Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագրի քննությունը

Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթային քաղաքականության խստացման շուրջ դատական քննությունը՝ դրա վերաբերյալ նոր հրամանագիր ստորագրելու նրա պլանների կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Դատավոր Սիդնեյ Թոմասի որոշման մեջ ասված է, որ, այս կերպ, բավարարված է Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից ավելի վաղ տրված միջնորդությունը: «Միացյալ Նահանգները դատարանին հայտարարել է, որ նախագահը մտադիր է ստորագրել նոր կատարողական հրամանագիր, նրանք միջնորդություն են ներկայացրել, որ դատարանը «կասեցնի գործի քննությունը, քանի դեռ նախագահն այդ նոր հրամանագիրը չի ստորագրել»,- ասված է փաստաթղթում:

Ներգաղթային քաղաքականությունը խստացնող նոր հրամանագիր ստորագրելու Թրամփի պլանների մասին այս շաբաթ ավելի վաղ հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել է սույն հրամանագրի գործողությունը:

Տեսանյութեր

Լրահոս