Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի ընտանիքից ոչ ոք առայժմ չի պահանջել նրա մարմինը

Այս շաբաթ մահացած Կիմ Չեն Նամի ընտանիքի անդամներից ոչ ոք առայժմ Մալայզիայի ոստիկանությունից չի պահանջել նրա մարմինը: Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Մինչ այժմ զոհվածի ընտանիքից մարմինը հանձնելու ոչ մի պահանջ չի եղել»,- գործակալությունը մեջբերել է մալայզիական իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը: Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ն պաշտոնական պահանջ է ներկայացրել մարմինը հյուսիսկորեական կողմին փոխանցելու վերաբերյալ:

Նույն աղբյուրի տվյալներով՝ Մալայզիայի ոստիկանությունն ամեն դեպքում Կիմ Չեն Նամի ազգականներիրից ԴՆԹ-ի նմուշներ ստանալու կարիք ունի, նախքան մարմինը հանձնելը:

Ավելի վաղ Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին հայտարարել է, որ երկրի իշխանությունները փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի մարմինը կհանձնեն հյուսիսկորեական կողմին: «Մարմինը կհանձնվի ԿԺԴՀ-ի դեսպանությանը»,- նշել է Համիդին, ընդգծելով, որ մարմնի հանձնումը կիրականացվի այն բանից անմիջապես հետո, երբ կանցկացվեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը: Մալայզիայի փոխվարչապետը հայտնել է, որ Կիմ Չեն Նամի դիահերձումն արդեն կատարվել է, բայց մահվան ստույգ պատճառն «առայժմ պարզված չէ»:

«Չժունգո բաո» թերթը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ, հայտնել է, որ Կիմ Չեն Նամի հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել: «Հերձման ժամանակ վերցվել են բջիջներ թունավորության անալիզների անցկացման համար: Ամենայն հավանականությամբ, նման փորձաքննության անցկացումը կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա հավաստել է, որ իշխանությունները հակված են հաստատելու Կիմ Չեն Նամի թունավորման մասին սկզբնական վարկածը՝:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս