-ն են: Ունե՞ն արդյոք քաղաքական կամք՝ անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ, կարծում եմ՝ չունեն, անգամ այս շրջանում բազմաթիվ ահազանգեր են հնչեցվում ընտրակաշառքների մասին:
Որքան էլ պատկան մարմինները՝ ոստիկանապետը և իրավապահ մարմինները, հանձնարարականներ են տալիս, որ ընտրական գործընթացը լինի օրենքի տառին համապատասխան, այժմ չենք տեսնում, որ իշխանությունը որևէ կերպ կանխում է այդ խուլիգանությունը: Սա քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում: Իշխանությունը չի ցանկանում, որ այս ընտրություններն առանձապես տարբերվեն նախկին ընտրություններից: Ռիսկերը բավական մեծ են քաղաքացու քվեի անկաշկանդ ձևավորում ապահովելու համար»:
ՀԱԿ անդամ Ա. Մանուկյանն էլ նշեց, որ այս օրենքը «միանգամյա» օգտագործման օրենք է. «հաջորդ ընտրություններում սա չի գործելու, որովհետև այն պարզապես կիրառելի չէ»:
Ա. Մանուկյանի կարծիքով՝ եթե չլիներ «4+4+4»-ի ձևաչափը, այս օրենքը կլիներ երևի աշխարհի ամենավատ օրենք. «Սա մի փոքր փրկեց, մի քիչ հույս ավելացրեց, և ռեալություն կա, որ շատ մարդ չի գա քվեարկության, կես միլիոն կեղծ քվեարկողները չեն գա քվեարկության: Անյցալ ընտրություններից կես միլիոնով պակաս կլինի ընտրողների թիվը, որովհետև այս անգամ չեն քվեարկի անցած անգամների բոլոր այն քվեարկողները, որոնք Հայաստանում չեն եղել, բայց նրանց տեղը քվեարկվել է: Այս ընտրությունները մի փոքր տարբերվելու են մեր նախորդ ընտրություններից, միջազգային կառույցները խիստ ներգրավված են այս ընտրությունների կազմակերպման և վերահսկման գործում»:
Ա. Մանուկյանի խոսքով՝ այս ընտրություններում ցավալիորեն հաղթող են անտարբերությունը և աղքատությունը. «Սա ամենաայլանդակ նախափուլն է, որ մենք երբևէ ունեցել ենք: Միակ լուծումն այն է, որ ժողովուրդը բոլորին ասի՝ «հա», գնա իր անելիքն անի»: