Իվանկան և Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կկիսեն «առաջին ընտանիքի գրասենյակը». ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և կինը՝ Մելանյա Թրամփը, կկիսեն Վաշինգտոնում «առաջին ընտանիքի գրասենյակը», գրում է New York Daily News-ը։
Նշվում է, որ երկրի ղեկավարի դուստրը արդեն դիզայներներ է հրավիրել նստավայրի արևելյան թևում գոյություն ունեցող շինությունները նորացնելու նպատակով։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ նախկին գրասենյակը կվերանվանվի «առաջին ընտանիքի գրասենյակ»։
Ինչպես հայտնում է պարբերականը, երբ Թրամփի կինը Նյու Յորքից տեղափոխվի Վաշինգտոն, ապա ստիպված կլինի գրասենյակը կիսել Իվանկայի հետ։ Նշվում է, որ մրցակցություն երկու կանանց միջև չկա, քանի որ նրանք միանգամայն տարբեր օրակարգեր ունեն։
Բացի այդ՝ ըստ պարբերականի՝ ԱՄՆ առաջին տիկինը դեկորատորներ է վարձել, որոնք պետք է զբաղվեն Սպիտակ տանը ընտանիքի սենյակների նորացմամբ։
Սպիտակ տունը մեկնաբանություններ դեռ չի կատարել։