«Առաջադրումների ավարտից հետո սկսվել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման աշխատանքները». Մուկուչյան

«Մինչև փետրվարի 26-ն իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների և դաշինքների ցուցակների առաջադրումների արդյունքը։

Նա նշեց, որ առաջադրման փաստաթղթեր ներկայացրել է 9 սուբյեկտ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացված է 1539 քաղաքացի, որպես թեկնածու, տարածքային ընտրական ցուցակներում բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների թիվը 1191 է։ «Այս ժամկետից հետո սկսվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման աշխատանքների իրականացումը, այսինքն՝ ուսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը, և արդյունքում մինչև ամսի 26-ն իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը, որի ժամանակ ևս կներկայացվի թե՛ այդ աշխատանքների ընթացքը, թե՛ արդյունքը, և, թե ինչպիսին է գրանցումից հետո ընդհանրական պատկերը»,- ասաց Մուկուչյանը։

Նա նաև փոխանցեց, որ ըստ ներկայացված ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում, բոլոր կուսակցությունների կողմից  110 քաղաքացի է ներկայացրել առաջադրման փաստաթղթեր, ամենաքիչ քանակությամբ՝ երկու մարզերում Արագածոտնի և Տավուշի, որտեղ յուրաքաչնյուր մարզում 60 քաղաքացի է առաջադրվել տարբեր կուսակցություններով։ «Մենք առավել մանրամասն տեղեկատվություն՝ պայմանավորված այս հանգամանքով, կներկայացնենք գրանցման ժամկետի ավարտից հետո, որովհետև հիմա մանրամասն ուսումնասիրվում են բոլոր փաստաթղթերը, որովհետև դրանք բավականին ծավալուն փաստաթղթեր են յուրաքանչյուր կուսակցության պարագայում»,- ասաց Մուկուչյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս