Դավիթ Հարությունյանն ու Մուկուչյանը ներկայացրին ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման արդյունքները
Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ներկայացրին տեղեկություններ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ շտկումների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը։ «Թերևս, բոլորն արդեն գիտեն, որ կրկնակի քվեարկության դեպքում պետք է կարմիր նշան հայտնվի, ենթադրենք, եթե անձը տեղամասից չէ, ցուցակում առկա չէ՝ պետք է դեղին նշան հայտնվի։ Պարզ դարձավ, որ այդ նշանները պետք է խոշորացվեն և ավելի տեսանելի դարձվեն, որպեսզի վստահված անձինք, դիտորդները կարողանան միանգամից տեսնել։ Եղավ մի առաջարկ դիտորդներից, և մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել դա կյանքի կոչելուն։ Եթե կարմիր լույս վառվի էկրանին, ապա ցանկալի է նաև, որ լինի համապատասխան ձայնային բարձր ազդանշան, և նույնիսկ առաջարկվեց, որ ոստիկանական մեքենայի ձայնին նմանակող ազդանշան լինի»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Ըստ նրա՝ մեկ այլ դեպք է, երբ սարքը չի կարողանաում ավտոմատ կարգով կարդալ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, քանի որ փաստաթղթերը լինում են մաշված, խազերով և լաքաներով, որի դեպքում մասնագետը պարտավոր է համարը մուտքագրել ստեղնաշարով, բայց քանի որ դա ոչ ստանդարտ ռեժիմ է, առաջարկություն եղավ, որ այս պարագայում ևս ոչ այդքան ցայտուն ձայնային ազդանշան կիրառվի, որպեսզի ուշադրություն գրավվի։ Ըստ բանախոսի՝ այս փոփոխությունները կյանքի կոչման փուլում են։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ կան նաև հարցեր, որոնք վերաբերում են հանձնաժողովների անդամների աշխատանքին։ «Երբ սարքը տպում է կտրոնը, դրա վրա նշվում է նաև ընտրողի հերթական համարը, դա հատուկ նշվում է այն բանի համար, որպեսզի հետո, երբ մատյանում ընտրողը ստորագրի, հեշտ գտնեն ընտրողին, բայց հարց բարձրացվեց, որ այդ թիվն այնքան ցայտուն ու խոշոր լինի, որպեսզի նրանք ժամանակ չծախսեն որոնելու, թե կտրոնի որ հատվածում է այդ թիվը։ Նմանատիպ փոքր հարցերը շատ կարևոր են, երբ կա մարդկանց շատ մեծ հոսք»,- նկատեց Հարությունյանը։
Երրորդ խումբ հարցերը, նրա խոսքով՝ բարձրացրին մասնագետները, որոնք փորձարկում էին սարքերը։ Մասնավորապես, ըստ բանախոսի՝ խոսքը վերաբերում էր ծրագրի որոշ դեպքերում լրացուցիչ պահանջներին։ «Օրինակ՝ ընտրողի պատկերն է հայտնվում, մասնագետը լրացուցիչ պետք է սեղմի «շարունակել» կոճակը, երբ դրա կարիքը շատ դեպքերում պարզապես չկար, այսինքն՝ ծրագրային պարզեցման խնդիր են դրել մի շարք դեպքերում, մանրամասն քննարկել ենք, և այն, ինչ հնարավոր է կյանքի կոչել, կյանքի կկոչենք բնականաբար։ Եղան դիտողություններ սարքերի կոնստրուկցիայի հետ կապված, մասնավորապես՝ կա մի դռնակ, որը փակում է, ենթադրենք, լիցքավորման սարքի միացման կետը, կոնստրուկտիվ առումով թույլ է, փոխում ենք»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ ծրագրային ապահովման հետ կապված հարցեր ևս բարձրացվեցին։ Ըստ բանախոսի՝ փորձարկված տարբերակն ավարտուն չէր, և մենք դեռևս ունեինք սինքրոնիզացիայի խնդիրներ, բայց շատ կարևոր էր հենց իրական կյանքում փորձարկել, որպեսզի տեսնեն՝ որտեղից են առաջանում սինքրոնիզացման խնդիրները, դրանք ֆիքսված են արդեն, և աշխատանքները գնում են։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, այս պահին կարելի է ենթադրել, որ որևէ լուրջ խնդիր չի առաջանա ընտրական գործընթացի պահին։
ԿԸՀ նախագահը ներկայացրեց նոր քվեարկղը։ «Նախատեսված է առանձին արկղ, որը հենց քվեատուփի մեջ է լինելու, բոլորից գաղտնի, դրա մեջ կլցվեն չքվեարկած քվեաթերթիկները: Նշյալ քվեախուցը լիարժեք ապահովելու է առանց կողմնակի ազդեցության քվեարկությունը»,- պարզաբանեց նա։
Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ բոլոր թերությունները մինչեւ ապրիլի 2-ը կշտկվեն:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ այս միջոցառումները կօգնեն քաղաքացիներին վստահել գործընթացին։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի նպատակը եղել է՝ օգնել հասարակությանը` բարելավել վստահությունն այս ամբողջ գործընթացի հանդեպ: «Մենք վստահ ենք, որ սա շատ կօգնի որակական նոր մակարդակի հասցնելու ընտրությունները Հայաստանում, որը նախկինում չի եղել»,- ասաց նա: