«Գլոբալ ՌԴ-ԱՄՆ տարաձայնությունները հեռու են պահվում ԼՂ հակամարտությունից». փորձագետ

«ԼՂ հակամարտությունը չեն տեղափոխում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագային և դրա ազդեցությանը տարածաշրջանային հակամարտությունների վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականն իրական բեկում մտցրեց դեռևս նախընտրական շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում խոստացող ԱՄՆ նախագահի հռետորաբանությունում, և Ֆլինի հրաժարականին հաջորդեցին ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին կոշտ հայտարարությունները։ Նախ՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սպայսերը հայտարարեց, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանից ակնկալում է Դոնբասում տիրող լարվածության ապաէսկալացիա և Ղրիմի վերադարձ, այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում նշեց. «Ռուսաստանը Ղրիմը գրավել է Օբամայի օրոք։ Նա շատ մեղմ չէ՞ր Ռուսաստանի հանդեպ»:

Սյուզան Ստյուարտի խոսքով՝ դատելով նաև Բավարիայում անցկացվող մյունխենյան 53-րդ համաժողովում հնչող ելույթներից, ԱՄՆ ներքին ճնշումներից՝ Ռուսաստանի նկատմամբ նախորդ տարիների քաղաքականությունը կշարունակվի: «Ինչ էլ որ խոստանար ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, նախագահի պաշտոնում նա պարտավոր է զգուշավոր գտնվել, քանի որ իր այդ մեծ հավակնությունների պատճառով կարող է վտանգի տակ դնել հենց իր իշխանությունը, որի վառ ապացույցը Ֆլինի սկանդալն է և դրանից հետո մի շարք բացահայտումները Կրեմլի և այլ պաշտոնյաների կապերի մասին, ինչը չկանխարգելելու և հետքերը չվերացնելու դեպքում՝ վտանգի տակ կհայտնվի հենց Դոնալդ Թրամփի նախագահությունը, որը Թրամփը շատ լավ հասկացավ և անմիջապես փորձեց արձագանքել դրան: Վստահ եմ, որ ավելի սուր քաղաքականություն, քան Օբամայի քաղաքականությունն էր, չի լինելու, կշարունակվի նույն մարտավարությունը»,- ասաց Ստյուարտը: Վերջինս նկատեց, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո ռուս-ամերիկյան լարվածությունը Սիրիայից տեղափոխվել է Դոնբաս, և առաջիկայում Դոնբասում այն էլ ավելի կխորանա՝ հաշվի առնելով Թրամփի կտրուկ դիրքորոշումը Դոնբասի և Ղրիմի հարցում: Ըստ նրա՝ Ռուսաստանը ռազմական հողի վրա չի կարող չպատասխանել այս դիրքորոշմանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրավիճակին, Սյուզան Ստյուարտն ասաց, որ գերտերությունները շատ լավ են հասկանում Ղարաբաղում իրավիճակի բռնկման հնարավոր կործանարար հետևանքները: Ըստ նրա՝ միջնորդները հետաքրքրված են, որպեսզի իրավիճակը Ղարաբաղում դուրս չգա վերահսկողությունից, ուստի այս հակամարտությունը չեն տեղափոխում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստ՝ ապահովելով մինիմում համագործակցություն այստեղ:

«Միևնույն ժամանակ, այդտեղ իրավիճակն արդեն իսկ պայթյունավտանգ է, որի լայնամասշտաբ բռնկումն անկառավարելի իրավիճակ կստեղծի ողջ տարածաշրջանում, երբ կանխատեսելի է, որ Թուրքիան կսատարի Ադրբեջանին, ինչպես դա արեց ապրիլին, իսկ Ռուսաստանը կհայտնվի բավականին բարդ կացության մեջ և անորոշ իրավիճակում: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը չեն կարող ուշադրությունը բևեռել մի քանի օջախների վրա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ղարաբաղի ծավալները շատ ավելի լուրջ են լինելու, քան Դոնբասը: Կարծում եմ, որ այս հեռանկարներն են պատճառը, որ գլոբալ տարաձայնությունները հեռու են պահվում ԼՂ հակամարտությունից»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս