Բաժիններ՝

«Ցանկանում եմ, որ ապագա կառավարությունը շատ-շատ մեծ դժվարություններ ունենա կառավարելու այս ժողովրդին». Արմեն Մարտիրոսյան

Փետրվարի 19-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և արդեն 8-րդ տարին է, Հայաստանում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։

Տոնին ընդառաջ՝ այսօր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ քննարկեցին՝ որքանո՞վ է հասունացած այս մշակույթը մեր երկրում, ո՞ր գրքերն ու հեղինակներն են առավել պահանջված, ինչպես նաև՝ առաջիկա տոնակատարությունների և միջոցառումների մանրամասները:

Այսպիսով, վաղը՝ փետրվարի 19-ին, Երևանի ողջ տարածքում սպասվում է Գիրք նվիրելու օրը նախանշող միջոցառումների շարք, որի ընթացքում, ինչպես հավաստիացրեց ասուլիսի բանախոս, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրքերը կվաճառվեն զգալի զեղչերով: Հայաստանի գրեթե բոլոր, ներառյալ՝ նաև ամենաառաջատար հրատարակիչները կներկայանան իրենց առաջարկներով, գրքի տոնը կուղեկցվի հանրային դեմքերի՝ հայտնի հաղորդավարների, դերասանների, քաղաքական գործիչների մասնակցությամբ, կմեկնարկի Ազատության հրապարակից, ժամը 12-ին:

«Կա մի մեծ անակնկալ, որի մասին դեռևս ոչինչ չենք ասի, թող մնա անակնկալ: Բոլորին հավիրում ենք Ազատության հրապարակ, տեսնելու՝ ի՞նչ անակնկալի մասին է խոսքը: Կարող ենք տեղեկացնել, որ վաղը տոնի առիթով շատ հայտնի հասարակական, մշակութային դեմքերի կտեսնեք գրավաճառի կարգավիճակում, այդ թվում նաև՝ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին, իսկ ես կլինեմ գրավաճառի օգնական: Սա արվում է այսօր ցավալիորեն նսեմացված համարվող մասնագիտության՝ գրավաճառների համբավը բարձրացնելու և իր արժանի տեղը դնելու համար, ինչպես ամբողջ աշխարհում է: Այս ոլորտում այսօր երկու նսեմացված թիրախ ունենք՝ գրավաճառներն ու գրադարանավարները, երկուսի վրա էլ աշխատելու տեղ կա: Մի խոսքով, վաղվա համար շատ մեծ անակնկալներ ունենք», – ասում է ասուլիսի բանախոս, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով գրքերի լայքահավաքությանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է՝ սա երևի Ֆեյսբուք սոցիալական ցանցի ամենաուրախ երևույթներից մեկն է, որ կա.

«Ժամանակին, երբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ նախաձեռնեցինք այս ավանդույթը, մի քիչ այլ նպատակ էինք դրել մեր առաջ. ոչ միայն, որպեսզի մարդիկ գիրք նվիրեն ու ստանան, այլ նաև ֆեյսբուքյան տաղտուկ ու գաղջ լրահոսի տաղտուկն ու գաղջը գրքերով լցնելու ձգտում կար: Սա ոչ միայն գիրք շահելու պրոցես է, այլև հրաշալի հնարավորություն՝ ներկայացնելու մեր հանրությանը, թե ինչ գրքեր են լույս տեսել: Եթե այս տեսանկյունից վերլուծենք որակական ձեռքբերումները, ապա կնկատենք, որ, եթե նախկինում լայքահավաքին մասնակցում էին միայն երիտասարդ աչոնիկներն ու պատանիները, ապա այս տարվա մեր մրցույթը որակապես այլ աստիճանի վրա է:

Դրան արդեն մասնակցում են նաև նրանք, ովքեր այս կամ այն գրքերի կարիքն ունեն, և, եթե նախորդ տարիներին շատ հայտնի մարդիկ պարզապես ամաչում էին կիսվել, որովհետև մտածում էին՝ կգնան կգնեն գրքերը, ապա այս տարի պատկերը բոլորովին այլ է՝ տոնի զգացողությունն իրենց մոտ էլ կա, առկա է: Այստեղ երևի պետք է նկատեմ, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի ողջ անձնակազմը մասնակցել է գրքի տոնին նվիրված այս տարվա լայքահավաքին, և նրանցից մեկը՝ գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանը, շահել է գիրք և վաղը կգա ստանալու իր նվերը»:

Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տոնին ընդառաջ՝ նախապատրաստում են kardalu.am (կարդալու եմ) կայքի ստեղծման աշխատանքները և սմաթֆոնային հավելվածը, որտեղ զետեղված կլինեն «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ տպագրման պատրաստվող և արդեն իսկ առկա գրքերից հատվածներ. «Ստեղծվող կայքը հնարավորություն կտա նաև շատ հեշտությամբ գնելու այնտեղ առաջարկվող գրքերը: Փորձում ենք բանակցել տարբեր վճարային համակարգերի հետ, որպեսզի ընթերցողի համար դա դառնա մաքսիմալ էժան, շահավետ, հեշտ և հաճելի մի պրոցես»:

Արքմենիկ Նիկողոսյանն ասուլիսի ավարտին խոստովանեց.

«Նախկինում շատ հաճախ մենք էլ էինք ձևականությունների դիմում, որպեսզի տոնը կայանա, ավանդույթ դառնա, բայց արդեն վաղը, հավատացեք, ձևականությունների դիմելու կարիք չի լինելու, և, եթե դուք քաղաքում լինեք, ուղղակի անկարող կլինեք չմասնակցել տոնին՝ ակամա ունենալով թե´ գիրք նվիրելու, թե´ գիրք ստանալու բուռն ցանկություն: Գիրք նվիրելու մշակույթը կարծես մշակվում է, մնում է սովորենք դրանք կարդալու արվեստը»:

Արմեն Մարտիրոսյանն էլ, որպես ամփոփում՝ հավելեց.

«Մենք նախապատրաստվում ենք Ազգային ժողովի ընտրություններին, և ես ցանկանում եմ, որ ապագա կառավարությունը շատ-շատ մեծ դժվարություններ ունենա կառավարելու այս ժողովրդին, իսկ դժվար է կառավարել միայն այն ժողովրդին, որը կարդում է»:

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնության հեղինակը Հայաստանի գրողների միությունն է: Հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս