«Ընտրարշավի երկու լիդերները շատ պարզ երևում են». Գևորգ Պողոսյան

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ կարծիք հայտնեց, որ ոչ մի ուժի չի հաջողվի 50+1, այսինքն՝ մեծամասնություն ձևավորել. «Թեև ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ուժեղ են, բայց երևի թե ոչ ոքի չհաջողվի դա անել»:

Սոցիոլոգը նշեց, որ կուսակցությունների ու դաշինքների ցուցակների ներկայացումից առաջ սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել և ֆիքսել նախնական իրավիճակը.

«Ընդհանուր առմամբ, ընտրողների վերաբերմունքը դեռ ընդգծված չէ, որովհետև չի սկսվել ընտրարշավը, և բնակչությունը մոբիլիզացված չէ: Ընտրողները գիտեն, տեղյակ են, նույնիսկ 60%-ը նշել էր, որ կգնա ընտրություններին, ինչը մեզ մի քիչ զարմացրեց, բայց դեռ ընդգծված վերաբերմունք չկա, որովհետև դեռ կուսակցությունների աշխատանքները չեն սկսվել: Հիմնականում, քանի որ բողոքական զանգվածը շատ է, ընդհանուր վերաբերմունքը՝ թե՛ կուսակցությունների, թե՛ իշխանությունների, պառլամենտի նկատմամբ, բացասական է: Դրա համար կուսակցությունները դեռ պետք է ահագին աշխատեն, որպեսզի ձևավորեն մոտեցումները: Բայց նույնիսկ այս վիճակում  ընտրարշավի երկու լիդերները շատ պարզ երևում են՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք ամենաբարձր վարկանիշներն ունեն, և, երևի թե ամբողջ ուշադրությունն իրենք են գրավելու առաջիկա ընտրություններին»:

Մեր հարցին՝ դաշինքների ձևավորումն ընտրողների կողմնորոշման վրա ազդեցություն կարո՞ղ է ունենալ, թե՞ իր նշած երկու ուժերի օգտին են հիմնականում քվեարկելու, նա պատասխանեց.

«Հիմկականում դրանց օգտին կքվեարկեն: Դաշիքները, իհարկե, միշտ էլ ինչ-որ նորություն են մտցնում, բայց քանի որ մեր ընտրողը շատ անձնավորված է ընդունում կուսակցությունները, ոչ ծրագրերն են կարդում, ոչ պլանները, իրենց հետաքրքրում է առաջին դեմքը, լինի դա կուսակցության թե դաշինքի առաջնորդ: Եվ վերաբերմունքը հիմնականում ձևավորվում է ոչ թե դաշինքի նկատմամբ, այլ այդ անձի, որը ներկայացնում է այն: Իհարկե, եթե դաշինքում կան մի քանի այդպիսի երևացող անձեր, դա բնական է, դաշինքի քաշն ավելացնելու է:

Եթե խոսենք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին, երեքն էլ ճանաչված դեմքեր են, այնպես չէ, որ նոր են ճանաչելու, և, եթե երեքն էլ ակտիվ լինեն այնքան, ինչքան առանձին-առանձին, եթե գնային, ակտիվ կլինեին, ապա ինչ-որ բանի կարող էին հասնել: Օրինակ՝ արդեն պարզ է, որ Րաֆֆին այդքան էլ ակտիվ չի լինելու, իրենց ցուցակում նա 11-րդ համարն է: Այսինքն՝ ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ այն աստղերը, որոնք կարող են միավորներ բերել, պետք է ակտիվ լինեն: Եթե մի քանիսը ստվերում են, չեն երևալու, այդ դեպքում նույնիսկ իրենց այն իմիջը, որ ձևավորվել է բնակչության մոտ, օրինակ՝ Րաֆֆիինը, միշտ բարձր է եղել, շատ քիչ է աշխատելու ի օգուտ դաշինքի»:

Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ կուսակցությունների, դաշինքների ծրագրերը որևէ ազդեցություն չե՞ն ունենա ընտրողների կողմնորոշման վրա:

«Այս 25 տարվա ընթացքում թե՛ ընտրողները, թե՛ կուսակցություններն ահագին աճել են իհարկե: Ընտրողը վաղուց հասկացել է, որ ծրագրերը նշանակություն չունեն, ոչ թե միայն նրա համար, որ իրենք չեն կարդում, չեն խորանում, այլ նաև այն պատճառով, որ գիտեն՝ երբ կուսակցությունները գալիս են իշխանության, այդ ծրագրերը մոռացվում են: Թրամփն ընտրություններից առաջ ասում էր՝ դատարկ խոսքերի ժամանակն ավարտվել է, հիմա գործերի, քայլերի ժամանակն է:

Ընտրողը շատ պրագմատիկ է դարձել, մի քանի ընտրությունների արդյունքում տեսել է՝ ինչ է լինում: Նա այդքան նախընտրական խոստումներին չի հավատում, ինչքան այն ռեալ քայլերին, գործողություններին, որ կարող են անել: Մյուս կողմից՝ կուսակցություններն էլ են հմտացել. Եթե նկատել եք՝ շատերը ոչ թե 20-30 էջանոց ծրագրեր են տպագրում, այլ մի քանի քայլերի ծրագիր են ներկայացնում: Դա ավելի ազդեցիկ, ըմբռնելի է, քան, եթե 30 էջանոց ծրագիր գրեին, որը ոչ ոք չի կարդում, բացի նրանցից, ովքեր գրել են այդ ծրագիրը, և մի քանի փորձագետներից»,- պարզաբանեց սոցիոլոգը:

Իսկ մեր այն հարցին, թե՝ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, է՞լ որ ուժերին կտեսնենք ապագա խորհրդարանում, նա պատասխանեց.

«Նախնական վիճակում տեսնում եմ նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, որն իր ընտրողների զանգվածը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի, այնտեղ նաև «Ելք» դաշինքն է երևում, և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը: Տոկոսները չեմ ասում, որովհետև փոփոխական են, բայց բոլորն էլ հնարավորություններ ունեն: Այսինքն՝ կարծում եմ, որ 5-6 կուսակցություն և դաշինք ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն, ուղղակի խնդիրը հետևյալն է՝ այս երկու առաջատարները ձայների «առյուծի բաժինը» կտանե՞ն, թե՞ ոչ:

Կմնա 30-35%, որի համար կմրցակցեն մնացած կուսակցություններն իրար մեջ: Ես կարծում եմ՝ կոալիցիաներ անպայման կձևավորվեն, բայց ընտրություններից հետո՝ ԱԺ-ում: Իմ կարծիքով՝ ոչ մի ուժի չի հաջողվի 50+1, այսինքն՝ մեծամասնությունը ձևավորել: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ուժեղ են, բայց երևի թե ոչ ոքի չհաջողվի դա անել»:

Տեսանյութեր

Լրահոս