Նա զոհվեց՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին. այսօր հերոս լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն է ապրեցրել ու ստիպել առաջ նայել:
«Ինչպես են իսկական, լավ եղբայրները լինում միմյանց հանդեպ, այդպիսի եղբայրներ էինք՝ ամեն հարցում իրար աջակցող: Տիգրանը շատ բարի էր, դպրոցում շատ էին սիրում նրան, օրինակելի ու պարտաճանաչ էր, միայն լավ արարքներով էր աչքի ընկնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի եղբայրը:
Տիգրանը սիրել է երգել, միառժամանակ հաճախել է երաժշտական դասերի: Դպրոցական տարիներին նաեւ զբաղվել է բռնցքամարտով եւ կարատեով: Թեպետ հերոսն ուներ տարբեր նախասիրություններ, բայց ամբողջ կյանքի համար մեկ հստակ ուղղություն էր ընտրել, որոշել էր՝ զինվորական է լինելու:
«Սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որը եղբորս մեջ հայրենիքի մասին պատկերացումներն ավելի ամրապնդեցին: Դեռ փոքրուց ասում էր, որ հայրենիքի պաշտպան է դառնալու, ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Ինստիտուտն ավարտելու օրը լրագրողի հետ զրուցելիս ասել էր՝ սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի: Ավարտեց ուսումը, ստացավ սպայական կոչում ու պայմանագրային ծառայության անցավ Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար»:
Տիգրանի խոսքով՝ եղբոր հերոսական մարտական ուղու մասին փաստում են հենց նրա զինվորները, բոլորը, ովքեր երբեւէ ծառայել են հերոսի հետ: Լեյտենանտ Պողոսյանի անունը կհայտնվեր ապրիլյան պատերազմում հաղթանակած կենդանի հերոսների ցանկում, սակայն ապրիլի 26-ին՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելու ժամանակ, թշնամու հրթիռակոծման հետեւանքով զոհվեց նա՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին: Ինչպես նա էր ասել՝ «սպան զինվորի ավագ ընկերն է», հենց այսպես նա եւս մեկ անգամ ապացուցեց զինվորների հանդեպ իր անսահման նվիրվածությունը:
«Զինվորներն են պատմում, որ եղբայրս ամեն պահի իրենց հետ է եղել: Կողքի դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր: Քառօրյա պատերազմի ժամանակ թեթև վիրավորվել էր, ոչ ոքի չէր ասել այդ մասին, ես շատ ավելի ուշ եմ իմացել, բայց ինձ էլ ասել էր, որ ոչ ոքի չասեմ՝ նույնիսկ ընկերուհուն: Շուտ ապաքինվեց ու նորից շարք վերադարձավ: Ուղղակի բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ նվիրված զինվորական է եղել եղբայրս: Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել: Եղբայրս ուրիշ էր, հենց հերոսի նման էլ կռվեց ու ցույց տվեց, թե ովքեր են զինվորներն իր համար: Շատ բաներ անգամ եղբորս մասին չեմ էլ իմացել, գնացել եմ իր զորամաս, այնտեղ ինձ պատմել են: Ավագ լեյտենանտի կոչումն էլ մայիսին հետմահու ստացավ»,-հպարտորեն ներկայացնում է եղբայրը՝ շեշտելով, որ զինվորներն էլ միշտ հիշում են իրենց հրամանատարին ու հաճախ այցելում հարազատներին:
Հերոսի եղբայրը նաեւ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 13:00-ին, Հոռոմ գյուղի մշակույթի տանը կանցկացվի հերոսի հիշատակին նվիրված միջոցառում:
Սյուզի Մուրադյան