
«Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի». Ադրբեջանի օմբուդսմենի ապարատ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի, ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները Լապշինի հետ հանդիպել էին փետրվարի 16-ին Բաքվի քննչական մեկուսարանում, տեղեկացնում է TASS-ը։
«Մարդու իրավունքների հարցերով պաշտպանի խմբի անդամները առանց նախազգուշացման այցելել են Բաքվի քննչական մեկուսարան։ Նպատակն է եղել ուսումնասիրել ձերբակալվածի պահման պայմաններն ու նրա հետ հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ի ապարատի աշխատակիցները «անհատական կարգով ընդունել են ձերբակալված Լապշինին»։
Նշվում է, որ «Լապշինը նշել է, որ գոհ է պահման պայմաններից ու իր հետ մեկուսարանի աշխատակիցների շփումից, ինչպես նաև բժշկական սպասարկումից ու սննդի որակից»։
Բլոգերը նաև ասել է, որ «առանց խոչընդոտի օգտվում է իր իրավունքներից, ազատորեն հանդիպում է փաստաբանների ու թարգմանիչների հետ, Ռուսաստանի ու Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որոնց քաղաքացին հանդիսանում է»։