Իրանի գազի արդյունաբերության զարգացման հեռանկարը՝ հարցականի տակ

Իրանը, որի ընդերքում են գտնվում աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարները, միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքից հետո Թեհրանը փորձում է գրավել արտասահմանյան ներդրողների։ Սակայն Դոնալդ Թրամփի կողմից որդեգրած կարծր դիրքը հարցականի տակ է դնում Իրանում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող Իրանի գազի արդյունաբերության հնացած բնագավառը զարգացնելու համար անհրաժեշտ է 100 միլիարդ դոլար։ Եվ այդ պատճառով Թեհրանը որոնում է օտարերկրյա ներդրողներ։

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքի արդյունքում հանվեց այս երկրի նկատմամբ կիրառվող հիմնականում եվրոպական պատժամիջոցների մի մասը։ Սակայն քանի դեռ, ասում են մասնագետները, ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցերով զբաղվող գործակալությունն այդ իրավունքը չի տվել, ամերիկացիները չեն կարող գործարք սկսելու հնարավորություն ստանալ։

Այդ պատճառով էլ Իրանը հայացքը թեքում է այլ ուղղությամբ՝ դեպի Հնդկաստան, որը կարող է դառնալ մի մեծ շուկա իր բնական գազի համար։

Հնդկական «Հարավասիական գազ» անվանումը կրող ընկերությունը ծրագրում է կառուցել երկու երկրների միջեւ խողովակաշար, որը լինելու է աշխարհում ստորջրյա ամենախորը խողովակաշարը։

1 3ՕՕ կմ ձգվող խողովակաշարը, որի կառուցման համար պահանջվելու է 5 միլիարդ դոլար, անցնելու է ծովի 2 հազար 5ՕՕ մետր խորությամբ։ Սակայն նման ներդրումների արդյունավետությունը կախված է լինելու գազի գներից, ինչի մասին այսօր դժվար է կատարել կանխատեսումներ։

Տնտեսական վերլուծաբաններից Վինսենթ Գրութն ասում է. «Ներդրողները չեն սիրում գործ ունենալ տատանվող գների հետ։ Ուրեմն ՕՊԵԿ-ի պես, որը Նավթ արտահանող երկրների միությունն է, պետք է ունենալ ԳՊԵԿ, այսինքն՝ Գազ արտահանող երկրների միություն»:

Իրանը կուզենար նկատելի դեր ստանձնել նման կազմակերպությունում։ Սակայն հորիզոններն այստեղ մշուշոտ են։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար է քննադատում Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, իսկ պատմությունը ցույց է տվել, ասում է Գերմանա-իրանական առեւտրի կենտրոնի ներկայացուցիչներից Ռայներ Յահնը, որ Միացյալ Նահանգները կարող է միջամտել՝ արգելելու համար արտասահմանյան ներդրումներն Իրանում։

Հիշեցնենք ֆրանսիական «Բե Էն Պե Պարիբա» ընկերության օրինակը, որը 2Օ14 թվականին պատժամիջոցներն անտեսելու արդյունքում տուգանվեց 8 միլիարդ 9ՕՕ միլիոն դոլար։

Այնպես որ այժմ, ասում են փորձագետները, երբ Դոնալդ Թրամփը նոր անորոշ վիճակ է ստեղծում այս բնագավառում, հստակ ոչինչ չի կարելի ասել Իրանի գազի արդյունաբերության զարգացման հեռանկարների մասին։

Տեսանյութեր

Լրահոս