Ինչ մեսիջներ են ուղարկում ընտրացուցակները
Հրապարակվող ցուցակներն ինքնանպատակ չեն լինում, դրանք ինչ-որ մեսիջներ են փոխանցում հասարակությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեսիջ են պարունակում կուսակցությունների հրապարակած ցուցակները:
Բանախոսը նախ խոսեց ՀՀԿ համամասնական ցուցակի մասին՝ նշելով, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելը շատերի մոտ զարմանք առաջացրեց, որովհետև նա ընդամենը 3-4 ամիս առաջ մտավ ՀՀԿ, այն էլ՝ պաշտպանության նախարար դառնալուց հետո.
«Բացի այդ, նա զբաղվել է պաշտպանության ոլորտով և կուսակցական գործունեություն չի իրականացրել: Արևմտյան երկրներում խորհրդարանական ընտրությունների ցուցակը գլխավորում են այն մարդիկ, որոնք տվյալ կուսակցության համար երկարատև աշխատել են, ու մեծ ավանդ ունեն դրա կայացման, հզորացման գործընթացում: Սա չպահպանվեց ՀՀԿ-ի դեպքում: Երբ նայում ենք ՀՀԿ-ի համամասնական և ընտրատարածքային ցուցակները՝ գալիս ենք այն եզրակացության, որ այդ ցուցակը կազմելով՝ ՀՀ նախագահը լուծել է մի քանի խնդիր. առաջին՝ իշխանության համակարգում ուժեղացնելով պաշտպանության նախարարի դիրքերը՝ անուղղակի թուլացնում է վարչապետի դիրքերը: Նախագահը վարչապետի քաղաքական կշիռը թուլացրեց, պաշտպանության նախարարինը՝ բարձրացրեց, ու փորձեց հավասարեցնել երկու գործիչներին»:
Նախագահի լուծած երկրորդ խնդիրը, ըստ քաղտեխնոլոգի՝ այն էր, որ ցուցակում բոլորը նախագահի թիմակիցներն են, վարչապետից ոչ մի թիմակից չկա. «Եթե դրան գումարում ենք ընտրատարածքային ցուցակները, որտեղ հիմնականում օդիոզ դեմքեր են, տեսնում ենք, որ հիմնականում նախագահի կողմնակիցներն են: Այսինքն՝ խնդիրը դրված էր այս սկզբունքով՝ ապագա խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցությունը միանշանակ դարձնել ենթակա խմբակցություն՝ հետագայում դա օգտագործել այլ խնդիրների համար»:
Ա. Բադալյանի խոսքով՝ երրորդ խնդիրն այն էր, որ ցուցակը գլխավորում են նախկին երիտհանրապետականներ, որոնց քաղաքական կարիերան կախված է եղել նախագահից. «Առաջին տասնյակում հին հանրապետականներ չկան: Սա էլ երրորդ մեսիջն էր՝ կուսակցության մեջ փորձ կատարել ուժերի վերադասավորման, հնաբնակներին երկրորդ պլան մղել, և անմիջականորեն իրենից կախում ունեցող կուսակցական գործիչներին բարձրացնել»:
Ըստ նրա՝ տարօրինակ էր այն, որ վարչապետն իր դիրքերը կամովին զիջում է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա բանախոսը նկատեց՝ այն, որ ասվում էր, թե Ծառուկյանը վերադառնալու է լայն դաշինքով, տեղի չունեցավ. «ԲՀԿ-ն համաձայնագիր ստորագրեց «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների հետ, որոնցից առաջինում բարգավաճականներն են, իսկ երկրորդն անորոշ կուսակցություն է: Այսինքն՝ սա արհեստական դաշինք է: Ցուցակում կան նաև այլ կուսակցականներ, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն կարող էր Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների ներկայացուցիչներին էլ իր ցուցակով տանել, քանի որ սա վնաս է ԲՀԿ-ին. կուսակցությունը 5% է հաղթահարում, դաշինքը՝ 7%: ԲՀԿ-ն 2% կորցնում է՝ հանուն ոչ մի բանի»:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն էլ, ըստ Արմեն Բադալյանի՝ անհասկանալի է. «Ցուցակը գլխավորում են Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Վարդան Օսկանյանը, բայց դաշինքի անունն այլ է, մանավանդ, որ սա երկու կուսակցության դաշինք է՝ «Ժառանգություն» և «Համախմբում»: Ուղղակի փորձել են Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի անունը շեշտադրել, բայց վերջինս 11-րդ տեղում է, և տեխնիկապես ոչ հաջողված դաշինք էր»:
Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը. «ՀԱԿ-ը հիմա բավականին թուլացել է, սա 2008 թվականի ՀԱԿ-ը չէ: Հետևաբար՝ հարց է առաջանում. ո՞րն է նպատակը՝ ՀԺԿ-ի հետ դաշինք ձևավորելու, հատկապես, որ ՀԺԿ ղեկավարն ԱԺ-ում ընդդիմադիր ուժում ներգրավված կոճակ սեղմող է»:
Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ «Ելք» դաշինքն է նոր ուժ, որը, ըստ նրա՝ տեխնիկական խնդիրներ չունի:
Ինչ վերաբերում է Կոմունիստական կուսակցությանը՝ բանախոսը նշեց, որ անգամ չարժի դրա մասին խոսել, որովհետև այն վերածվել է ծերակույտի: «Ազատ դեմոկրատները», ըստ նրա՝ ճիշտ են արել, որ մի կուսակցությամբ են գնում, բայց նա էլ այն ազդեցությունը չունի, որ հավակնի մեծ տեղեր ստանալու: ՀՎԿ-ն էլ, ըստ Արմեն Բադալյանի՝ նախկինում եղած ու իրենց գործունեությամբ հայտնի գործիչներից է բաղկացած, իսկ ՀՅԴ-ն էլ առաջարկելու որևէ նոր բան չունի, քանի որ Հայ Դատի գաղափարախոսությունն արդեն գրավիչ չէ:
Ամփոփելով՝ նա ասաց, որ մեզ հայտնի դեմքերն են գնում խորհրդարան, որևէ որակական փոփոխություն ապագա գործունեության մեջ իմաստ չունի ակնկալել. «Այն, ինչ կար նախկինում, շարունակվելու է նաև ապագայում»: