Ադրբեջանում գեներալների «արտադրության» գաղտնիքը
Ադրբեջանում պարզել են ազգային բանակում գեներալների «արտադրության» գաղտնիքը: Vetenugrunda.az կայքը հայտնում է, որ իր ձեռքում եղած տեղեկություններով` ներկայում Ադրբեջանում նման կոչում ունեցողների թիվը մոտ 200 է, եւ ամեն տարի նրանց թիվը 10-15-ով աճում է:
Կայքը համեմատության համար նշում է, որ Չինաստանի 2 մլն 285 հազարանոց բանակում գեներալների թիվը ընդամենը 191 է, Գերմանիայի բանակում` 202, Թուրքիայի բանակում, որի անձնակազմը գերազանցում է 700 հազարը` 364:
Անդրադառնալով ադրբեջանական բանակում գեներալների մեծ թվին՝ կայքը գրում է, որ կողքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ եթե պատերազմ սկսվի, ապա այդչափ գեներալ ունեցող Ադրբեջանի զինված ուժերը կարճ ժամանակում հաղթանակ տանելուց բացի այլ տարբերակ չունեն, եւ ափսոսանքով ընդգծում, որ իրականությունն այլ է, քանի որ քանակը դեռեւս որակ չի նշանակում:
«Հարց է ծագում. յուրաքանչյուր գեներալի կոչում կրող սպան արդյոք իրականում գեներալ է: Իրականության հետ ծանոթ յուրաքանչյուրը կասի, որ բոլորովին էլ ոչ: Ադրբեջանում իրական գեներալների թիվը չի կարող անգամ 10-15 լինել», -նշում է կայքը:
Որպես օրինակ կայքն անդրադառնում է ադրբեջանական բանակի գեներալ Զաուր Գասըմ օղլու Աբդուլլաեւի գեներալի կոչմանը հասնելու ուղուն: Նա ներկայում զբաղեցնում է Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զինակոչի գծով պետական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
«Պաշտոնական տվյալներով` 2005 թվականին Զ.Աբդուլլաեւը պետական սահմանային ծառայության զորքերում ավագ լեյտենանտ էր: Յոթ տարի հետո նա գնդապետի կոչում է ստացել եւ նշանակվել Մոբիլիզացիայի եւ զինակոչի պետական ծառայության պետի տեղակալ: 2014 թվականին նշանակվել է պետի առաջին տեղակալ: 2015 թվականի փետրվարին էլ նրան գեներալ-մայորի կոչում է շնորհվել: Այսինքն` մոտ 10 տարվա ընթացքում Զաուր Աբդուլլաեւը ավագ լեյտենանտի աստիճանից կարողացել բարձրանալ գեներալ-մայորի աստիճան», -հայտնում է կայքը:
Այն պարզաբանում է, որ ներկայում գործող զինվորական կանոնադրության համաձայն` ավագ լեյտենանտից գնդապետի աստիճան բարձրանալու համար Զաուր Աբդուլլաեւին նվազագույնը 22 տարի էր պետք: Բայց ինչպես տեսնում ենք, նա ոչ միայն գնդապետի, նույնիսկ գեներալ-մայորի աստիճանի է հասել: Նորմալ դեպքում դրան հասնելու համար Զաուր Աբդուլլաեւը պետք է լուրջ հաջողություններ, ռազմական նվաճումներ, ծառայություններ եւ հերոսություններ կատարած լիներ:
«Հետաքրքիր է, տեսնես մեր հարգելի գեներալը մարտական շրջաններից հեռու սահմանային եւ մոբիլիզացիայի ծառայություններում ինչպիսի հերոսություններ է կատարել, որ նման ֆանտաստիկ հաջողության է հասել: Թե նրան եւս գեներալի կոչումը տրվել է որպես ծննդյան օրվա նվեր, ինչպես դա արվում է ինչ-որ մեկի փեսան, եղբայրը, եղբոր որդին կամ խնամին լինելու համար», -հարցնում է կայքը: