«Չնայած միջազգային հանրության ուշադրությանը հանրաքվեի նկատմամբ, այն որևէ կերպ չի փոխում Արցախյան հիմնախնդրի և դրա կարգավորման ընկալումն աշխարհում». գերմանացի վերլուծաբան
«Արցախում Սահմանադրության փոփոխության արդյունքում նախագահի լիազորությունների ամրապնդումն ու ընդլայնումը որևէ կերպ չի անդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի Հանրապետությունում անցկացված սահմանադրական հանրաքվեի նշանակությանը։
Նա նշեց, որ դրականորեն կարելի է փաստել այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը հակամարտության չկարգավորվածության պայմաններում կարողանում է և ձգտում է կարգավորել, զարգացնել իր հասարակական, քաղաքական կյանքը, կայացնել ինստիտուտները, դրանց նկատմամբ միջազգային ուշադրություն ներգրավել, դրական գնահատականներ ստանալ անցկացվող գործընթացների վերաբերյալ։
«Այս ամենը պատերազմական պայմաններում կազմակերպելը հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական աշխատանք՝ շփման գծում ռազմական ակտիվության պայմաններում։ Պետք է նաև նշել, որ այդ բացառիկ պայմանները, հայրենասիրական վերելքը, հանրաքվեի անցկացման նպատակների հանրայնացումն է պատճառը, որ այն անցկացվեց Արցախի ներսում դիմադրության բացակայության պայմաններում։ Այս բացառիկ պայմաններն ու իրավիճակն են պատճառը, որ թեման չի վրիպում միջազգային մամուլի, միջազգային կառույցների ուշադրությունից։
Հասկանալի է նաև այն հանգամանքը, թե ինչու Արցախի իշխանությունները փոխեցին Սահմանադրությունը՝ հօգուտ նախագահական համակարգին. վստահաբար հաշվի առնելով ապրիլյան պատերազմի փաստը և դրա կրկնության վտանգը, որի դեպքում նախագահական համակարգը գուցեև ավելի արդյունավետ, հրատապորեն արձագանքի իրավիճակին»,- ասաց Հալբախը։
Սակայն, վերջինիս համոզմամբ, չնայած միջազգային հանրության լայն արձագանքներին և ուշադրությանը, դա որևէ կերպ չի փոխում Արցախյան հիմնախնդրի, դրա կարգավորման ընկալումն աշխարհում։ Հալբախի խոսքով՝ աշխարհն ընկալում է, որ կա որոշակիորեն կարգավորված հանրային կյանք, բայց այն ավելի կկարգավորվի հակամարտության ամբողջական լուծման դեպքում, երբ հստակեցվի ԼՂ կարգավիճակն ու տարածքային զիջումների հարցը։
Գերմանացի վերլուծաբանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում նախագահի լիազորությունների ամրապնդումն ու ընդլայնումը որևէ կերպ չի անդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախն ընդհանրապես դուրս է այդ գործընթացից։
«Հակառակ պարագայում գուցե տեղին լիներ խոսել բանակցային գործընթացում Արցախի դիրքերի ամրացման կամ թուլացման մասին, բայց սա որևէ կերպ չի անդրադառնա Արցախյան հիմնահարցի, բանակցային գործընթացի վրա՝ չհաշված մեկ հանգամանք, որ կնյարդայնացնի Բաքվի իշխանություններին։ Ինչպես հիշում եք, օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքը բավականին հավասարակշռված և դիպուկ էր, որի իմաստը հետևյալն էր՝ Արցախի բնակիչները կարող են կազմակերպել իրենց կյանքն այսօր, ինչպես ցանկանում են, սակայն դա չի կարող անդրադառնալ Արցախի վերջնական կարգավիճակի վրա, քանի որ դա բանակցությունների առարկա է լինելու»,- ասաց Ուվե Հալբախը։