«Դաշինքներից ամենաընկալելին «Ելքն» է». Գառնիկ Իսագուլյան
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը երեկ ԿԸՀ ներկայացրեցին համապատասխան փաստաթղթերը: Այսպիսով՝ ընտրապայքարում կլինի 4 դաշինք, 5 կուսակցություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս դաշինքների և կուսակցությունների հեռանկարների մասին իրենց գնահատականներն ու կանխատեսումները հնչեցրին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Շատ լավ է, որ գոնե 9 մասնակցություն կա, սակայն շատ կարևոր է, թե ինչ կարգախոսով են մասնակցում: Իշխանությունը, պարզ է, որևէ խնդիր չունի. քանի տարի առաջ գիտեր, որ փոխվելու է Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, գիտեր, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու: Իսկ մնացած բոլոր կուսակցությունները, ձևավորված դաշինքները գալիք ընտրությունների հետ կապված ոչ մի նախնական պատրաստվածություն չէին տանում, բացի «Հայկական վերածնունդից»: 2 տարի առաջ Բաղդասարյանը հրաժարական տվեց, սկսեց պատրաստվել գալիք ընտրություններին, արդյունքում՝ ստեղծվեց կոալիցիա, որը վերջին համագումարով ձևակերպվեց՝ որպես մեկ կուսակցություն՝ «Հայկական վերածնունդ»: Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը միշտ այս ծրագիրը կիրառում է. ժամանակին կարողանում է սկսել նախընտրական գործունեությունը և, ըստ էության, պատրաստ է լինում ընտրություններին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Խոսելով Հայ հեղափոխական դաշնակցության մասին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց.
«Ավանդական կուսակցություն է, ինչ-որ տեղ՝ նաև ազգային արժեք, միակ խնդիրն իրենց ավանդույթներն ու կանոնադրություններն են, որոնք թույլ չեն տալիս, որ այս կուսակցությունը բազմանդամ լինի, դրա համար դժվար կլինի վարկանշային ցուցակները ներկայացնել այն որակով, որոնք կուզենային: «Ազատ դեմոկրատներին» ևս հաջողվել է հաջող թիմ ստեղծել, նրանց խնդիրն այն է, որ քարոզիչները շրջաններում կարողանան տարածել իրենց գաղափարները, որպեսզի վարկանշային արգելապատնեշը հաղթահարեն»:
Անդրադառնալով նախընտրական ցուցակներին՝ քաղտեխնոլոգ Կարոն Քոչարյանն էլ նշեց. «Կա սերնդափոխության տենդենց դաշինքներում ցուցակների տեսքով, իհարկե, ոչ բոլորը, որովհետև միանգամից հնարավոր էլ չէ: Բայց այն, որ կա տենդենց, փաստ է: Սա թելադրեցին իշխանության կողմից Հանրապետական կուսակցությունը, ընդդիմության կողմից՝ «Ելքը»»:
«Ես դեռ մտածում եմ, որ Օհանյան-Օսկանյան՝ սկզբից Դալլաքյան, հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի մեջ դեռ խմորումներ գնում են, դաշինքը վերջնական ձևավորված չէ, թեպետ ինչ-որ փաստաթղթեր ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց դեռ ձևավորման փուլում է: Ի՞նչ ընդհանուր կարգախոսով են հանդես գալու՝ դժվար է ասել, համենայն դեպս, եթե հանդես գան միայն իշխանափոխության կոչով, ապա դա աշխատող տարբերակ չի լինի»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա, նրա կարծիքով՝ այն հապշտապ է ձևավորվել. «Որովհետև հայտարարվեց, որ ձևավորվելու է մեծ կոալիցիա՝ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ, բայց, ըստ էության, «Բարգավաճը» մնաց մենակ: Նրանք կոչ էին անում միասնականության, բայց ռամկավարներին իրենց միացնելու փոխարեն՝ ռամկավարների մեջ ճաք առաջացրին, Հնչակյան կուսակցությանն իրենց միացնելը էլի չհաջողվեց: Ու իրենց կարգախոսը՝ «Մեր խոսքը գործ է», ունեցավ ճիշտ հակառակ ազդեցությունը»:
Իսկ դաշինքներից ամենաընկալելին, Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ «Ելքն» է, որովհետև արևմտյան արժեհամակարգի կրողն է, ինչը, ըստ նրա՝ ցույց են տվել իրենց գործունեությամբ: «Կա գաղափարական ընդհանրություն, կա սոցիալական, տնտեսության հետ կապված ընդհանուր գիծ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված դիրքորոշում, այսինքն՝ սա գաղափարական հենքի վրա ձևավորված միակ դաշինքն է: Միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, այն է, որ պետք է կարողանան հաղթահարել 7 %-անոց արգելապատնեշը»:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանում հայտնվելու «գերազանց» հնարավորություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որովհետև «իրենք մի քանի տարի ունեին պատրաստվելու այս ընտրություններին»: «Նրանց ցուցակը մեսիջ է, թե ինչ քաղաքական գիծ են որդեգրելու: Հանրապետականի ֆասադայի հատվածն էլ լավ է անցել ընդհանուր առմամբ, այսինքն՝ առաջին տասնյակում չկան կրիմինալներ, օլիգարխներ, մականունավորներ, մնացածն արդեն ճաշակի խնդիր է»:
Իսկ Կարեն Քոչարյանն էլ նկատեց. «Մեր քաղաքական գործիչները դեռ չեն հասկանում իրենց գլխի գալիքը, չեն հասկանում, որ իրենց գցել են, որ իրար գզեն, ձայն բերեն կուսակցությանը, բայց իրենց 75-80 %-ը մաքրվելու է, որովհետև 4-5 հոգուց միայն մեկն է անցնելու խորհրդարան, մնացածը դուրս են մնալու՝ ձայն բերելով կուսակցությանը»:
«Չեմ ուզում՝ որևէ կուսակցություն, որը չունի հստակ գաղափարախոսություն, անցնի վարկանշային արգելապատնեշն առևտրի շնորհիվ, քանի որ հիմա Հայաստանն առևտուր անելու ժամանակ չունի, ու չի կարելի էս հասարակությանը խաբել»,- վերջում ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը:
Անի Թորոսյան