Բաժիններ՝

Շնորհավոր ծնունդդ, Վարպետ

Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը վերջին ամիսներն անցկացնում է Հայաստանում: Նա հայրենիք է վերադարձել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնական հրավերով՝ անձամբ հետևելու և մասնակիցը դառնալու իր նոր՝ «Իմ տիեզերքը» և «Դաշտի միասնական տեսությունը» գիտատեսական աշխատության հրապարակման: Ռուսալեզու աշխատությունն արդեն կա, պատրաստ է և սպասում է շնորհանդեսին, որ տեղի կունենա փետրվարի 28-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում և որը, անկասկած, հիշարժան իրողություն է խոստանում ռեժիսորի ձեռագիրը գնահատող լայն մասսաների համար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ռեժիսորի հետ հանդիպումներից մեկի ընթացքում տեղեկացրել է, որ կա պայմանավորվածություն, որի համաձայն՝ գիրքն առաջիկայում կթարգմանվի նաև անգլերեն լեզվով:

Ռեժիսորի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպելու, նրա հետ զրուցելու, նրան պարզապես լսելու թույլտվություն ես ստացել եմ: Դա պատահել է ինձ համար բոլորովին անսպասելի, որևէ տեղ չգրված կամ չամրագրված, գոյություն չունեցող մի օրինաչափության համաձայն: Մեր հանդիպումները հանճարեղ այս մարդու հետ, ինձ համար ամեն անգամ աշխարհը նորովի բացահայտելու բացառիկ հնարավորություններ են, որոնք ինձ է նվիրում Վարպետը, ու ես լուռ ենթարկվում եմ նրա սահմանած սկզբունքներին՝ նա երբեք հարցազրույց չի տալիս:

Թեև ինքս վաղուց արդեն համակերպվել եմ իրականության հետ՝ Արտավազդ Փելեշյանին կարելի է միայն լսել ու մտապահել, բայց հրապարակել լսածը՝ երբեք: Հավանաբար, դա կզայրացնի Վարպետին՝ բացառելով նրա երբեմն-երբեմն՝ ընկերակցությունն ինձ: Ես չգիտեմ, տեղյակ չեմ, գլխի՞ է արդյոք Վարպետը, որ, երբ մեր հանդիպումների ընթացքում ինքը վերհիշում է իր անցած ճանապարհի այս կամ այն դրվագը, մեր բաժանումից անմիջապես հետո ես անմիջապես գրառում եմ դրանք, բայց ես գիտեմ՝ հրապարակել չկա, միայն լսել, մտապահել, իսկ եթե հնարավոր է՝ նաև հետևություններ անել:

Հետևություններ անել, ինքը՝ ռեժիսորը, հաճախ է նախընտրում: Վերջերս այդ մասին հրապարակային, հազվադեպ հանդիպող ասուլիսներից մեկի ընթացքում հաստատեց ինքը, երբ լրագրողներից մեկի հարցին՝ ո՞րն է այս տարիքում առավել նախընտրում ինքը՝ կարդա՞լ, թե՞ ֆիլմեր դիտել, Վարպետը միայն իրեն հատուկ պարզությամբ ու լակոնիկությամբ պատասխանեց՝ հետևություններ անել:

Կարդացեք նաև

Ռեժիսորը, անկասկած, արել է նաև իր հետևություններն այն մասին, թե ինչո՞ւ ավելի քան 30 տարի չի հաջողվում էկրանավորել այդքան սպասված «Homo Sapiens»-ը, որն ինքը՝ Փելեշյանը, մեր հանդիպումներից մեկի ընթացքում, ինձ համար անսպասելի, կիսաձայն խոստովանում է ՝ այն ամենը, ինչ մինչև այսօր ինքն արել է, ոչինչ է «Homo Sapiens»-ի դիմաց, որովհետև այդ ֆիլմը դառնալու է իր գլուխգործոցը: Այստեղ բոլոր տեսակի բառերը լռում են, մնում է միայն երևակայությունը, որ ստիպում է պատկերացնել, թե ինչպիսի՞ն կարող էր լինել Փելեշյանի գլուխգործոցը, որը մենք բախտ չունեցանք տեսնելու: «Ես սնահավատ չեմ,- ասում է նա,- բայց նախընտրում եմ չխոսել «Homo Sapiens»-ի մասին, որովհետև վաղուց արդեն համոզվել եմ՝ ֆիլմը չի հաջողվում զուտ այն պատճառով, որ դրա մասին շատ է խոսվել:

Ամենահիմնական պատճառը ֆինանսավորումն է: Գումարի չափն արդեն առիթ է տալիս բոլորին թաքցնելու ֆիլմի չլինելու բուն և իրական պատճառները: Նվազագույնը 50 մլն դոլար է պահանջվում այդ ֆիլմն իրականություն դարձնելու համար: Հայաստանի պայմաններում դա հսկայական գումար է, թեև ես համոզված եմ, որ այդ ֆիլմն իրականանալու պարագայում՝ 2 – 3 մլրդ դոլար գումարի եկամուտ կապահովի: Ստորագրում եմ իմ այս բառերի տակ: Գործ է պետք անել, հասկանո՞ւմ ես, միայն գումարի խնդիրը չէ, մեծ գործ է պահանջում, բոլորը պետք է աշխատեն: Ես առաջարկել եմ ֆիլմը նկարահանել 5 տարիների ընթացքում, համապատասխանաբար այդ տարիների վրա բաշխելով նաև ֆիլմի համար անհրաժեշտ գումարների հայթայթման աշխատանքը: Տեսնենք՝ կստացվի՞…»:

Արտավազդ Փելեշյանին Հայաստանում դիմավորելու միտքը ոգեշնչում է, հպարտության զգացողություններ արթնացնում, չէ՞ որ մենք հայրենակիցներ ենք, ու նաև միաժամանակ՝ մեր Հայրենիքում: Ամեն անգամ ռեժիսորի Հայաստան վերադառնալու իրողությունն ինձ մոտ հույսեր է արթնացնում՝ գուցե Փելեշյանն այս անգամ որոշում է ընդունել այլևս մնալո՞ւ այստեղ, մեզ մոտ, մեզ հետ, մեր Հայրենիքում, կամ ե՞րբ է գալու այն օրը, երբ Փելեշյանն իր հետ Հայաստան կբերի նաև հսկայական գրադարանն ու արժեքավոր կինո և գիտատեսական արխիվները, որի միայն գոյությունն այստեղ հետագայում Հայաստանի վրա կսևեռի համաշխարհային կինոգիտության ողջ ուշադրությունը:

Գուցե այս մտայնությունն էր պատճառը, որ մի օր համարձակություն ունեցա հարցնելու Վարպետին՝ ինչո՞ւ այժմ չի բնակվում հայաստանյան իր նոր տանը, որ իրեն էր հատկացվել հանրապետության նախագահի որոշմամբ. «Գիտե՞ս,- ասում է նա,- մի բան ասեմ, բոլոր ժամանակների գրեթե բոլոր ղեկավարները խոստացել էին Երևանի կենտրոնում բնակարան տրամադրել ինձ, մինչև անգամ որոշումներ են եղել, բայց, ցավոք, դրանք տարբեր պատճառաբանություններով այդպես էլ մնացել են՝ որպես որոշումներ ու խոստումներ, և միայն նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով խոստացավ և կատարեց իր խոստումը: Ինչ վերաբերում է քո հարցին, ապա բնակվելու համար շենքը դեռևս պատրաստ չէ»:

Հ.Գ. Լիահույս եմ, որ, եթե անգամ Վարպետի ձեռքի տակ հայտնվի այս հոդվածը, նա, այնուամենայնիվ, կների ինձ՝ իմ մասնագիտական եսասիրության համար…

Փետրվարի 22-ին Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:

Շնորհավոր ծնունդդ, սիրելի Վարպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս