Բաժիններ՝

«Եկեղեցին և դեռահասը»

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ:

-Դեռահասությունը համարվում է ճգնաժամային տարիք: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ընկերական հարաբերությունները ճգնաժամի վրա:

-Դեռահասության տարիքը համարվում է ճգնաժամային, քանի որ անցում է կատարվում մանկությունից հասունություն, դեռահասը փորձում է մեծ երևալ, իսկ ծնողը շարունակում է նրան որպես երեխա ընկալել և վերաբերել: Դեռահասությանը բնորոշ է հոգեբանական և ֆիզոլոգիական բուռն զարգացումը, սեռադերային նույնականացումը, դեռահասն ամեն ինչում ուզում է նմանվել իր սեռի հասուն ներկայացուցչին: Առաջնային պլան է գալիս շփումը հասակակիցների հետ: Ընկերական արդյունավետ հարաբերությունները կարևոր են ճգնաժամի հաղթահարման համար: Ընկերների միջավայրում ընդունված լինելը ապահովում է ինքնաընդունում, խմբի մաս կազմելը դեռահասին ավելի ուժեղ և կարևորված լինելու զգացում է տալիս: Եթե դեռահասը շփվում է այնպիսի խմբի հետ, որի գործողությունները կառուցողական են, ապա դա կարող է դրական ազդեցություն ունենալ այս տարիքի ճգնաժամից դուրս գալու վրա:

-Եթե դեռահասների ընկերության շրջապատում կան այլ կրոնի հետևորդներ, ինչպե՞ս խուսափել այդ ընկերությունից:

-Յուրաքանչյուր ընտանիքի և ծնողի ընտրության հարցն է՝ խուսափել այլ կրոնի հետևորդ դեռահասների հետ շփումից, թե ոչ: Այլ կրոնի հետևորդներ կարող են լինել թե դասարանում, թե ընկերական այլ շրջապատում, ուստի կարևոր է, որ ծնողն իմանա, թե ում հետ է շփվում իր երեխան, այսինքն՝ հնարավորինս ծանոթ լինի իր երեխայի ընկերների նախասիրություններին՝ ընդհուպ մինչև կրոնական պատկանելություն: Շատ դեռահասներ փորձում են մտնել այնպիսի խմբեր, որոնք ունեն որոշակի գաղափարախոսություն, արժեքներ, ուստի ծնողը պետք է հետևողական լինի, որպեսզի երեխան չմտնի աղանդավորական կամ նմանատիպ խմբավարումների մեջ: Նույնիսկ եթե Ձեր երեխան շփվում է այլ կրոն ունեցող երեխաների հետ, պետք է պարբերաբար բացատրել, երեխային թույլ տալ զգալ սեփական կրոնի առավելություններն ու անխախտությունը:

-Դեռահասների ընկերությունը մեծահասակների հետ ի՞նչ ազդեցություն և հետևանք կարող է ունենալ:

-Լինելով անցումային տարիք՝ դեռահասությունը կարևորվում է մեծահասակ լինելու ձգտմամբ: Այս տարիքը համարում է ճգնաժամային, քանի որ տեղի է ունենում բախում մեծահասակների և դեռահասների միջև: Ծնողը շարունակում է դեռահասին ընկալել և վերաբերել որպես երեխայի, իսկ երեխան փորձում է մեծ երևալ: Եթե ծնող-երեխա հարաբերությունները կառուցված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա, ապա դեռահասության ճգնաժամն ավելի հեշտ է հաղթահարվում: Շատ կարևոր է, որ մեծահասակները, ծնողները փորձեն լինել իրենց երեխայի ընկերը: Եթե ծնողը երեխայի ընկերն է, ապա գիտի նրա խնդիրները, մտահոգող հարցերը և կարող է ճիշտ ժամանակին աջակցություն ցույց տալ: Ցանկալի է, որ դեռահասը վստահ լինի, որ իրեն կաջակցեն, կհասկանան ու չեն քննադատի: Դեռահասների ընկերությունը մեծահասակների հետ կարող ենք դիտարկել երկու տեսանկյունից՝ դեռահասի շփում ընտանիքի անդամ մեծահասակների հետ և դեռահասի շփում տարիքով հասուն ընկերների հետ: Այսպիսի փոխհարաբերությունները կարող են ունենալ և դրական և բացասական նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ մեծահասակն ինչ արժեքներ ու աշխարհայացք ունեցող մարդ է:

-Ինչպե՞ս կարելի է դեռահասին մոտեցնել եկեղեցական արարողակարգերին:

-Եկեղեցին որպես քրիստոնեական արժեհամակարգ ձևավորող կառույց իր անփոխարինելի դերն ունի բարձր բարոյական արժեքներով անձ ձևավորելու գործընթացում: Շատ կարևոր է, որ մանկուց երեխայի համար ընթերցեն Աստվածաշունչը: Եթե ընտանիքում ընդունված է եկեղեցի հաճախել, ապա հավանական է, որ դեռահասը հետևի ծնողների օրինակին և նույնպես եկեղեցի հաճախի: Դեռահասությունը լինելով ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան՝ հաճախ առաջ է բերում բախում շրջապատի հետ: Եկեղեցական արարողակարգերին մոտեցնելու համար դեռահասին անհրաժեշտ է բացատրել, ցույց տալ եկեղեցական արժեքների գրավչությունը, ինչու չէ, նաև օգտակարությունը, որպեսզի դեռահասը հասկանա, զգա, որ այդ արժեքներն իրեն կօգնեն կյանքում և շփման մեջ: Այստեղ մեծ է նաև դպրոցի դերը, ուսուցիչները պետք է ուղղորդեն դեռահասներին դեպի եկեղեցի՝ որպես արժեհամակարգ ստեղծող կառույց:

-Դեռահասության տարիքում տղա-աղջիկ հարաբերությունները խրախուսե՞լի են, թե՞ ոչ:

-Դեռահասության շրջանում առաջնային պլան է գալիս շփումը հասակակիցների և հատկապես՝ այլ սեռի ներկայացուցիչների հետ: Քանի որ տեղի է ունենում սեռադերային նույնականացում, ի հայտ են գալիս տղամարդուն կամ կնոջը բնորոշ սեռադերային բնութագրիչներ, դեռահասները փորձում են ավելի շատ շփվել և իրենց հասակակից այլ սեռի ներկայացուցիչների հետ, և մեծահասակ հակառակ սեռի հետ: Դեռահասների համար կարևորվում է հակառակ սեռի վերաբերմունքն իրենց նկատմամբ , և նրանք սկսում են հետաքրքրություն ցույց տալ այլ սեռի ներկայացուցիչների հանդեպ: Դեռահասությունն ինքնագնահատականի ձևավորման համար կարևորագույն տարիք է, սեփական անձը բարձր գնահատելու և կարևորված զգալու համար շատ մեծ դեր ունի հակառակ սեռի գնահատականը: Դեռահասն իրեն գեղեցիկ և հետաքրքիր է զգում, երբ հասակակիցները ու հատկապես հակառակ սեռն իրեն այդպես է վերաբերում: Որոշ ծնողներ, հաշվի առնելով սեռական հասունացումը, արգելում են իրենց երեխաներին շփվել այլ սեռի ներկայացուցիչների հետ՝ վախենալով, որ կարող են առաջանալ ինչ-ինչ խնդիրներ: Ծնողը դպրոցի հետ համատեղ պետք է զբաղվի դեռահասների սեռական դաստիարակությամբ: Տղա-աղջիկ հարաբերությունները մարդու սեռադերային նույնականացմանն ու զարգացմանն ուղեկցող բնականոն երևույթներ են, ուստի ծնողը խրախուսի, թե ոչ՝ դեռահասը ձգտելու է շփվել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Այս շփումից է կախված հետագայում տղամարդ-կին հարաբերությունների որակն ու բնույթը: Դեռահասին չպետք է արգելել շփվել հասակակիցների և այլ սեռի ներկայացուցիչների հետ, ուղղակի պետք է լինել հետևողական և ավագ ընկեր:

-Ի՞նչ դեր ունեն աղոթքները դեռահասության տարիքում:

-Լինելով հավատի դրսևորման լավագույն ձևերից, աղոթքը կարևոր է դեռահասության տարիքում: Ցանկալի է, որ դեռահասն, ով ունի աջակցության, ինքնաընդունման և շրջապատի կողմից ընդունման խնդիր, ծնողների օգնությամբ իմանա աղոթքի հնարավորությունների մասին: Լինելով Աստծո հետ հաղորդակցություն, աղոթքը միաժամանակ հնարավորություն է տալիս գիտակցել և զգալ սեփական մտքերն ու զգացողությունները: Որպեսզի Ձեր երեխան սովորի աղոթել, դեռ մանկությունից պետք է երեխայի հետ աղոթել՝ թեկուզ սեփական բառերով:

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս